Մեկնաբանություն

07.06.2012 14:19


Կմոռանան նաեւ Չինարիի մասին

Կմոռանան նաեւ Չինարիի մասին

Չինարի գյուղի մատույցներում տեղի ունեցած զինված միջադեպից հետո, կարծես թե, հանրությունը հիշեց, որ մենք ունենք բնակավայրեր, որտեղ ապրում են մարդիկ, որոնք իսկական հերոսներ են, քանի որ ապրելով այդ գյուղերում, իրենք պաշտպանում են մեր սահմանը: Թերթերը գրեցին Չինարիի դեպքերի մասին, ռադիոյով խոսեցին զինված միջադեպի մասին, սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ եղան, որոնք շարունակվում են մինչ օրս, բայց իրականում այսօր գոյություն ունի երկու տարբեր Հայաստան: Երեւանում, Հրազդանում, Գյումրիում եւ հայ-ադրբեջանական շփման գծից հեռու գտնվող բնակավայրերում այլ կյանք է, իսկ սահմանային բնակավայրերում` այլ:

Իսկ ո՞վ է հիշում այդ գյուղերի մասին: Չինարիի մասին մենք, այդ թվում եւ կառավարությունը պետք է հիշեր մինչեւ այս դեպքերը: Մենք պետք է մշտապես հիշեինք, որ այս գյուղը ամենախոցելիներից մեկն է եւ այնտեղ ապրողներն էլ իսկական հերոսներ են: Իսկ ի՞նչ արտոնություններ ունեն Չինարիի բնակիչները: Իսկ ի՞նչ է արել կառավարությունը մինչ օրս Չինարիի համար: Մի փորձեք փնտրել եւ գտնել այս հարցի պատասխանը, քանի որ այս հարցը պատասխան չունի կամ ունի մեկ պատասխան` ոչինչ:

Չինարիից հետո ադրբեջանցիները սկսեցին ակտիվորեն ռմբակոծել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար եւ Մովսես գյուղերը: Նրանք, ովքեր երբեք սահմանին մոտ չեն եղել, ովքեր չեն եղել սահմանային բնակավայրում կամ չեն լսել կրակոցների ձայնը, հաստատ երբ լսում են հերթական գնդակոծության մասին, կռիվ-կռիվ կինո են պատկերացնում: Այդ պահին մի փոքր վախ են ապրում, լավագույն դեպքում փորձում մանրամասներ ճշտել այդ գյուղերի մասին, սոցցանցերում հայրենասիրական ստատուսներ են գրում, իսկ հետո մոռանում են այդ գյուղերի եւ այնտեղ բնակվողների մասին:

Թշնամին օրերս փորձեց դիվերսիոն գործողություն իրականացնել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մոտ: Լուրերով հնչեց այս գյուղի անունը: Կրկին սոցցանցերում հնչեցին կարծիքներ, որ պետք է ոչնչացնել ադրբեջանական բոլոր բնակավայրերը եւ հետո սահուն անցում կատարվեց այլ թեմաներին:

Մեծ է հավանականությունը, որ շատ շուտով կրկին հարաբերական անդորր կլինի եւ կրկին բոլորը կմոռանան Ոսկեպարի, Չինարիի, Մովսեսի, Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի եւ սահմանային մյուս բոլոր բնակավայրերի մասին: Եթե այսօր մոռացել ենք Դովեղի մասին, ապա կմոռանանք նաեւ այս գյուղերի մասին: Ընդամենը երկու ամիս առաջ ադրբեջանցիները մի քանի ժամ շարունակ գնդակոծում էին Տավուշի մարզի Դովեղ գյուղը` այդ թվում մանկապարտեզի շենքը: Մի քանի օր թերթերը գրեցին դեպքի մասին, լրատվամիջոցներն անդրադարձան միջադեպին, ինտերնետային հայրենասերները մի քանիսը հրաշալի ստատուսներ գրեցին եւ վերջ:

Մոռացվեցին Դովեղն ու դովեղցին: Նույնը կլինի նաեւ մյուս գյուղերի դեպքում: Քանի՞ պաշտոնյա գնացին Դովեղ, ինչ արեցին դովեղցիների համար, ինչ որոշումներ կայացվեցին, որ Դովեղը հզորանա: Քանի պաշտոնյա, կառավարության քանի ներկայացուցիչ այս օրերին եղան Չինարիում կամ Այգեպարում: Ինչպե՞ս գնան, չէ՞ որ այնտեղ կրակում են, բո որ հանկարծ…

Կառավարության համար սահմանային բնակավայրերը, այնտեղ ապրող մարդիկ արժեք չեն ներկայացնում, քանի որ նրանք բազմամարդ չեն եւ ընտրությունների ժամանակ որեւէ դեր չեն կարողանում խաղալ:

Ի՞նչ սպասել կառավարությունից, երբ Սերժ Սարգսյանն ընտրություններից առաջ հանդիպելով, այսպես կոչված, մտավորականների հետ  կարծիք հայտնեց, որ լավ կլինի, եթե լեռնային կամ սահմանային գյուղերի բնակիչները տեղափոխվեն ավելի մեծ բնակչություն ունեցող գյուղեր և սարից իջնեն հարթավայր:

Սա՛ է իրականությունը: Իրականություն է նաեւ այն, որ մենք այստեղ հանգիստ նստում ենք, աշխատում ենք շնորհիվ սահմանային գյուղերի հերոս բնակիչների ու նաեւ այն տղաների, որ կանգնած են սահմանին, իսկ ավելի ճիշտ` ռազմաճակատի գծում:

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը