Մեկնաբանություն

26.11.2014 11:25


Հաճախորդի «հավերժական շարժիչը»

Հաճախորդի «հավերժական շարժիչը»

«Թունդ ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանը «հավերժական շարժիչ» է հորինել։ Հաճախորդների համար նախատեսված «հավերժական շարժիչ»։

Նա ասում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» (դե, ինքը, էլի՛) երբեք չի հիասթափեցնելու ժողովրդին, ու չի տանելու պարտության (ինչպիսի՜ միտք և ինչպիսի՜ ազնիվ մղում. տղայա, տղայա Նիկոլը, մալադե՛ց, արա, դե հո զոռով չի. իսկական նախագահ ա, նախագահ ...«լայք», մի հատ էլ «լայք», չորս հատ «շեյր» ու մի հատ տո՛ւշ)։

Նիկոլը նաև ասում է, որ եթե ինքը հայտարարի, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, ապա այդ հայտարարությունից մեկ ամիս անց Սերժ Սարգսյանն անպայման կհեռանա (արա, դե տղայա, էլի՛, հո զոռով չի. հենց ասեց, Սերժը կգնա, բայց դե, չի ասում, որտև չի ուզում հիասթափեցնի ... «լայքեր»)։

Բայց Նիկոլը չի ասում, թե ինքը երբ է ասելու, թե երբ պետք է հեռանա Սերժ Սարգսյանը։ Այ, երբ որ ասի, այդ ասածից մեկ ամիս անց ՀՀԿ ղեկավարն այլևս կթողնի իր պաշտոնը։ Իսկ մինչև այդ նա պայքարում է Սերժի մրցակիցների կամ հակառակորդների դեմ, քանի որ ... ինքը տղայա։

Հաճախորդության համար ստեղծված «հավերժական շարժիչ» է, այնպես չէ՞։ Կարող ես անվերջ դհոլությամբ զբաղվել ու ընդդիմության ընդդիմություն խաղալ՝ հիմնավորելով խաղդ «Ժողովրդին չհիասթափեցնելու վեհ ցանկությամբ»։

Համաձայնե՛ք, որ սա կատարյալ դեմագոգիայի դրսևորում է, ինչպես նաև գեղամյանությամբ զբաղվելու «ալիբի»։ Ի՞նչ է նշանակում «Մենք չենք հիասթափեցնի ժողովրդին ու չենք խոսի իշխանափոխության մասին այնքան ժամանակ, քանի դեռ չենք կարողանա ռեալ իշխանափոխություն անել, իսկ թե երբ կկարողանանք, հայտնի չէ»։ Այդպես չոբան Համբոն էլ կարող է «չհիասթափեցնել» ժողովրդին ու դառնալ «տղա»։

Փաստորեն, համաշխարհային քաղաքագիտական մտքի մեջ նոր ուղղություն է առաջացել։ «Չհիասթափեցնելու» ուղղությունը։ ԱՄՆ–ի, Անգլիայի, Ֆրանսիայի ու ընդհանրապես աշխարհի բոլոր պետություններում գործող կուսակցությունները, որոնք չեն կարողանում այդ պահին իշխանափոխություն անել, բայց ընդդիմադիր են, պետք է փակվեն, քանզի հիասթփեցնում են իրենց հավատացող ժողովրդին։

Ուշադրությո՛ւն դարձրեք. Նիկոլը չի ասում, թե երբ կհեռանա Սերժ Սարգսյանը (փաստորեն, նա կարծում է, որ Սերժը պետք է մնա, քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ չի հայտարարել, թե գործող նախագահը պետք է հեռանա), բայց փրփուրը բերանին պայքարում է բոլոր այն ուժերի դեմ, որոնք կարող են հեռացնել Սերժ Սարգսյանին։

Ինքը չեղած հայտարարություններ է վերագրում «եռյակին» ու կռիվ տալիս այդ միավորման դեմ՝ «Անորսալի Ջոյի» պես հայտարարելով, թե չի ընդունում «եռյակի» գիծը, և չի միանում նրանց պայքարին (իսկ իրեն «եռյակում» սպասո՞ւմ են, որ ինքն էլ հերոսաբար չի գալիս), քանզի դրա մաս կազմող ուժերը չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը (Նիկոլն էլ չի պահանջում հրաժարական, բայց դե, հենց պահանջեց, մի ամսից Սերժը կհեռանա. մնում է, որ հայ ժողովուրդը համբերի ու սպասի «կկվի կանչին» ... չեմ տեսնում ձեր «լայքե՜րը»)։

Այսպիսով, գեղամյանական «շկոլան» նորանոր կադրեր է տալիս։ «Հավերժական շարժիչով» աշխատող հաճախորդները շատացել են։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Բաղրամյան 26–ում նոր պլան են հղացել. Նիկոլի միջոցով (Նիկոլ որ ասում ենք՝ էն ճղճղան Զառան հետն է) «Իմպիչմենտ» օպերացիան են «մեյդան» հանել։ Իսկ թե ինչ են ուզում դրանով ասել, այլ հոդվածի թեմա է։

Այս խորագրի վերջին նյութերը