Հարցազրույց

17.07.2012 11:58


Մովսես Շահվերդյան.

Մովսես Շահվերդյան.

Հարցազրույց  Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանի հետ

–Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ ստեղծված ներքաղաքական իրավիճակը։

Բավականին բարդ իրավիճակ է, բայց նաև պետք է հաշվի առնել, որ այս նախագահական ընտրություններն ամենակարևոր ընտրություններն են այս 20 տարվա ընթացքում։ Պետք է ճիշտ թեկնածուներ առաջադրվեն, և հասարակությունը ճիշտ կողմնորոշվի ընտրությունների ժամանակ։

–Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում նախագահական ընտրություններն իրենց սրությամբ էապես տարբերվում են խորհրդարանական ընտրություններից։ Եթե առաջիկա նախագահական ընտրությունները չարտացոլեն իրականությունը և ժողովրդի իրական կամքը, ապա, ըստ Ձեզ, ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

–Ամեն ինչ կախված է նրանից, թե ովքեր կլինեն թեկնածուները։ Իհարկե, հաշվի առնելով երկրի կառավարման համակարգը՝ նախագահական ընտրություններն ավելի կարևոր են, քան խորհրդարանականը։

Այսինքն՝ բախումները, մեծ հաշվով, չեք բացառո՞ւմ։

–Եթե ուժեղ թեկնածու լինի, իհարկե, չի բացառվում։ Բայց եթե թույլ թեկնածու լինի... դժվար է կանխատեսել։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը մարտի 1 է տեսել, եթե այնուամենայնիվ ընտրությունները կեղծվեն, և ժողովրդական ընդվզումներ սկսվեն, արդյոք այդ հուզումները ճնշելու համար իշխանությունները նորից կդիմե՞ն կոշտ միջոցների։

–Իշխանություններն ընդունակ են նման քայլերի, բայց խնդիրն այն է, թե ինչպես իրենց կպահեն մրցակիցները։ Խնդիրը այստեղ ոչ թե իշխանություններն են, այլ մրցակիցները։

–Այսինքն՝ նման բան ակնկալելի՞ է այս իշխանությունների կողմից։

–Իշխանությունները միշտ էլ գնացել են նման քայլերի՝ օգտագործելով բոլոր պետական լծակները։ Բայց կրկնում եմ՝ այստեղ ամենակարևորը պետք է հաշվի առնել իշխանության մրցակիցների պահվածքը։

–Ընտրություններին թեկնածուների առաջդրման փուլը դեռ չի սկսվել, սակայն արդեն շատ «փորձագետներ», վերլուծաբաններ  և նույնիսկ քաղաքական գործիչներ սկսել են  «քարկոծել» հավանական թեկնածուներին, ովքեր կարող են այլընտրանք ներկայացնել գործող իշխանություններին։ Ի՞նչ որակում կամ գնահատական կտաք նման քայլերին։

Դրանք սովորական քաղաքական հնարքներ են։ Բայց այստեղ ամեն ինչ կախված է լինելու թեկնածուներից։ Կարծում եմ, որ ուղղակի քաղաքական անհրաժեշտություն է ստեղծված իրավիճակում ունենալ ուժեղ այլընտրանքային թեկնածու։

Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը

Այս խորագրի վերջին նյութերը