Մեկնաբանություն

09.03.2017 10:30


Ինչու է Սերժ Սարգսյանը դիմել Կարեն Կարապետյանի օգնությանը

Ինչու է Սերժ Սարգսյանը դիմել Կարեն Կարապետյանի օգնությանը

ՀՀԿ-ի ամբողջ քարոզարշավը հիմնված է քաղտեխնոլոգիական կեղծիքի վրա: Դա նմանվում է մատնոցֆռցնոցիի, երբ փափուկ գնդակը վաղուց հանված է մատնոցների միջից (այն պահվում է ֆռցնողի մատների արանքում), բայց թակարդն ընկած հարիֆներին առաջարկում են ընտրել, թե որ մատնոցի մեջ է գտնվում նույն այդ գնդակը:

ՀՀԿ-ի «մատնոցը» համամասնական ցուցակն է, որի մեջ չկա վարչապետ Կարեն Կարապետյանը: Ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը, ով «Ֆունտի» գործառույթ է իրականացնում ՀՀԿ ղեկավարի համար: Վերջինս նույնպես չկա ցուցակում, ինչը կրկին խաբեություն է, քանզի նա կա՝ ի դեմս Վիգեն Սարգսյանի, Կարեն Ավագյանի, Գալուստ Սահակյանի, Արմեն Աշոտյանի, Առաքել Մովսիսյանի (Շմայս), գեներալ Մանվելի, Սամվել Ալեքսանյանի ու ՀՀԿ-ի գաղափարական թևի մյուս անդամների:

Ս. Սարգսյանը ցուցակ չի մտել, որպեսզի հանրությանը չգրգռի, իսկ ցուցակում չգտնվող Կարեն Կարապետյանի օգնությանն է դիմել ու նրան ՀՀԿ-ի փիառ դեմքը դարձրել, որովհետև տեղյակ է, որ իշխանական թիմից միայն վարչապետն ունի հանրային որոշակի վարկանիշ, և միայն նա է, որ ալերգիա չի առաջացնում մարդկանց մոտ:

Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը սեփական հաշվարկներն ունեն:

Սարգսյանը մի կողմից Կարապետյանի վարկանիշն է ուզում օգտագործել այս ընտրարշավում, որպեսզի կարողանա ՀՀԿ-ի համար «տակից» տոկոս «խփելը» «լեգիտիմացնել», մյուս կողմից էլ փորձում է ընտրարշավի ժամանակ հնարավորինս մաշեցնել նույն Կարապետյանի վարկանիշը:

Թե ինչ հաշվարկով է Կարապետյանը մտել քարոզչական թոհուբոհ, տեսանելի կդառնա ապրիլի 3-ից հետո: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանը չի թաքցնում, որ իր նպատակը 2018-ին վարչապետի կարգավիճակով վերարտադրվելն է:

Ամենագլխավորը, սակայն, ՀՀ քաղաքացիների հաշվարկը կյանքի կոչելն է: Հաշվարկն այդ իշխանափոխությանն է վերաբերում:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: ՀՀԿ-ի քարոզչական մյուս բլեֆն այն է, որ իրենք չեն ներկայանում որպես իշխանություն: Իրենց դրել են «ռետինե խողովակի» տեղ ու խոսում են ինչ–որ փոփոխություններից:

Քարոզարշավին հետևելիս այնպիսի տպավորություն ես ստանում, որ մեր երկրում իշխանություն չկա: Իսկ իշխանության անունից հանդես եկողներն անմեղ գառնուկներ են:

Սերժ Սարգսյանը, փաստորեն, որոշել է գառան մորթի գցել գայլի վրա «Քանի ոչխարի էլ խաբենք, էլի քյար է» ծրագրի շրջանակներում:

Այս խորագրի վերջին նյութերը