Մեկնաբանություն

19.09.2012 16:11


Արտակարգ և վիրտուալ խորհրդակցություն «Նախագահականում»

Արտակարգ և վիրտուալ խորհրդակցություն «Նախագահականում»

Երեկ մեր թղթակիցը հետևել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Նախագահական» անունը կրող խմբում տեղի ունեցող վիրտուալ խորհրդակցությանը։ Ստորև ձեզ ենք ներկայացնում որոշ հատվածներ այդ արտակարգ խորհրդակցությունից։

Ս. Ս. – Բարև ձեզ, տղե՛րք։ Միանգամից ասեմ, որ ես շատ դժգոհ եմ։ Հատկապես Տիգրանից եմ դժգոհ։

ՏԻԳՐԱՆ – Շե՛ֆ, ախպոր պես՝ թարգի, մանավանդ՝ կամերաներ չկան, ու էս ամեն ինչը ցույց չի տրվելու տելեվիզրով։

Ս. Ս. – Ո՞նց թե ցույց չի տրվելու։ Միշի՛կ, էս ի՞նչ հաշիվ ա։

ՄԻՇԻԿ – Ս. Ս. ջան, դու շարունակի, ես տնավարի ամեն ինչ կմոնտաժեմ ու ցույց կտամ։ Ամեն ինչ կարգին ա, պռոստո էս անգամ թաքնված տեսախցիկներով ենք նկարահանում։ Դու մի հատ ձեռքով արա հեռուստադիտողին ու շարունակի։

Ս. Ս. – Դե որ տենց ա, եկեք թազուց սկսենք, թե չէ տեմպից ընկա։ Բարև ձեզ, տղե՛րք։ Միանգամից ասեմ, որ ես շատ դժգոհ եմ։ Հատկապես Տիգրանից եմ դժգոհ։

ՏԻԳՐԱՆ – Ո՞ր մոմենտով։

Ս. Ս. – Ատկատների մոմենտով։ Էս 4 տարի ա քեզ ասում եմ՝ կանոնակարգի էդ ատկատները, որպեսզի մարդիկ իմանան, թե որ գործի համար ինչքան ա ատկատը, և մեկ պատուհանի սկզբունքով աշխատենք, իսկ դու մատդ մատիդ չես տալիս։ Ով ասես՝ ատկատից ուտում ա, բա տենց ո՞նց կլինի։ Կամ ի՞նչ ա նշանակում՝ սալյարկան մենակ «Փլեշ» ընկերությունից վերցնել, բա մենք ուրիշ ֆիրմա չունե՞նք։

ՏԻԳՐԱՆ – Շե՛ֆ ջան, ուրիշ ֆիրմա ունենք, բայց «Փլեշն» ա մեր ախպերը, բա ումի՞ց վերցնենք։

Ս. Ս. – Ա՛յ տղա, դե ասում եմ, հո չե՞մ պեչատում։ Ամեն ինչ լուրջ ես ընդունում։ Էս 4 տարի ա՝ նույնն եմ անում, բայց դու էլի ախմախ–ախմախ հարցեր ես տալիս։

ՄԻՇԻԿ – Շե՛ֆ, էս վերջին նախադասությունը մի քիչ «քաղաքացիական» չստացվեց, հանելու եմ։

Ս. Ս. – Ոնց ուզում ես, նենց էլ արա, բայց նենց չլինի, որ էն թերթերի ու սայթերի պատմությունը դառնա։ Մենք 700 միլիոն փող ենք տալիս դրանց, բայց էլի ինձ են քլնգում։

ՄԻՇԻԿ– Ս. Ս. ջան, տենց ա պետք անել, որպեսզի կարողանանք մեր թշնամիների դեմ թխվող «մուտիլովկաները» տարածել ու հայտարարել, թե էդ թերթերի ու սայթերի հետ մենք կապ չունենք։

Ս.Ս.– Բա որ տենց ա, թող քեզ էլ կպնեն։

ՄԻՇԻԿ– Ինձ ո՞նց կպնեն, իմ ձեռից են փողն ուտում։

Ս.Ս.– Էլի սկսեցի՞ր ինձ ֆռռացնել, լա՛վ էլի Միշիկ...

ՏԻԳՐԱՆ – Շե՛ֆ, փեսուն շատ երես չեն տա։

Ս. Ս. – Քո գործը չի, ա՛յ միջազգայնագետ։ Դարդերս իրար մի՛ խառնի։ Անցենք առաջ։ Դերո՛, ի՞նչ կա դեղերից։

ԴԵՐՈ – Շե՛ֆ ջան, ախր հեչ առողջությանդ չես հետևում, տենց ո՞նց կլինի։

Ս. Ս. – Դերո՛, ես ուրիշ բանի մասին եմ հարցնում։ «Արմենիկումը» ծախվո՞ւմ ա, թե՞ էլ կուտ ուտող չկա։

ԴԵՐՈ – Դե, ես նոր եմ նստել գործի, տենց միանգամից չեմ կարա կլիենտ կպցնեմ։

Ս. Ս. – Ա՛յ տղա Դերո, դու աչքիս արդեն ալա–բուլա ես երևում։ Աշխատի, ա՛յ տղա, աշխատի։

Խորհրդակցությունը մի պահ ընդհատվում է։ Սերգոն անհայտ ծագման խորոված ձուկ է առաջարկում։ Ձկի մասին լսելով ՝Ս. Ս.–ն վրա է տալիս։

Ս. Ս. – Գորի՛կ, ի՞նչ եղավ իմ հատուկ հանձնարարականի հետ։

ԳՈՐԻԿ– Ո՞ր մեկի, շե՛ֆ։

Ս. Ս. – Խի քանի՞ հատ եմ տվել։

ԳՈՐԻԿ – Դե, էն մեկի պահով արդեն լուրջ քայլեր ենք ձեռնարկել։ Պարզել ենք էն բոզի տղու Բաքվի տան հասցեն ու սոտըվի համարը։ Սոտըվիի վրա արդեն 50 հատ վախացնող SMS ենք ուղարկել, իսկ տան հասցեով՝ 5 հատ սպիտակ պառաշոկով նամակ։

Ս. Ս. – Պառաշոկների պահով սխալ եք արել, դրանք մեզ էլ են պետք, բայց SMS–ների մոմենտով ապրե՛ս, շատ «քաղաքացիական» քայլ ես արել։ Բա էն մյուս հանձնարարականին խի՞ ուշադրություն չես դարձնում։   Քեզ ու Աղվանին հազար եմ ասել՝ գնացեք մեծերի հետևից, բռնեք գլխից, իսկ դուք անընդհատ մանր ձկնիկների եք բռնում, մարդ ուտում ա ու չի կշտանում։ Գնացեք լոքո բռնեք կամ մեծ ստեռլեց, թե չէ՝ հավայի ձկներ եք դայաղ անում պերերիվին։

ԱՂՎԱՆ – Հարց չկա, շե՛ֆ ջան, հեսա շուրջպարով, էէէհ կներես, շուրջկալով կբռնենք մեծերին։

Ս. Ս. – Հա՛, չմոռանամ։ Սեյրա՛ն, քեզ հազար եմ ասել՝ էս Տիգրանի խելքին մի՛ ընկի ու տենդերները իմ ասած ձևով արա, բայց դու էլի քոնն ես անում։

ՍԵՅՐԱՆ – Շե՛ֆ ջան, Տիգրանն ասում ա, որ դու ես տենց ասել։ Ես ի՞նչ անեմ։

Ս. Ս. – Ինչ պետք ա անես, Տիգրանը ոնց ասում ա, տենց էլ արա։ Մի խոսքով՝ սաղիցդ դժգոհ եմ։ Սա անթույլատրելի ա, անթույլատրելի։ Վովա՛, գոնե դու մի լավ բան ասա։

ՎՈՎԱ– Շե՛ֆ, ամեն ինչ կարգին ա։ Էս անգամ հեչից մի միլիոն ձեն կհավաքես, մենակ մի քիչ համբերի, պասպոռտները չենք հասցնում տպենք։

Ս.Ս.– Դե աշխատի Վովա ջա՛ն, իմ հույսը դու էս, թե չէ սրանց ուշքն ու միտքը մենակ ատկատներն են։

ՏԻԳՐԱՆ – Շե՛ֆ ջան, Ձեր խոսքերը օյաղացնող էին։ Էս 4 տարի ա՝ պախմելից չենք կարում դուրս գանք, բայց Ձեր ասածներից հետո բոլոր ոլոլոլորտներում ամեն ինչ կանենք, որ Ձեր սրտով լինի։ Ատկատն էլ կկանոնակարգենք, տենդերներն էլ մենակ Ձեր բարեկամներն ու մեկ–մեկ էլ մեր բարեկամները մրցույթով կշահեն։

Տիգրանի խոսքերից հետո ինչ–որ մեկն առաջարկում է ընդմիջել։ Միշիկն անջատում է կամերաները ու գնում «Սրճաման» ռեստորանում խորհրդակցությունը մոնտաժելու։ Ս. Ս.–ն թաքնված տեսախցիկներն անջատվելուն պես առաջարկում է անցնել ավելի լուրջ գործի՝ հայտարարելով, թե այսօր ով ինչ խոսա, ինքը «քուանշ» է տալու, իսկ իր խոսացածին «քուանշ» տվողին էլ «սրելու» է։

Խմբ. կողմից–Խորհրդակցության մասնակիցների անունները հնարովի են, զուգադիպությունները՝ պատահական։ Նույնիսկ տեղադրված նկարի մեջ եթե նմանություն գտնեք ինչ–որ մեկի հետ, իմացած եղեք, որ դա լրիվ պատահականություն է։

Այս խորագրի վերջին նյութերը