Լրահոս

04.07.2015 10:59


Ողբերգական ու առեղծվածային սպանություն Երևանում. ամուսինը կնոջը սպանելուց առաջ հրամայել է ձեռքը դնել Աստվածաշնչին

Ողբերգական ու առեղծվածային սպանություն Երևանում. ամուսինը կնոջը սպանելուց առաջ հրամայել է ձեռքը դնել Աստվածաշնչին

Այսօր՝ հուլիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապ օգնության թիվ 12 հերթապահ խմբից, ովքեր հայտնել են, որ կանչով մեկնել են Քանաքեռ 14 փողոցի 24/1 տուն, որտեղ հայտնաբերել են մահացած կնոջ դի:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են տանտիրուհու՝ 38-ամյա Հայկանուշ Սորսումաթյանի դին՝ կրծքավանդակի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով:

Բնակարանում հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը: Տեղում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել և ոստիկանություն են բերման ենթարկել 42-ամյա Վահան Կարապետյանին, ով մահացածի ամուսինն է, և կասկածվում է կնոջը սպանելու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամուսինը սառնասրտորեն ոստիկաններին ու քննիչներին պատմում էր, թե որտեղ և ինչպես է սպանել կնոջը: Այնուհետև մատնացույց արեց, թե որտեղ է թաքցրել այն դանակը, որը սպանությունից հետո մաքրել էր: Ոստիկաններին ներկայացրեց նաև մեկ այլ խոհանոցային դանակ, որը նա թաքցրել էր բազկաթոռի մեջ: Ոստիկաններն ու քննիչներն այդ դանակներն առգրավեցին: Բազմոցին դրված էր նաև Աստվածաշունչ, և նա սառնասրտորեն պատմում էր, որ կնոջը սպանելուց ժամեր առաջ իր 2 աղջիկներին տարել է եկեղեցի՝ պատճառաբանելով, որ «նրանց միջից մաքրելու է չարը», այնուհետև վերադարձել է տուն, կնոջը նստեցրել բազմոցին ու հրամայել, որ ձեռքը դնի Աստվածաշնչին, քանի որ «նրա միջից էլ էր ուզում չարը դուրս հանել»: Ընթացքում էլ ստիպել է կնոջը՝ «Ձեռքդ դի՛ր Աստվածաշնչին և երդվի՛ր» և էլի մի քանի արտահայտություններ է արել, որից հետո իր սև գործն է կատարել կնոջ նկատմամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն անկեղծորեն շոկի մեջ էին ու ասում էին. «Նամուսով կին էր: Աշխատում էր Քանաքեռի կարի ֆաբրիկայում: Ոչ մի անգամ վատ բան չենք տեսել ու լսել նրա մասին: Ամուսինն ինչ-որ հավատքների էր գնում, և երևի դա էր պատճառը, որ նա դիմել է այդ ստոր քայլին»:

Վ. Կարապետյանը ձերբակալվել է:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը