Աշխարհ

24.11.2015 23:14


Նոր միջադեպ. Սիրիայում Սու–24–ի կործանման վայրում ռուսական Մի–8 ուղղաթիռ է խոցվել (տեսանյութ)

Նոր միջադեպ. Սիրիայում Սու–24–ի կործանման վայրում ռուսական Մի–8 ուղղաթիռ է խոցվել (տեսանյութ)

Նոր միջադեպ է գրանցվել թուրք–սիրիական սահմանին։ Այսօր այնտեղ կործանված Սու–24–ի անձնակազմի անդամների որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ ռուսական Մի–8 ուղղաթիռ է խոցվել։ ՌԴ ԳՇ–ն արդեն իսկ հաստատել է տեղեկությունը՝ մանրամասնելով, որ Մի–8–ը Սիրիայում խոցվել է ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքից։ «Интерфакс»–ը հայտնում է, որ հարձակման հետևանքով զոհվել է մեկ ռուս պայմանագրային զինծառայող։

ՌԴ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը նշել է, որ Սու–24–ի ռուս օդաչուներին տարհանելու նպատակով իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին երկու Մի–8 ուղղաթիռ է ներգրավված եղել։ Սակայն ուղղաթիռներից մեկը հրազենային կրակից խափանվել է և հարկադիր վայրէջք կատարել չեզոք գոտում։

Նա հավելել է, որ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող անձնակազմի մյուս անդամները տարհանվել են և գտնվում են Հմեյմիմի ավիաբազայում։

Նաև նշել է՝ Սու–24–ի օդաչուներից մեկը սպանվել է օդում՝ ցամաքից արձակված կրակահերթից։

«Ուշադրություն եմ հրավիրում, որ մեր գործընկերներից ու ԻԼԻՊ–ի դեմ մարտական գործողություններ իրականացնող երկրներից ոչ մեկը երբեք չի ասել այն մասին, որ այդ տարածքում գտնվում են, այսպես ասած, «չափավոր ընդդիմության» ստորաբաժանումները, և որ իրենք խորհուրդ չեն տալիս հարվածներ հասցնել այդ վայրում»,–ասել է Ռուդսկոյը։

Ի դեպ, համացանցում մի տեսանյութ է տարածվել, որտեղ, ինչպես նշվում է, պատկերված է ահաբեկիչների կողմից Մի–8 ուղղաթիռը խոցելու պահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը