Քաղաքական

06.06.2011 16:54


ՀԱԿ անդամ. «Եթե Գալուստ Սահակյանն ուզում է տունտունիկ խաղալ, թող շարունակի խաղալ»

ՀԱԿ անդամ. «Եթե Գալուստ Սահակյանն ուզում է տունտունիկ խաղալ, թող շարունակի խաղալ»

Այսօր ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր՝ Հայ ազգային կոնգրեսի տնտեսական, սոցիալական, քաղաքական, աշխարհաքաղաքական կամ ցանկացած այլ ոլորտի բոլոր առաջարկները քանի հոգանոց խմբերով էլ ներկայացվեն, Հայաստանի համապատասխան պետական կառույցները, գերատեսչությունները պատրաստ են շահագրգիռ քննարկման և համատեղ լուծումների:

Այսօր հրավիրված ասուլիսում էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ բոլոր երեխաները մանկապարտեզի, դպրոցական տարիներից տունտունիկ են խաղում, նոր են ընտանիք կազմում, իսկ ՀԱԿ–ը հիմա դեռ տունտունիկ խաղալու վիճակում է։

Արտահերթ ընտրությունների շուրջ երկխոսելն այն խաղալիքն է, որը փորձում են հասարակությանը մատուցել, որպեսզի հասարակությունը ավելի ոգևորված լինի դեպի ՀԱԿ միավորումը։ Արտահերթ ընտրությունների մասին խոսելն այսօր ծիծաղելի է,–ասել էր Գալուստ Սահակյանը,–պաշտոնապես ասում եմ՝ ՀՀԿ–ն իր օրակարգում քննարկման չունի պատվիրակություն ստեղծելու հարցը, առավել ևս՝ նույնիսկ քննարկելի չէ մեզ համար։ Ուզում են՝ թող տնով–տեղով գան, ուզում են խոսել՝ մենք պատրաստ ենք. պետք է կարողանանք օրը, ժամը, տեղը որոշել։

Ի պատասխան՝ ՀԱԿ անդամ, Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «7օր»–ի հետ զրույցում ասել է.

–Եթե Գալուստ Սահակյանն ուզում է տունտունիկ խաղալ, թող շարունակի խաղալ։ Բայց մենք հստակ մեր պահանջները դրել ենք, և առաջարկությունները եղել են։ Պատասխանը մենք ակնկալում ենք անձամբ Սերժ Սարգսյանից։ Կանեն՝ լավ, չե՞ն ուզի՝ ավելի լավ։

Այսօրվա ասուլիսում ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծել էր նաև, որ եթե ՀԱԿ անդամները ցանկանում են արտահերթ ընտրությունների վերաբերյալ անձամբ Սերժ Սարգսյանի պատասխանն իմանալ, ապա թող դիմեն նրան, հանդիպեն միմյանց ու այդ ժամանակ կստանան Սերժ Սարգսյանի պատասխանը։

«Պատրաստվո՞ւմ է ՀԱԿ–ը դիմել Սերժ Սարգսյանին հանդիպման խնդրանքով»,–Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվել է «7օր»–ի թղթակիցը։

–ՀԱԿ–ը ոչ մեկին ոչինչ ոչ խնդրել է, որևէ մեկի մոտ խնդրողի դերում հանդես չի եկել և չի էլ գա։ ՀԱԿ–ը լուրջ քաղաքական գործընթացներ է առաջադրում։ Ոչ մեկին չենք խնդրել, չենք էլ պատրաստվում խնդրել, մանավանդ Սերժ Սարգսյանին,–պատասխանել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը