Մեկնաբանություն

05.09.2012 00:00


Սերժը նախաձեռնում է, իսկ Իլհամը՝ շտկում. բա հետո՞

Սերժը նախաձեռնում է, իսկ Իլհամը՝ շտկում. բա հետո՞

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով և ազգային հերոս հռչակելով՝ մեր հարևան երկրի ղեկավարությունը հերթական անգամ հանդես եկավ իր, այսպես ասած, հայամետ դիրքորոշմամբ և սրբագրեց Հայաստանի իշխանության պարտությունը հունգարական «ճակատում»։

Դատե՛ք ինքներդ. պարզապես երդվյալ ադրբեջանատյաց պետք էր լինել՝ քնած մարդուն կացնահարած քստմնելի արարք կատարողին ազգային հերոս հռչակելու համար։ Այդ քայլով Իլհամը, բառիս մետաֆիզիկական ու քաղաքական իմաստներով, սարսափելի հարված հասցրեց իր կողմից ղեկավարվող ժողովրդին ու պետությանը։

Սաֆարովին հերոսացնելով՝ Ադրբեջանի նախագահը, փաստորեն, օգուտ տվեց Հայաստանին ու ահագին շտկեց սերժսարգսյանական իշխանության անգործության հետևանքները։ ՀՀ «նախաձեռնող» նախագահն այդպիսով հնարավորություն ստացավ «հայրենասիրություն» խաղալու, և եթե մի քիչ շեղվի ներքաղաքական խարդավանքներից, ապա կարող է Հայաստանի համար ահագին դիվիդենտներ ապահովել արտաքին քաղաքական ոլորտում, բայց դատելով ամենից՝ Սերժի ու իր թիմի ուշքն ու միտքը «մուտիլովկաներն» են և վերարտադրվելու «իդեա–ֆիքսը», իսկ մնացած հարցերը, այդ թվում՝ Գուրգեն Մարգարյանի սպանությանը հաջորդած զարգացումները, իշխանությանը հետաքրքրում են այնքանով, որքանով դրանք կարող են նպաստել նշյալ «իդեա–ֆիքսի» իրագործմանը։ Ինչևէ։

Հարկ է նկատել, որ Իլհամ Ալիևն առաջին անգամը չէ, որ ակամայից ու սեփական էշության հետևանքով օգուտ է տալիս Հայաստանին։ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» դառնալու սկզբնական փուլից ի վեր Իլհամը զբաղված է այդ գործով։

Ինչպես հայտնի է, «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում Սերժ Սարգսյանը ոգևորված հարցազրույցներ էր տալիս աջ ու ձախ և ցանկանում ընդգծել իր «խաղաղության աղավնի» լինելը։ Աշխարհի հզորները «դուխ» էին տալիս հայկական Գորբաչովին ու քաջալերում նրա «պերեստրոյկան»։ Թե ինչ ստացվեց այդ ամենից, բոլորին է հայտնի։ Միայն հիշեցնեմ, որ Սերժն այնքան հեռու գնաց իր գորբաչովության մեջ, որ հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է հանձնել Ղարաբաղի ազատագրված տարածքները՝ նախկին ԼՂԻՄ տարածքի սահմաններում ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության դիմաց։ Դա, անշու՛շտ, կոպտագույն սխալ էր, քանզի եթե Սերժ Սարգսյանի առաջարկ–հայտարարությանը թուրքերն ու ադրբեջանցիներն ընդառաջ գնային, ապա ոչ միայն ազատագրված տարածքները մենք կկորցնեինք, այլև նախկին ԼՂԻՄ–ի տարածքն ու ի վերջո՝ ողջ Հայաստանը։ Սակայն այստեղ էլ մեզ փրկեց Իլհամ Ալիևի ագահությունն ու էշությունը. Կազանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա Սերժից պահանջեց ավելին, այնինչ վերջինս, լավ չպատկերացնելով իր քայլերի հետևանքները, փաստացի տվել էր Ադրբեջանի ուզածը։ Միայն Ալիևի և Էրդողանի անիմաստ մաքսիմալիզմը հնարավորություն չտվեց նրանց հասնել առավելագույնին։ Արդյունքում՝ «ֆուտբոլային» խայտառակությունը սառեցվեց, և Հայաստանը շանս ստացավ հետ պտտեցնելու տխրահռչակ «նախաձեռնողականության» հետևանքները։

Իհարկե, ցավալի է, որ պետությանդ անվտանգության խնդրի լուծմանն ավելի շատ նպաստում է թշնամի պետության հիմար ղեկավարը։ Ինչքա՞ն կարելի է հույս դնել Իլհամի դեբիլության վրա։ Չէ՞ որ ՀՀ սահմանադրության մեջ գրված չէ, որ մեր անվտանգության ապահովման թիվ մեկ պատասխանատուն Ադրբեջանի նախագահն է, ով իր ապուշություններով շտկում է Հայաստանի ներսում թույլ տված սխալները։ Բա որ հանկարծ մի օր Իլհամի մոտ մտքի պայծառացում լինի, այդ դեպքում ի՞նչ ենք անելու։

Այս միտքը շատ է ասվել, բայց կրկնելն իմաստ ունի. Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը ազգային անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրներից է։ Դա իհարկե անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ է, որը պետք է անի մեր ժողովուրդը, սակայն ամեն դեպքում՝ Սերժի հեռացումը կարևորագույն նախապայման է Հայաստանի «նախաձեռնողական» բնույթի պարտությունները գոնե կանգնեցնելու համար։ Դրան պետք է արդեն հաջորդեն ազգային–դեմոկրատական փոփոխությունները, որոնք ազգային առաջադիմության ապահովման ամենաարդյունավետ մոտեցումներն են։

Կարեն Հակոբջանյան 

Այս խորագրի վերջին նյութերը