Հարցազրույց

09.12.2014 13:01


Արմեն Գրիգորյան. «Օրակարգային է մնալու իշխանափոխության հարցը»

Արմեն Գրիգորյան. «Օրակարգային է մնալու իշխանափոխության հարցը»

Հարցազրույց քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ

–Ինչպե՞ս կգնահատեք անցնող քաղաքական տարին։

–Քաղաքական առումով անցած տարին կարևորվեց նրանով, որ ձևավորվեց ընդդիմադիր դաշտ։ «Քառյակը», հետագայում՝ «եռյակը», ձևավորեց ընդդիմադիր դաշտը և կարողացավ ճնշումների և ծանրակշռված քաղաքականության շնորհիվ ոչ միայն պարտադրել իշխանությանը գնալ զիջումների, այլ նաև այս պահին հետաձգել Սերժ Սարգսյանի ամենավտանգավոր քայլերից մեկը՝ սահմանադրական փոփոխությունները, որի արդյունքում Հայաստանը կվերածեր Հյուսիսային Կորեայի մոդելի մի պետության։

–«Եռյակի» զգալի ձեռքբերումներից անցնող քաղաքական տարում որո՞նք կառանձնացնեք։

–Տիգրան Սարգսյանի «հրաժարականը», որովհետև նրա քաղաքականությունն իրականում Սերժ Սարգսյանի քաղաքականությունն էր. որոշակի ձևով կասեցվեց մեր տնտեսության տեռորը։ Հաջորդ հաջողությունը բազմամարդ հանրահավաքներն էին, որոնք էլ տվել են իրենց արդյունքները քաղաքական կյանքում, և որոնց մասին բազմիցս խոսվել է։ Նույն սահմանադրական փոփոխությունների հետաձգումը։

–Սերժ Սարգսյանը հետաձգեց սահմանադրական փոփոխությունները՝ պատճառաբանելով, որ ավելի լայն կոնսոլիդացիա է ակնկալում այդ հարցում. ի՞նչ եք կարծում՝ այդ գործընթացն ավարտին հասցնելու նախադրյալներ կա՞ն։

–Նախադրյալները, կարելի է ասել, կախված են «եռյակից». եթե «եռյակը» շարունակի աշխատել նույն ոճով, նույն տարբերակով, եթե ճնշումներն ավելի ուժեղացվեն, ավելի շատ մարդ հավաքվի փողոցում, ապա Սերժ Սարգսյանը ստիպված կլինի հրաժարվել այդ գաղափարից։ Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը կոնսոլիդացիա ասելով ավելի շատ հասկանում է, որ ԲՀԿ–ն միանա այդ գործընթացին։ Սակայն ԲՀԿ–ն հայտարարել է, որ չի ցանկանում միանալ այդ գործընթացին, ու այդ առումով Սերժ Սարգսյանը ռեսուրս չի ունենա։ Եթե «եռյակը» շարունակի քաղաքական ճնշումները, ապա նա ռեսուրս չի ունենա դրանք անցկացնելու։

–Ձեր կանխատեսումները գալիք քաղաքական տարվա վերաբերյալ։

–Ամենակարևոր տեսանելի զարգացումը գալիք քաղաքական տարում սահմանադրական փոփոխությունների շուրջ է։ Սերժ Սարգսյանն, ինչպես հայտարարել էր, փետրվար–մարտին պետք է սահմանադրական փոփոխությունների մասին իր կարծիքը հայտնի։ «Եռյակն» էլ իր հերթին պետք է հաշվարկի իր քայլերը։ Հիմնական պայքարը լինելու է սահմանադրական փոփոխությունների շուրջ ու նաև այն հարցերի, որոնք առաջ է քաշել «եռյակը»։ Օրակարգային է մնալու իշխանափոխության հարցը։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը