Հարցազրույց

19.02.2014 11:20


Վլադիմիր Կարապետյան. «Ծառուկյանի՝ լայն համախմբման գնալու առաջարկը մեծ արձագանք կստանա»

Վլադիմիր Կարապետյան. «Ծառուկյանի՝ լայն համախմբման գնալու առաջարկը մեծ արձագանք կստանա»

Հարցազրույց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի հետ

–Պարո՛ն Կարապետյան, վերջին շրջանում քաղաքական դաշտում ամենաշատն օգտագործվող բառը համախմբումն է։ Այդ մասին խոսեց նաև Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ համագումարի ժամանակ։ Դրա առարկայական հիմքերը կա՞ն։

–Աշխատանքի բերումով տեղյակ եմ Կոնգրեսի և ԲՀԿ խմբակցությունների՝ ԱԺ-ում սերտ համագործակցության մասին, ինչի հանրային վկայությունն է փոխադարձ աջակցությունն օրենսդրական նախաձեռնություններում: Այս առումով ԲՀԿ նախագահի մոտեցումն, ըստ որի՝ «ԲՀԿ-ն պետք է լինի բաց մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար, մենք պետք է լինենք վստահելի, սկզբունքային ու համախմբող ուժ», կուսակցությունը իրականացնում է գործնական համագործակցության մեջ:

–Ծառուկյանի մեսիջները կարո՞ղ են լրացուցիչ ազդակ դառնալ համախմբման համար՝ հանրության ավելի լայն շերտերի ներգրավմամբ։

–Տևական ժամանակ է, ինչ կուսակցության դիրքորոշումը շատ հարցերի վերաբերյալ ընկալելի է ոչ միայն իմ ու գործընկերներիս կողմից: Փոքր ու միջին բիզնեսը խրախուսելու, տեղական արտադրողին պաշտպանելու առաջարկված դրույթները արժանի են ուշադրության և ոչիշխանական ուժերը, կարծում եմ, պետք է ձեռնամուխ լինեն այս քննարկումներին: Կոնգրեսը, կարծում եմ, դրական կարձագանքի նաև ԲՀԿ ղեկավարի նախաձեռնությանը՝ կազմելու հստակ օրակարգ և խնդիրների լուծման ճանապարհային քարտեզ, ինչը ուժերի համատեղման, Հայաստանում արմատական փոփոխությունների նախադրյալ կլինի: Կիսում եմ նաև ԲՀԿ կարծիքը, որ հանրապետությունում իրականացվում է տնտեսական և սոցիալական անպտուղ քաղաքականություն:

–ԲՀԿ համագումարին զուգահեռ՝ նաև մեկ այլ համագումար էր ընթանում ...

–Սերժ Սարգսյանի ելույթը ԵԿՄ համագումարին ցույց տվեց, որ տնտեսական բոլոր վայ նախաձեռնությունների հետևում հենց ինքը՝ Սերժ Սարգսյանն է, հետևաբար, կարծում եմ, այսուհետ քննադատությունը նպատակային կլինի, քանի որ տնտեսական խայտառակ վիճակի այլ պատասխանատու չկա:

–ԲՀԿ համագումարը ԵԿՄ համագումարի հակապատկերն էր։ Բոլորը դա տեսան։ Յուրօրինակ բաժանարար գիծ քաշվեց։ Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

–Առհասարակ ԲՀԿ որդեգրած դիրքորոշումներն, իրականացվող քաղաքականությունն ու համագործակցության պատրաստակամությունը լայն հնարավորություն են ընձեռում ընդհանուր օրակարգի մշակման և իրագործման համար: Ծառուկյանի՝ լայն համախմբման գնալու առաջարկն, իմ համոզմամբ, մեծ արձագանք կստանա ու նոր դաշտ կբացի ԱԺ 4 ոչիշխանական ուժերի, արտախորհրդարանական քաղաքական միավորների ու քաղաքացիական նախաձեռնությունների համագործակցության համար։ Միասնական ջանքերով արմատական փոփոխությունները հնարավոր կդառնան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը