Հարցազրույց

24.07.2012 15:51


Լևոն Բարսեղյան.

Լևոն Բարսեղյան.

Հարցազրույց  Գյումրու «Ասպարեզ» մամլո ակումբի նախագահ  Լևոն Բարսեղյանի հետ

–Մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ Գյումրիում,  քաղաքապետի առաջիկա ընտրությունների հետ կապված, մթնոլորտը շիկացած է։ Նույնիսկ նշվում է, թե քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամներից ոմանք մարդկանց սպառնում են, հայհոյում  և այլն։ Արդյոք այս ամենը համապատասխանո՞ւմ է իրականությանը, մթնոլորտն ինչպիսի՞ն է քաղաքում։  

–Որոշակի լարվածություն, իհարկե, կա, բայց դատելով ինտերնետում և սոցիալական կայքերում եղած արձագանքներից՝ պատկերը Երևանում բավական աղճատված է երևում։ Երևի կան որոշ մարդիկ, ում համար դա ձեռնտու է։ Բնականաբար, լարվածություն կա, և ոչ ոք դա չի կարող ժխտել։ Անգամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նման սրացումներ դիտվում էին, ինչպես և, երևի թե, ցանկացած ուրիշ տեղ, որտեղ ընտրություններ են մոտենում։ Բայց ինչ–որ ահասարսուռ իրավիճակ Գյումրիում ես չեմ նկատում։

Գյումրեցիների վերաբերմունքը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ինչ–որ կերպ անձնավորվա՞ծ է։

–Վարդան Ղուկասյանի պարագայում հարցն անպայման շաղկապված է քաղաքապետի անձի հետ։ Որովհետև նա արդեն 14 տարի է՝ քաղաքապետ է, և քաղաքային կառավարումը ուղղակիորեն կապված է նրա հետ։ 6000 ընտանիքից ավելին շարունակում է մնալ անօթևան, բյուջեի ծախսերը որոշ դեպքերում արդարացված չեն, աղքատության ցուցանիշը պաշտոնապես կազմում է 47 տոկոս։ Իհարկե, հասկանում ենք, որ սա միայն Վարդան Ղուկասյանի գործոնով չի պայմանավորված, սա համահայաստանյան խնդիր է։ Ես երբեմն համեմատում եմ Չեռնոբիլի աղետի հետ. աղետից հետո այդ տարածքում կեռասն աճում էր խնձորի չափ, խնձորը ձմերուկի չափ, և Հայաստանում ես տարբեր իշխանավորների համեմատում եմ այդ «հայաստանյան Չեռնոբիլի» արդյունքների հետ՝ քաղաքապետի աշխատակազմով, նախարարներ, պատգամավորներ, նախագահ՝ այդ ամբողջը մեր «Չեռնոբիլի» արդյունքներն են։ Համաձայն չեմ այն մեկնաբանությունների հետ, երբ քաղաքապետը նույնացվում է բոլոր գյումրեցիների հետ։ Դա այդպես չէ։ Ով շատ իշխանություն ունի, ավելի շատ է քննադատվում։

Կարելի՞ է եզրակացնել, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետությանը գյումրեցու ասած «ոչը»  նույն «ոչն» է նաև Սերժ Սարգսյանի նախագահությանը։

Եթե պետական իշխանությունը մտածում է, որ ԲՀԿ–ական թեկնածուին սատարելով՝ կշահի այն քվեներից, որոնք ԲՀԿ–ն ստացել է Գյումրիում խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ապա «Բաղրամյան 26»-ը սխալվում է։ Հաստատ այդպես չի լինելու, մանավանդ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ–ի այստեղ կրած խայտառակ պարտությունից հետո։

Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ, ըստ երևույթին, իշխանությունները և Սերժ Սարգսյանը որոշեցին չառաջադրել Ղուկասյանի թեկնածությունը, որովհետև խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ–ն հաղթել էր, և հիմա էլ ակնհայտ է, որ նրա թեկնածուն է հաղթելու։

Այո։ Գուցե պետական իշխանությունը մտածում է այդ քայլով շահել ԲՀԿ–ի համակիրների քվեները։ Բայց քաղաքացիական հասարակությունը իր խոսքն այստեղ ունի, ասելու է և ասել է։ Մենք էլ պարբերաբար հիշեցնում ենք, որ, օրինակ, չի կարելի է Մինասի նկարները փախցնել–տանել Երևան՝ անունը դնել «մշակութային համակենտրոնացում»։ Մենք հիշեցնում և կոչ ենք անում, որ այս իշխանությունը չի կարող մեզ բարեկեցություն ապահովել։

–Գյումրեցիների շրջանում նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքականության և անձի նկատմամբ հավաքական վերաբերմունք ձևավորվե՞լ է։  

–Չեմ կարծում, որ ձևավորվել է, չունեմ նման տպավորություն։ Բայց որ իշխանությունները անընդհատ փորձում են մարզերում բնակարանաշինության ֆոնին դրական կարծիք ձևավորել Սերժ Սարգսյանի օգտին, դա կա, բայց լավ չի հաջողվում։ Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը մաքուր քվեարկությամբ այստեղ կարող է հավակնել, երևի թե, 50 հազ. ակտիվ ընտրողից մոտ 10 հազ. քվեի, թեև սա իմ կարծիքն է, հետազոտություններ չեմ արել։

Փորձ է արվում Վարդան Ղուկասյանի թեկնածություն չառաջադրելը  ներկայացնել, իբր նախագահ Սերժ Սարգսյանն ուզում է, այսպես ասած, նման դեմքերից ազատվել։ Սակայն որքանո՞վ է սա իրական ու անկեղծ, եթե հաշվի առնենք այն հանագամանքը, որ դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նախագհն անձամբ էր քարոզում քվեարկել Ռուբեն Հայրապետյանի, Մհեր Սեդրակյանի և այլ «մականունավոր» քաղաքական գործիչների օգտին։

Եթե Սերժ Սարգսյանը սրտանց ուզում է, որ քաղաքն ազատվի Վարդան Ղուկասյանից, ուրիշ քաղաքներ ազատվեն նման «հերոսներից», ինքը հինգ րոպեում կարող է այդ գործը կարգավորել։ Ավտորիտար ռեժիմներում շատ հեշտ է գերագույն ղեկավարի համար, օրինակ, զանգել, ասել՝ ապե՛ր, մի՛ դիր թեկնածությունդ։ Բայց եթե Ղուկասյանը հիմա դնի իր թեկնածությունը, ուրեմն նախագահական պալատը սիրում է գլադիատորական մարտեր վարել, իրենց պետք է, որ իրար հետ բախվեն, այդպես հեշտ կլինի իշխել տարածքին։

Ինչպես ասում են՝ «բաժանիր և իշխիր»...

–Այո, մոտավորապես այդպես։ Հիմա մեր շարժումը, որը կոչվում է «Քաղաքը մերն է», նպատակ ունի ուժեղ ավագանի ձևավորել, որովհետև անկախ նրանից, թե ինչ քաղաքապետ կլինի, ավագանին օրենքով ավելի բարձր է, քան քաղաքապետը, ինչը, սակայն, Հայաստանում, որպես կանոն, չի գործում։ Մենք այս համակարգի վրա ենք աշխատելու, ու ավելի քան համոզված եմ, որ հաջողվելու է մեզ դա անել։ Մեր մոտեցումը սա է, մեր բանալին սա է։

Վարդան Ղուկասյանը շատ դեպքերում հայտարարել է, որ ինքը Սերժ Սարգսյանի ընկերն է։ Եթե նրա թեկնածությունը չառաջադրելը նախագահի կամոք եղած լինի, ապա, ըստ Ձեզ, նա կշարունակի՞ հայտարարել, որ նախագահի հետ ընկերներ են, թե՞ կնեղանա։

–Ես մի քանի գնահատական  տամ Վարդան Ղուկասյանի վարքաբանությանը։ Ինքը բավականին հնարամիտ, խորամանկ և ճկուն մարդ է։ Երբ որ նա զգում է, որ իր հարաբերությունները «վերևների» հետ լավ են, ինքը երբեմն լեզվին անհրաժեշտից ավելի ազատություն է տալիս։ Օրինակ, դա դրսևորվեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ հայտարարեց՝ ես եմ ասյտեղ մարդկանց դեպուտատ սարքում, և այդպիսի բաներ։ Նույնը վերաբերվում է Սերժ Սարգսյանի հետ մոտ լինելու նրա ռեպլիկներին։ Սակայն հիմա այդ հռետորաբանությունը կտրուկ նվազել է։ ՀՀԿ մարզային խորհրդի իր պաշտոնից հրաժարականից կամ «հրաժարեցումից» հետո  լրագրողներին տված նրա պատասխանները խոսում են այն մասին, որ նա հիմա ահագին նյարդային վիճակում է։

Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը    

Այս խորագրի վերջին նյութերը