Տնտեսական

04.07.2017 12:11


ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց բնապահպանների բողոքի ակցիայով

ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց բնապահպանների բողոքի ակցիայով

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը: Նախագծով նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ³ առավելագույն ջրառից բացի, 100 միլիոն մ³ լրացուցիչ ջուր բաց թողնել: Newsbook.am-ը գրում է, որ մինչ խորհրդարանում կմեկնարկեր քննարկումները, բնապահպանները Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել: «Հայաստանի անտառներ» հ/կ-ի նախագահ Նազելի Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սևանա լիճն ընդամենը մի քանի օրվա ընթացքում իջել է 4 սմ-ով` 1900.91 սմ-ից 1900.87 սմ` օրենքով նախատեսված ջրառի շրջանակներում: Սևանա լճից արդեն բաց է թողնվել 100 միլիոն խմ-ից ավելի ջուր: Հուլիսի 3-ի դրությամբ Սևանա լիճը բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից ընդամենը 11 սմ-ով:

«Կառավարությունը պնդում է, որ հավելյալ ջրառի արդյունքում Սևանը կիջնի 8 սմ-ով` ապահովելով դրական հաշվեկշիռ: Եթե այս սակավաջուր շրջանում Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջուր վերցվի, Սևանա լիճն անխուսափելիորեն բացասական հաշվեկշիռ կունենա: Դեմ ենք Սևանը իջեցնելուն, դեմ ենք Սևանը ճահճացնելուն: Կոչ ենք անում բոլորին միանալ բողոքի ակցիաներին»,-ասաց նա:

Այնուհետև հարցը Ազգային ժողովում քննարկելու ժամանակ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հայտարարեց, որ Սևան-Հրազդան ջրառի իշխման տարածքում այս տարի նախորդ տարվա համեմատ Ապարանի և Ազատի ջրամբարներում 17 մլն խմ-ով ոռոգման քանակը պակաս է, իսկ Հրազդան գետի ջրատվությունը պակաս է 47 մլն խմ-ով, և որոշումը պայմանավորված է ջրի սակավությամբ:

«Սևան-Հրազդան համակարգում առկա է 17 մլն խմ ջրի դեֆիցիտ՝ նախորդ տարվա համեմատ: Նախորդ տարվա սցենարով ջրամատակարարում իրականացնելու դեպքում Մխչյանի և Ռանչպար պոմպակայանները կարող են լրացնել այս դիֆիցիտի շուրջ 50 տոկոսը միայն, այդ իսկ պատճառով Սևանա լճից ջրառը դառնում է անհրաժեշտություն», – նշեց նա: Վերջինիս խոսքով՝ խնդիրն ավելի է լրջանում, երբ այս ամենին գումարվում են նաև Ախուրյան-Արաքս համակարգի խնդիրները.

«Ախուրյան ջրամբարի առավելագույն լցվածությունը նախորդ տարվա համեմատ 105 մլն խմ –ով պակաս է: Ախուրյան-Արաքս համակարգի իշխման տակ գտնվող համայնքների ջրպակասի լրացումը մեխանիկական ջրարտադրությունն է՝ Արմավիրի ջրատարածքի խորքային հորերի շահագործման միջոցով, ինչը կպահանջի առնվազն 1.2-1.3 մլրդ դրամ հավելյալ ծախս», – ընդգծեց Հարությունյանը:

Հարությունյանը նշեց, որ այս ծրագրերը չիրականացնելու դեպքում Սևան-Հրազդան համակարգում 50 մլն խմ ջրի դիֆիցիտ կլինի, Ախուրյան-Արաքսում՝ 105 մլն, ինչը կհանգեցնի թերի ոռոգման և գյուղատնտեսական ապրանքների վերջնական արդյունքի կորստի:

Այս խորագրի վերջին նյութերը