Մեկնաբանություն

22.09.2012 22:45


Ծառուկյանի պատասխանն իշխանության «մուտիլովկաներին»

Ծառուկյանի պատասխանն իշխանության «մուտիլովկաներին»

Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, որ Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրությունների ժամանակ չի սատարելու իրեն։ Գիտի, բայց իր հովանու ներքո աշխատող լրատվամիջոցներով անընդհատ տարածում է, թե իբր արդեն պայմանավորվածություն կա առ այն, որ ԲՀԿ–ն պաշտպանելու է Ս. Սարգսյանին։

Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի նաև, որ իրեն սատարող ցանկացած գործիչ «ա լյա» Արթուր Բաղդասարյան, Արտաշես Գեղամյան կամ Վիկտոր Դալլաքյան մինչև վերջ կվարկաբեկվի, և դա է պատճառը, որ «անկախ» մամուլով տարածում է, թե Ծառուկյանը հավաքը հավաքի հետևից է անում ու իբր հայտարարում, թե սատարելու է Սարգսյանին։

Հիշեցնենք, որ Գեղամյանն իր «աղջիկ վախտով» համոզմունք էր հայտնում, որ ում անունը Սերժ Սարգսյանի հետ կապվի, վարկաբեկվում է։ ՀՀԿ խմբակցության ներկայիս անդամ Արտաշես Մամիկոնիչի ասածները, թերևս, գործողությունների ծրագիր են դարձրել նախագահականում ու անցել հակառակորդների վարկաբեկմանը։ Ինչևէ։

Սերժ Սարգսյանը մեր երկրի ամենատեղեկացվածներից է և գիտի, որ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն չի սատարելու իրեն, այլ ճիշտ հակառակը, բայց քարոզչական դաշտում փորձում է ցանկալին իրականի տեղ անցկացնել և ձեռքի հետ էլ հակա–PR անել Ծառուկյանի դեմ։ Բանը հասել է այնտեղ, որ անգամ արարողակարգային ու ձևական բնույթ կրող հազվադեպ հանդիպումները Սարգսյանի ու Ծառուկյանի միջև իշխանական մամուլում ներկայացվում է որպես ԲՀԿ ու ՀՀԿ ղեկավարների «շոկոլադնի ատնաշենիաների» ապացույց, այնինչ իրականում լարվածությունը սարգսյանական ու ծառուկյանական թիմերի  միջև օր օրի մեծանում է։

Վերջին օրերին սերժական մամուլը կրկին շրջանառության մեջ էր դրել Սարգսյան–Ծառուկյան պայմանավորվածությունների մասին արդեն կարեկցանք առաջացնող թեզն ու «հավաստի» աղբյուրներին հղում անելով նշել, թե իբր Ծառուկայնն իր թիմին տեղեկացրել է, որ պաշտպանելու են Սերժին։ ԲՀԿ–ականներն, իհարկե, հերթական անգամ հերքեցին այդ «լուրը», սակայն հազիվ թե Բաղրամյան 26–ի «բնակիչների» էնտուզիազմը պակասի։ Պարզ է, որ նրանք շարունակելու են ջուր պղտորելու և դաշտը կեղտոտելու իրենց քաղաքականությունը, սակայն մոտ ժամանակներս ամեն ինչ իր տեղը կընկնի ու ինչպես ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ «միասնական ցուցակով» մասնակցեց ԱԺ ընտրություններին, այնպես էլ «կսատարի» Սերժ Սարգսյանին։

Ուշագրավ էր Գ. Ծառուկյանի արձագանքը նախագահականից թելադրված և սերժական քարոզչամիջոցներով տարածված «մուտիլովկաներին»։ Նա ցուցադրաբար չմասնակցեց Սերժ Սարգսյանի կազմակերպած սեպտեմբերի 21–ի միջոցառմանը։

ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը նշել է, որ Ծառուկյանը անհետաձգելի գործերի պատճառով չի մասնակցել Անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանի հրավիրած ընդունելությանը։ Հասկանալի է, որ այդ «անհետաձգելի գործերը» կարող էին հետաձգվել, եթե պետք լիներ։ Ծառուկյանն այդպիսով Սարգսյանին հասկացրեց, որ շատ լավ գիտի, թե ում ականջներն են երևում իր դեմ աշխատող ԶԼՄ–ների հետևից և շանս չի տալու նոր «մուտիլովկաներ» տարածելու համար։ Դե թող հիմա էլ գրչակներն «ավետեն», թե իբր Ծառուկյանը սատարելու է Սերժին։ Ո՞վ է տեսել այնպիսի սատարում, երբ սատարողը բացահայտ «պասլատ» է անում սատարվողի հրավիրատոմսը։  

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը