Լրահոս

27.11.2014 17:02


Դատարանը հրապարակել է 2007թ. դիվերսանտի կողմից Շահումյանի շրջանում նկարահանված տեսանյութերը

Դատարանը հրապարակել է 2007թ. դիվերսանտի կողմից Շահումյանի շրջանում նկարահանված տեսանյութերը

Այսօր ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը: ԱՐՑԱԽՊՐԵՍ–ի փոխանցմամբ, Դատական նիստում ներկայացվել են դիվերսանտների ձերբակալման պահին նրանց մոտից առգրավված տեսասկավառակներում առկա նյութերը, որոնք 2007 թվականի հունիս և սեպտեմբեր ամիսներին տեսանկարահանել էր ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ամբաստանյալ Դ. Ասկերովը։

Տեսանյութերում, որոնք ուղեկցվում են Ասկերովի մեկնաբանությամբ, մանրամասն նկարագրվում է Շահումյանի շրջանի հայկական բնակավայրերի դիրքը, ժողովրդագրական տվյալներ, բնակչության զբաղվածության ու ենթակառուցվածքների մասին։ Ամբաստանյալն իր կատարած տեսանկարահանումներում առանձնահատուկ տեղ է հատկացրել շրջանում տեղակայված ԼՂՀ ՊԲ զինվորական ստորաբաժանումների և ռազմական տեխնիկայի մակնիշներին ու տեղակայման վայրերին։ Բացի այդ տեսանյութերի մեջ կատարած իր մեկնաբանություններում նա հաճախ է հնչեցնում հայերի նկատմամբ ազգային ատելություն պարունակող արտահայտություններ՝ իր հայրենակիցներին կոչ անելով ստեղծել պարտիզանական ջոկատներ՝ Շահումյանի շրջանը հետ գրավելու նպատակով։ Հատկանշական է, որ նա իր մեկնաբանություններից մեկում իրեն Շահումյանի շրջանում գտնվելու հնարավորություն ընձեռելու համար հատուկ շնորհակալություն է հայտնում ոմն Աբգան Մուալիմովին և նրա պետին։

Պատասխանելով տեսանյութերի շուրջ դատախազ Կարեն Գաբրիելյանի և դատավոր Անատոլի Թադևոսյանի հնչեցրած հարցերին՝ ամբաստանյալ Ասկերովը ժխտել է իր կապն ադրբեջանական հատուկ ծառայությունների կամ զինվորականների հետ՝ պնդելով, որ տեսանկարահանումներն իբր կատարել է միայն անձնական ու ընտանեկան դիտումների նպատակով։

Մանրամասները՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը