Կարծիք

19.11.2014 13:27


Մինչև արտաքին պարտքը 10 մլրդ ԱՄՆ դոլար չդառնա, գնացող չկա…

Մինչև արտաքին պարտքը 10 մլրդ ԱՄՆ դոլար չդառնա, գնացող չկա…

Օրվա իշխանությունը իր «Առա՜ջ, Հայաստան» կարգախոսով կարողացավ 4-5 տարում Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը ոչ թե կրկնապատկել, այլ եռապատկել և հասցնել 5 մլրդ ԱՄՆ դոլար: Ի դեպ, այդ նույն ժամանակահատվածում աղքատությունը կազմեց 33%, գործազրկությունը՝ 20%, իսկ արտագաղթը թևակոխեց նոր փուլ՝ նոր կարգախոսով՝ «Գնալը կփրկի…»:

Եվ այս նույն ժամանակաշրջանում բարձրագույն իշախնությունում գտնվողների կանանց ֆինանսական հայտարարագրերը լավ առաջընթաց ունեցան: Գուցե հենց սա էր իշխանության իրական կարգախոսը:

Ստեղծված իրավիճակում հանրապետության ներքին կյանքը խցանված է, իսկ արտաքին հարաբերություններում երկրի հեղինակությունը առանձնապես նկատելի չէ:

Այս պարագայում բարձրագույն էշելոնից հնչում են հայտարարություններ, որ օրվա իշխանությունը կմնա այնքան, քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել: Բարեկեցիկ կյանքի նկատմամբ իշխանավորների իրական ցանկությունները հաշվի առնելով՝ կարելի է շեշտադրել, որ օրվա իշխանությունը ցանկանում է նոր կարգախոսով վերարտադրվել…:

Ինչ խոսք, գործող քաղաքական իշխանությունը կարող է փորձել ցանկացած մեթոդ վերարտադրվելու նպատակով, սակայն բարոյական չէ ազգի համար ծառացած թիվ 1 հիմնահարցը` Արցախի խնդիրը դարձնել իշխանությանը մնալու քաղաքականացված կարգախոս:

Այս պարագայում առավել ընկալելի է, որ բարձրագույն իշխանությունը հայտարարի արտաքին պարտքի ծավալների կրկնապատկման ծրագիր, և 10 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանի անցումը դարձնի նպատակ:

Փաստացի ստացվել է այնպես, որ օրվա իշխանությունը պահվում է արհեստական շնչառությամբ` վարկերի հաշվին:

Ի դեպ, վարկերի հաշվին իշխանությունը պահելու համար քաղաքական հայտարարություն պետք չէ անել:

SOS. իշխանությունը հայտնվել է խցանված խաչմերուկում. անհրաժեշտ է փրկարար ծառայության միջամտությունը:

Գառնիկ Վաղարշակյան

Այս խորագրի վերջին նյութերը