Մեկնաբանություն

12.02.2013 15:35


«Պահեստապետը», «չաղը», «ցանցառը» և «Նիկուլինը» կամ օպերացիա «Ճ» (տեսանյութ)

«Պահեստապետը», «չաղը», «ցանցառը» և «Նիկուլինը» կամ օպերացիա «Ճ» (տեսանյութ)

«Էն գլխից» կեղծված և տոկոսները «խփած» ընտրություններում Սերժ Սարգսյանն իրեն շրջապատել է «վաստակավոր մրցակիցներով» և փորձում է մրցակցության իմիտացիա ապահովել։

Այժմ տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են սովետական կինեմատոգրաֆիայի գլուխգործոցներից համարվող «Օպերացիա «ы»» կատակերգությունը։ Դժվար է ասել, թե արդյոք այդ ֆիլմի մոտիվներո՞վ է կազմվել ներկայիս ընտրական գործընթացը, թե՞ ոչ, բայց նմանություններն այնքան ակնհայտ են, որ չես կարողանում ձերբազատվել այն մտքից, թե գործ ունես դրա հայկական կրկնօրինակի հետ։

Ինչպես հայտնի է, հիշյալ ֆիլմում երեք մանր ժուլիկների հետ պահեստապետը համաձայնության է գալիս, որ նրանք թալանի իմիտացիա կազմակերպեն։ Այդ իմիտացիան պահեստապետին պետք է, որպեսզի երեք ժուլիկների միջոցով ծածկվի մինչև այդ նրա արած թալանը։ Երեքը՝ չաղը, ցանցառը և Նիկուլինը (խոսակցության մեջ այդպես էր ընդունված ներկայացնել դերասանական այս եռյակին) մի քիչ չեմուչում են անում, որպեսզի գին բարձրացնեն։ Ի վերջո կողմերը համաձայնության են գալիս թալանի իմիտացիա կազմակերպելու գնի շուրջն ու անցնում գործի։ Պահեստապետը նրանցից յուրաքանչյուրին կոնկրետ ֆունկցիա է տալիս։ Չաղը, ով երեքի գլխավորն էր, պետք է հասարակական պահապանի ֆունկցիա կատարեր և հսկղություն սահմաներ փողոցում («բարևեր» պատահական անցորդներին)։ Ցանցառը պետք է անկապություններով զբաղվեր և անհրաժեշտության դեպքում քնեցներ պահակ տատիկին։ Դե, իսկ Նիկուլինը պետք է զբաղվեր պահեստի եղած–չեղածը ջարդուփշուր անելով, այն է ՝ տնտեսության հերն անիծելով։

Ի դեպ, ուշագրավն այն է, որ ժուլիկ–հանցագործներն ամեն դեպքում ճշտում են, թե արդյոք թալանի իմիտացիա ապահովելու ժամանակ պահակը չի՞ կրակի իրենց վրա։ Պահեստապետը նրանց հանգստացնում է՝ գիշերային պահակը ծեր կին է, իսկ փամփուշտները դատարկ են։

Օպերացիան, ի վերջո, տեղի է ունենում, բայց հաջողությամբ չի ավարտվում, քանզի ձերբակալվում են և՛ թալանչին, և՛ իմիտացիա ապահովողները։ Տատիկը բոլորի հարցերը լուծում է։

Դա՝ ֆիլմում։ Իսկ հիմա եկեք տեսնենք, թե մեզ մոտ ով ով է, և ինչ է սպասվում վերջում։

«Պահեստապետն» արդեն խոստովանել է, որ ինչքան տոկոս պետք է, ինքն իր օգտին «կխփի»։ Ասել է թե՝ քարոզարշավը նրան պետք է ընդամենը ժողովրդավարության իմիտացիայի համար։ Այդ գործում, ինչպես արդեն նշեցի, նրան օգնում են երեք հոգի՝ «չաղը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանը (երեքի լիդերը և գին բարձրացնողը), «ցանցառը»՝ Պարույր Հայրիկյանը (օրումեջ որոշում փոխող ու դատարկ փամփուշտից վիրավորված) և «Նիկուլինը»՝ Հրանտ Բագրատյանը (Նիկուլինի պես «տնտեսական» հարցերով զբաղվող)։

Թե ինչով կավարտվի Բաղրամյան 26–ում մշակված «Ճ» օպերացիան, ակնհայտ է. փետրվարի 18–ին ԿԸՀ–ն «կխփի» այնքան, որքան կասեն։ Ակնհայտ չէ միայն այս ամենի վերջաբանը. կկարողանա՞ արդյոք «տատիկը», այսինքն՝ ժողովուրդը «պահեստապետի», «չաղի», «ցանցառի» և «Նիկուլինի» հախից գալ այնպես, ինչպես ֆիլմում։ Կապրենք՝ կտեսնենք։ Մեկ բան ակնհայտ է. եթե «տատիկը» սրանց հարցերը չլուծի, ապա սրանք կլուծեն պետության հարցերը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը