Մեկնաբանություն

21.02.2018 00:05


Իսկ մենեջե՞ր է արդյոք Կարեն Կարապետյանը

Իսկ մենեջե՞ր է արդյոք Կարեն Կարապետյանը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն ուրախալի թվեր է ներկայացրել: Ուրախալի՝ միայն վարչապետ Կարեն Կարապետյանի համար: Իսկ ինչու միայն Կարեն Կարապետյանի, որովհետև բնակչությանն այդ թվերը ոչինչ չեն տալու (եթե ինֆլյացիան «մաքրենք», ապա այդ ուրախալի թվերը ճիշտ հակառակ պատկերը ցույց կտան):

Ուրախ է Կարեն Կարապետյանը, քանզի անկեղծորեն մտածել է ու, թերևս, հիմա էլ է մտածում, որ եթե տնտեսական ակտիվության լավ թվեր ներկայացնի, ապա կմնա վարչապետի պաշտոնում նաև ապրիլից հետո՝ ինչպես բազմիցս հրապարակավ ցանկություն է հայտնել ու նաև վստահեցրել, որ այդպես է լինելու:

Կարեն Կարապետյանը այդպես էլ չհասկացավ կամ չուզեց հասկանալ, կամ էլ՝ թույլ չտվեցին հասկանալ, որ վարչապետի պաշտոնը բացառապես քաղաքական է, ինչը ենթադրում է նաև կառավարչական (մենեջերական) ֆունկցիաների իրականացում: Քաղաքականն ու մենեջերականը մեկը մյուսին փոխլրացնող են, այլ ոչ թե փոխբացառող:

Հայտարարել, որ քաղաքական գործիչ չես, այլ՝ մենեջեր ու միաժամանակ ցանկություն հայտնել մնալ վարչապետի աթոռին, նույնն է, ինչ փոքր երեխան անընդհատ կոնֆետ ուզի: Ինչպես հայտնի է, երեխան միշտ է կոնֆետ ուզում, բայց ուտում է այն ժամանակ, երբ մեծերը տալիս են: Կարող են և չտալ: Հիմա Կարապետյանին չեն տալիս ու նա իր տեղը չի գտնում (կամ էլ՝ վաղուց գտել է, ո՞վ գիտե):

Կարեն Կարապետյանին «կոնֆետ» տվեցին «Սասնա ծռերի» գործողությունից հետո, երբ փորձ արվեց հա՛մ հանրային որոշակի դրական սպասումներ առաջացնել, հա՛մ ձեռքի հետ Հովիկ Աբրահամյանից ազատվել, համ էլ՝ «նոր դեմքով» քողածածկել «ռեյտինգային տոկոսխփոցին»:

Հիմա արդեն այդ ամենը հետևում է, և Կարապետյանի կարիքը չկա (հատկապես, որ արդեն հաստիքային ապաքաղաքական դեմք կա՝ ի դեմս Արմեն Սարգսյանի):

Եթե Կարապետյանն անկեղծորեն մտածել է՝ ինքը տնտեսական ակտիվության տոկոսային պլանը գերակատարի, ապա կմնա վարչապետի աթոռին, նշանակում է՝ նա, մեղմ ասած, միամիտ է, բան չի հասկանում քաղաքականությունից և այդ դեպքում վտանգավոր է նրան նման կարգավիճակ վստահելը:

Իսկ եթե Կարապետյանը շատ լավ իմացել է իր դերը և ոչ մի ցանկություն էլ չունի մնալ վարչապետի աթոռին, իսկ նախկինում պարզապես ձևեր է թափել, որպեսզի հանրային սպասումներ առաջացնի՝ այդպիսով կատարելով իր վրա դրված պարտականությունը, ապա դա լրիվ այլ գնահատականի է արժանի: Վա՛տ գնահատականի:

Ամեն դեպքում, Կարապետյանի ժամանակն արդեն սպառված կարելի է համարել: Նա էլ շատերի պես չհասկացավ, որ եթե չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզնով: Իսկ կմնա՞ նա փոխվարչապետի աթոռին, թե չի՞ մնա, արդեն տեխնիկական հարցի է վերածվում: Հանրությանը չհետաքրքրո՛ղ հարցի:

Ի դեպ, մի շարք հանգամանքներ (այդ թվում՝ քաղաքականությամբ չզբաղվելու հանգամանքը) հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ Կարապետյանն իր կողմից այդքան սիրված մենեջերության ոլորտում էլ, մեղմ ասած, չի փայլում: Նա իր վարքագծով, կամա թե ակամա, ճանապարհ հարթեց Սերժ Սարգսյանի վարչապետության համար, ինչը դեռ կհասցնի արժանանալ բազում գնահատականների: Դժվար չէ կռահել, թե ինչպիսի գնահատականների:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը