Մեկնաբանություն

09.08.2012 22:40


Ափսոս էր Յուրին

Ափսոս էր Յուրին

Սերժ Սարգսյանը մի վատ հատկանիշ ունի. պատկերավոր ասած՝ նա ինչին ձեռք է տալիս, փչացնում է բառիս բուն և փոխաբերական իմաստով։ Արթուր Բաղդասարյանն ու Արտաշես Գեղամյանը ձեզ օրինակ։ Հիմա շատերը կարող են ասել, թե թող «չփչանային», կամ էլ պնդել, թե նշյալ գործիչներն «էն գլխից» էին «փչացած», բայց դա այլ խոսակցության թեմա է։

Հետաքրքիրն այն է, որ ուրիշների վիճակը տեսնելուց հետո էլ Սերժի յուրաքանչյուր նոր հաճախորդի թվում է, թե ինքը կարող է «պլստալ» և չարժանանալ ախքադհոլային ճակատագրի, բայց ստացվում է ինչպես միշտ։

Սերժ Սարգսյանը «հրեց» և «պոկեց» օլիմպիական չեմպիոնին

Լոնդոնում տեղի ունեցող Օլիմպիական խաղերի ընթացքում Սերժ Սարգսյանի հերթական զոհը դարձավ լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը։ Նա, իհարկե, համաձայնելով աշխատել 10 զոհերի գնով նախագահ դարձած մարդու խորհրդական՝ շատ ավելի շուտ էր «խուրդվել», բայց սուս էր մնում, և շատերը մոռացել էին նրա երբեմնի թունդ ընդդիմադիրության ու այժմյան թունդ իշխանամետության մասին (ի դեպ, Յուրին իշխանամետ դարձավ այն դեպքում, երբ նրա ընդդիմություն եղած շրջանի համամատ Հայաստանի վիճակն այժմ անհամեմատ վատ է)։

Վարդանյանը, թերևս, սուս կմնար երկար ժամանակ, բայց Օլիմպիական խաղերը բացեցին նրա լեզուն։ Հերիք էր, որ մեր ծանրորդներից Առաքել Միրզոյանը և էլի մեկ–երկուսը վատ մրցելույթ ունենային, Յուրի Վարդանյանն անմիջապես նետվեց մարտի։ Առիթ էր ստեղծվել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ հանդես գալու և այդպիսով Սերժ Սարգսյանին ինչ–ինչ ծառայություններ մատուցելու։ Իսկ ավելի ճիշտ, հաշվի առնելով Սերժ Սարգսյանի տեսակը (նա սարսափում է սեփական «ես»–ը ունեցող մարդկանց հետո շփվելուց և գերադասում է պահել ինքնուրույնությունից զուրկ ենթականեր)՝ կարող ենք ենթադրել, որ ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանն առնվազն Սերժի գիտությամբ, իսկ որ ավելի հավանական է՝ Սերժի հրահանգով էր «մարզական» ուղղվածության հարցազրույցներ տալիս իշխանամետ լրատվամիջոցներին։

Դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ Յուրիի հարցազրույցը, ոչ այնքան նախկին մարզիկի, որքան Բաղրամյան 26–ում ներկա չինովնիկի խոսք էր։

Ճիշտ է, ոմանք պնդում էին, թե պետք չէ քաղաքականացնել Վարդանյանի ասածները, և հարկավոր է լսել աշխարհի բազմակի ռեկորդակիր մարդու խորհուրդները, բայց ակնհայտ է, որ նրա հարցազրույցն ավելի շատ ներքաղաքական ֆունկցիա էր կատարում և լրիվ այլ նպատակ էր հետապնդում։

Եթե Վարդանյանն այդքան շատ էր մտահոգված ու սխալ էր համարում, օրինակ, ծանրորդ Առաքել Միրզոյանի քաշ գցելը կամ առանձին պարապելը, ապա այդ մասին պետք է խոսեր Օլիմպիական խաղերի մեկնարկից ամիսներ կամ գոնե շաբաթներ առաջ և հրապարակավ զգուշացներ, որ իր խորհուրդները չլսելու դեպքում վատ արդյունք է սպասվում։ Այ, դա արդեն կլիներ ոչ թե քաղաքականացված, այլ ճիշտ պահին հնչեցված պրոֆեսիոնալի խոսք։ Առաքելի վատ ելույթից հետո բոլորս հղում կանեինք Յուրիի ասածներին ու համապատասխան գնահատականներ կհնչեցնեինք։ Թե չէ՝ ձայն չհանել, սպասել անհաջողության ու միայն իշխանական հրահանգով դառնալ «սրտացավ պրոֆեսիանոլ»՝ գեղամյանության պես մի բան է։

Ուշագրավն այն է, որ Վարդանյանը պրոֆեսիոնալի դիրքերից չվերլուծեց իր որդու անհաջող մրցելույթը, ինչպես նաև չշնորհավորեց մեդալներ վաստակած մեր ծանրորդուհուն և ըմբիշներին։ Դա էլ է հասկանալի։ Յուրիին խորհրդական չեն նշանակել նման բաների համար։ Նրան ինչ ասում են, այն էլ անում է։ Ես սա ցավով եմ նշում, քանզի սրանք գրեթե մարդ չթողեցին. ում կարողացան՝ կա՛մ գնեցին, կա՛մ շանտաժի ենթարկեցին, կա՛մ խաբեցին, կա՛մ գայթակղեցին պաշտոնով, կա՛մ դարձրին նեոգեղամյան։

Ամփոփելով Սերժ Սարգսյանի ոչ օլիմպիական պահվածքի մասին դիտարկումները՝ պետք է արձանագրել, որ նա, մարզական լեզվով ասած, «ֆալշստարտ» տվեց ու ժամանակից շուտ օգտագործեց իր խորհրդականին։ Սերժը երևի մտածում էր, որ վերջ, այլևս մեդալ չի լինի, ու պահն է քարոզչամեքենան «խոդ» տալու և էժանագին թամաշա սարքելու, բայց դե ...

Մերոնք, փառք Աստծո, մեդալներ բերեցին, և Բաղրամյան 26–ից տարածվող չարության ու մաղձի դոզան քչացավ, բայց նստվածքը մնաց։ Արանքում «փչացավ» լեգենդար ծանրորդը։ Ափսոս էր Յուրին։ 

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը