Աշխարհ

12.09.2013 20:36


Սիրիական ազատ բանակը մերժել է քիմիական զենքը հանձնելու Մոսկվայի առաջարկը

Սիրիական ազատ բանակը մերժել է քիմիական զենքը հանձնելու Մոսկվայի առաջարկը

Սիրիական ընդդիմության զինված թևը՝ Սիրիական ազատ բանակը, մերժել է քիմիական զենքի պահեստները միջազգային հսկողությանը հանձնելու Մոսկվայի առաջարկը։ Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse–ը, մեջբերելով Սիրիական ազատ բանակի ղեկավար Սելիմ Իդրիսի հայտարարությունից. «Սիրիական ազատ բանակը կտրականապես հրաժարվում է ընդունել Ռուսաստանի առաջարկը՝ քիմիական զենքի պահեստները միջազգային վերահսկողության տակ դնելու վերաբերյալ»։

Ինչպես տեղեկացնում է РИА «Новости»–ն, երեքշաբթի Ռուսաստանի առաջարկը մերժել էր սիրիական ընդդիմության ազգային կոալիցիան՝ այն համարելով անընդունելի քաղաքական մանևր։ Իսկ չորեքշաբթի Խեյսամ Մանաան՝ սիրիական ընդդիմադիր մեկ այլ կառույցի՝ Սիրիայի ազգային կոորդինացիոն կոմիտեի ղեկավարը, հայտարարել էր, որ ընդդիմությունն առաջարկել է Ռուսաստանի հսկողության տակ դնել քիմիական զենքը մինչ Սիրիայում նոր կառավարության ձևավորումը։

Հիշեցնենք, որ քիմիական զենքը հանձնելու երկուշաբթի արված Մոսկվայի առաջարկը միաժամանակ արժանացավ Սիրիայի իշխանությունների, Լոնդոնի և ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հավանությանը։ Այն գնահատեց նաև Օբաման՝ նշելով, որ կհետաձգի Սիրիայի դեմ հարվածը առաջարկն ուսումնասիրելու համար։

Այսօր արդեն լրատվամիջոցներում տեղ են գտել ռուսական ծրագրի մանրամասները. այն բաղկացած է չորս էտապից՝ առաջին՝ Սիրիան միանում է քիմիական զենքն արգելող կազմակերպությանը, երկրորդ՝Դամասկոսը հայտնում է քիմիական զենքի պահեստների տեղը, երրորդ՝ թողնում է այնտեղ մուտք գործել կազմակերպության տեսուչներին և չորրորդ՝ տեսուչների հետ քննարկում է՝ ինչպես և ում կողմից է ոչնչացվելու զենքը։

Այս խորագրի վերջին նյութերը