Մեկնաբանություն

20.12.2014 10:18


Իրավիճակը վերահսկում է Դավիթ Կոպերֆիլդը

Իրավիճակը վերահսկում է Դավիթ Կոպերֆիլդը

Շաբաթվա սկզբից մինչեւ հիմա ողջ երկրում շոկային, խուճապային իրավիճակ է, եւ դեռ լարվածությունը չի թուլացել: Մարդիկ դրամի ուշաթափության օրը անվանեցին «Սեւ չորեքշաբթի», իսկ գալիք Ամանորը՝ «Սեւ Նոր տարի»:

Թվում է՝ հայոց աշխարհում ամեն ինչ գլխիվայր է շուռ գալու, ցայտնոտային իրավիճակ էր ամենուր՝ տներում, փողոցներում, խանութներում: Եվ չնայած ինչ-որ հնարքով ազգային դրամին ուշքի բերեցին, սակայն մարդկանց հոգեվիճակը դեռ շարունակում է անկայուն մնալ:

Թե ինչպես հանկարծ մի 12 ժամում դրամը մի թեթեւ արժեվորվեց, սա էլ առայժմ հանելուկ է մնում: Հավանաբար, իշխանությունն անցած գիշեր աճպարար Դավիթ Կոպերֆիլդին էր հրավիրել Հայաստան, որն էլ համարյա «հոգին փչած» դրամին «վերակենդանացրեց»:

Բայց նույն իշխանությունը հիմա իրեն այնպես է դրսեւորում, որ ասես՝ մի մեծ հերոսական գործ է արել:

Այնինչ, ֆինանսական շուկայում թույլ տրված քաոսի հեղինակն էլ է ինքը, եւ իրենց ստեղծած քաոսն ինչ-որ կերպ կարգավորելու համար «հերոսական ճիգեր» գործադրողն էլ է նույն ինքը՝ իշխանությունը:

Սակայն փորձում են այնպիսի տպավորություն թողնել, թե մտածում, անգամ տառապում են ժողովրդի վիճակի համար, եւ ահա, տիտանական ջանքեր գործադրելու միջոցով կարողացան դրամ-դոլար «հակամարտությունը» մեղմել:

Վասն հայ ժողովրդի:

Ամենազարմանալին, անշուշտ, Սերժ Սարգսյանի «ոչ լսել եմ, ոչ տեսել եմ» կեցվածքն էր, որը նա դրսեւորեց շոկախուճապային օրերին:

Կարծես, այդ ամենը ոչ թե Հայաստանում էր տեղի ունենում, այլ լրիվ ուրիշ մայրցամաքում:

Ժողովուրդն անզորությունից, դառը դատելու, դատարկ նստելու գիտակցությունից խելքը կորցրածի պես չգիտեր, թե գլուխը որ պատին տա, իսկ «Հանրապետության առաջնորդ» ներկայացող Սերժ Սարգսյանը նման «մանր հարցերի» վրա ուշադրություն չդարձնելով՝ մեկնեց Բելգիա:

Դե, ո՞նց կլիներ՝ ԵԺԿ գագաթաժողովին չմասնակցեր: Այդ եվրոպական հզոր կառույցին ՀՀԿ-ի անդամակցելուց ի վեր՝ մինչ օրս թե ինչ է տվել ԵԺԿ-ն Հայաստանին, երեւի, միայն իշխանություններին է հայտնի:

Ժողովրդին ոչինչ հայտնի չէ: Քանզի ոչինչ չի տվել: Բացի Սարգսյան-Աշոտյան տուրիստական այցերից:

Բայց Սերժ Սարգսյանը, անտեսելով ներքին իրավիճակը, շտապեց Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթաժողովին: Այստեղից եկած տեղեկություններն էլ փաստում են, որ առանձնապես պատմական որոշումներ կամ բանաձեւեր չեն ընդունվել այդ հավաքի ժամանակ:

Այսինքն, սովորական կուսակցական ժողով է եղել, սովորական օրակարգով:

Իսկ այդ ժողովից հետո էլ Սերժ Սարգսյանը Բրյուսելից ուղիղ «վայրէջք» է կատարելու Լիսկայի որդու հարսանիքի վայր (ռեստորան):

Ահա այսպիսի տրագիկոմեդիա:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը