Լրահոս

26.02.2015 13:51


Ինչո ՞ւ են բողոքարկել դիվերսանտները

Ինչո ՞ւ են բողոքարկել դիվերսանտները

Այսօր Ստեփանակերտում՝ ԼՂՀ Վերաքննիչ դատարանում, տեղի է ունեցել անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի գործով վերաքննիչ դատական նիստը, որը վարում էին դատավորներ Հրայր Աբրահամյանը և Կարեն Սաֆարյանը՝ Նորայր Գրիգորյանի նախագահությամբ:

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ի փոխանցմամբ՝ դատավոր Ն. Աբրահամյանի կողմից նախ ընթերցվել են այն հոդվածներն, ըստ որոնց՝ մեղադրվում են Դ. Ասկերովն ու Շ. Գուլիեւն, այնուհետև ամբաստանյալների փաստաբաններ Էրի Բեգլարյանը և Արկադի Իսրայելըանը ներկայացրել են բողոքարկման հետ կապված այն հիմնավորումն, ըստ որի՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը չի բավարարում իրենց պաշտպանյալներին։ Է. Բեգլարյանը նշել է, որ առաջին ատյանի դատարանի վճիռը իր պաշտպանյալ Ասկերովի մասով ենթակա է մասնակի բեկանման, իսկ Ա. Իսրայելյանը պնդեց, որ իր պաշտպանյալի մասով վճիռը պետք է ամբողջությամբ բեկանվի։

Իր հերթին պետական մեղադրող Կարեն Գաբրիելյանը ներկայացրել է դատավարությանը վերաբերող փաստարկները և փորձաքննությունների արդյունքները, այդ թվում՝ լրտեսության, սպանության, կատարած նկարահանումների, երեխայի առևանգման և զենք - զինամթերքի մասով։ Իսկ սպանված Սմբատ Ցականյանի իրավահաջորդ Մեխակ Ցականյանը իր ելույթում նշեց, որ համաձայն չէ ամբաստանյալների բողոքարկմանը, քանի որ, իր կարծիքով, առաջին ատյանի դատարանը արդարացի որոշում է կայացրել։

Նիստի ընթացքում ամբաստանյալներ Դ. Ասկերովը եւ Շ. Գուլիեւը, ներկայացնելով իրենց բողոքները, մասնավորապես, նշել են, որ համաձայն չեն ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հետ, քանի որ նրանք ղարաբաղաադրբեջանական սահմանը հատելիս չեն գիտակցել, որ այն անում են ապօրինաբար, լրտեսություն չեն կատարել, և սպանության մեջ իրենց մեղավոր չեն ճանաչում։

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը