Տնտեսական

13.06.2017 16:33


Կարկտահարությունից առավելապես տուժել է Արմավիրի 8 համայնք

Կարկտահարությունից առավելապես տուժել է Արմավիրի 8 համայնք

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր վաղ առավոտյան մեկնել էր Արմավիրի մարզ՝ նախօրեին տեղացած կարկուտի վնասները դիտարկելու նպատակով: Փոխնախարարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ շրջել է մարզի մի շարք համայնքներում, հանդիպել գյուղացիների հետ:
Դիտարկումների արդյունքներով՝ կարկտահարությունից առավելապես տուժել են Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի թվով 7 համայնքներ՝ Մրգաստան, Այգեշատ, Դաշտ, Դողս, Ամբերդ, Շահումյան, Արագած և Բաղրամյանի տարածաշրջանի Արգինա համայնքը: Վնասի չափը նշված համայնքներում հիմնականում տատանվում է 40-90 տոկոսի սահմաններում, առանձին տնտեսություններում մինչև 100 տոկոս վնասվածություն է գրանցվել:

«Օպերատիվ տվյալներով՝ երեկ տեղացած կարկուտը թեթև վնասներ է հասցրել նաև Շիրակի մարզում: Հակակարկտային կայանները ինտենսիվ աշխատել են, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել վնասներից Արագածոտնի մարզի հարակից համայնքներում, ինչպես նաև Արմավիրի մյուս հատվածներում, այլապես վնասները շատ ավելի մեծ կլինեին», - իր խոսքում նշել է Աշոտ Հարությունյանը:
Փոխնախարարի խոսքով՝ տեղերում ստեղծվել են համայնքային հանձնաժողովներ, որոնց հանձնարարվել է սեղմ ժամկետներում ակտերը ներկայացնել մարզպետարան, որն էլ տվյալները կամփոփի և կուղարկի հանրապետական հանձնաժողով՝ կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը