Մեկնաբանություն

08.06.2012 15:35


«Նախաձեռնողականության» գինը

«Նախաձեռնողականության» գինը

Երբ «ֆուտբոլային» դիվանագիտությունը արդարացի դժգոհություն առաջացրեց Հայաստանի ներսում և սփյուռքահայության մոտ, Սերժ Սարգսյանը Մարզահամերգային համալիրում հավաքեց իրեն կից գործող Հանրային խորհրդի անդամներին ու հայտարարեց, թե հայ–թուրքական հարաբերությունների հաստատումը գին ունի, և ինքը պատրաստ է վճարել այդ գինը։

Դժվար է ասել, թե ինչ նկատի ուներ նախագահը «գին» ասելով, բայց զարգացումները ցույց տվեցին, որ Անկարայի հետ սիլի–բիլի անելու դիմաց պաշտոնական Երևանը համաձայնեց Հայոց ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծել (փաստացի՝ առևտրի առարկա դարձնել Մեծ եղեռնը), ինչպես նաև դրական համարեց Ղարաբաղի հարցում օժանդակություն ցուցաբերելու Թուրքիայի պատրաստակամությունը։

Կարծում եմ հիմա որևէ մեկը չի կարող չընդունել, որ Հայաստանը «ֆուտբոլով» ոչ մի հարց չլուծեց, բայց փոխարենը թուրքերը կարողացան միջազգային մակարդակով սառեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանչաման գործընթացը և մխրճվեցին ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման մեջ, իսկ Ադրբեջանը, օգտվելով Սերժ Սարգսյանի «խաղաղասիրությունից», կոշտացրեց իր պահանջներն ու առավել լկտի դարձավ շփման գծում (վերջին օրերի դեպքերը ասվածի հերթական ապացույցներից են)։

Այսպիսով՝ «նախաձեռնողական» որակված արտաքին քաղաքականությունը հանգեցրեց պատերազմի վերսկման անցանկալի սցենարին։ Ահա այն գինը, որը վճարեցինք մենք Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու դիմաց։ Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ երկրի ներսում էլ ՀՀԿ ղեկավարը ոչ պակաս «նախաձեռնողականություն»  ցուցաբերեց, ապա պատկերն ամբողջական կդառնա։ Ներքին «նախաձեռնողականության» դրսևորումներից են տնտեսության գերկենտրոնացման միտումներն ու Տիգրան Սարգսյանի տխրահռչակ «բարեշրջումները», իսկ այդ ամենի հետևանքներից են արտագաղթը, տնտեսական անկումը և այլ բացասական երևույթները։

Իսկ ի՞նչ է պետք անել այս վիճակը շտկելու համար։ Ամեն ինչ շատ պարզ է ու միաժամանակ բարդ։ ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականությունը դրականորեն փոխելու համար անհրաժեշտ է իրական նախաձեռնողականություն ցուցաբերել և հրաժեշտ տալ «միջազգային կենտրոնների» մեծ սիրահարներին։ Ադրբեջանի ու Թուրքիայի ախորժակը զսպելու, ՀՀ–ն անվտանգ պահելու և մարդկանց համար բարեկեցիկ կյանք ապահովելու միակ տարբերակը ներքին արմատական փոփոխություններն են,  որոնց իրագործումն օրվա հրամայականն է։

Գալիք նախագահական ընտրություններում պետք է ամեն ինչ անել, որպեսզի «պատերազմի» կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր տեղը զիջի «խաղաղության» կուսակցությանը։ Այլ տարբերակ չունենք։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը