Քաղաքական

20.03.2017 17:10


«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներն այցելել են Վանաձոր (տեսանյութ, լրացված)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներն այցելել են Վանաձոր (տեսանյութ, լրացված)

Շարունակվում են «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամների մարզային հանդիպումները նախընտրական քարոզարշավի շրջանակներում։

Դաշինքի ներկայացուցիչներն այցելել են Լոռու մարզկենտրոն՝ Վանաձոր քաղաք։

Այսօր ավելի վաղ դաշինքի անդամները հանդիպումներ էին ունեցել Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան քաղաքների բնակիչների հետ։ Ապարանում նրանց էր միացել Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վանաձորցիներին ուղղված իր խոսքում նշել է՝ այսօր իսկապես ունենք արմատական փոփոխություններ անելու հնարավորություն «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի միջոցով՝ հավելելով, որ դաշինքի ծրագրերը ոչ թե օդից վերցված են, այլ դաշինքի անդամների կյանքի ուղով անցած։

Վանաձորցիներին է դիմել դաշինքից պատգամավորության ռեյտինգային թեկնածու Վահան Ղույումչյանը։

–Այսօր այս հզոր մարդիկ, հզոր ուժեր կենտրոնացել են՝ ուղղելու երկրի ողնաշարը։ Մանդատն այնքան կարևոր չէ, որքան գիտակցությունը փոխելը։ Երբ մենք փոխենք մեր գիտակցությունը, կփոխենք մեր երկիրը։ Կարթագենը պետք է կործանվի։ Մենք կործանելու ենք այս համակարգը,–նշել է Վ. Ղույումչյանը։

Վանաձորցիների առաջ ելույթով է հանդես եկել Րաֆֆի Հովհաննիսյանը.

–99 տարի առաջ Ղարաքիլիսայի քաջարի պաշտպաններն ապահովեցին մեր ինքնությունը, մեր անվտանգությունը և մեր հավերժությունը։ Այս որակի Հայաստանի համար չէր, որ դա արեցին։ Մեծն Րաֆֆին գրում է, որ «մենք որպես ժողովուրդ՝ պետք է ազատագրվենք». դա ոչ միայն տարածական իմաստով, այլ նաև որպես մարդ՝ սեփական երկրում մենք մեզ պետք է ազատագրենք այդ վախից, այդ ստրկամտությունից, այդ կեղծ իշխանությունից, արարել, ստեղծագործել սեփական երկրում, լինել սեփական երկրի ճակատագրի տերը։ Մենք հանձն ենք առնում, որ մեր երկիրը պետք է դարձնենք ոչ թե փախուստի երկիր, այլ վերադարձի հայրենիք, և պիտի գործենք, մինչև որ դա տեղի ունենա։ Կարող է՝ ընկնենք, բայց երբեք չենք ծնկելու, և դա վերաբերում է մեր արտաքին թշնամուն, և նաև մեր ներքին վիճակին. ճակատում, դիվանագիտական սրահներում, փողոցում, բանտերում մենք պայքարը տանելու ենք մեր քաղաքացիների իրավունքների և մեր ազգային շահի համար։ Բարետես և բարեկիրթ վարչապետը սկսել է խոսել բացթողումների մասին, բայց եթե ինքն իրապես անկեղծ է, այլ ոչ թե հատուկ առաքելության վրա, ինքը պետք է մեկ անգամից ասի ոչ թե սխալ կամ բացթողում, այլ որ իր պատկանած կուսակցությունը՝ իր կուսակցապետով հանդերձ, պետական հանցագործությունների շարան է կատարել՝ ընտրագողություն, հանրային շահի և մասնավոր շահույթի միջև բախում, գործադիր իշխանությունից դատական իշխանության կախում, առողջապահության, սպորտի, գիտության, կրթության մշակույթի, ամեն ինչի կուսակցականացում, ունեզրկում, արտագաղթ, կոռուպցիա. սա՛ է իշխող կուսակցությունը, դրա համար մենք միասին որոշել ենք կերտել Հայաստան–Արցախ–Սփյուռք միասնական պատվանդանը՝ պաշտպանելու համար մեր քաղաքացու շահը՝ որտեղ էլ որ նա լինի։

Վանաձորցիներին դաշինքի ծրագրային դրույթներ են ներկայացրել նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը։

Տեսանյութը՝ այս հղումով

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը