Մեկնաբանություն

22.09.2017 12:35


Նալբանդյանը հարստացնում է Սարգսյանի «ճաշացանկը»

Նալբանդյանը հարստացնում է Սարգսյանի «ճաշացանկը»

Արտգործնախարար նշանակված Էդվարդ Նալբանդյանը հերթական անգամ հայտնվել է «քոթակի տղեկի» կարգավիճակում: Հարվածում են բոլոր կողմերից: Հարվածում են յուրայիններն ու ոչ յուրայինները: Եվ հերթական անգամ դա տեղի է ունեցել նախագահականից իջեցված հրահանգը պիոներական պարտաճանաչությամբ կատարելուց հետո:

Նալբանդյանի համար դաժանն այն է, որ հիմա նույն այդ նախագահական նստավայրին կից «1in.am» կայքը «փչացնում» է իրեն՝ Սերժ Սարգսյանի «ճաշացանկը» իբր թե փչացնելու համար: Մինչդեռ Նալբանդյանը ոչ միայն չի փչացրել Սերժ Սարգսյանի «ճաշացանկը», այլ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ այդ «ճաշացանկի» անոնսն է հնչեցրել (բուն «ճաշացանկն» արդեն ներկայացրեց Սերժ Սարգսյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից փաստացի հաստատելով Նալբանդյանի ասածները, ըստ որի՝ Ղարաբաղի շուրջ տարվող բանակցությունները բացառապես տարածքների վերադարձման շուրջ են՝ առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման):

Նախագահականին կից «անկախ» մամուլի «նագլիությունը» հասել է այնտեղ, որ Նալբանդյանին հանում են «ռուսական շպիոն», ով իբր Մոսկվայի «պասով» է սփյուռքի ներկայացուցիչների մոտ խոսել հողերը հանձնելու մասին, որպեսզի թիկունքից հարվածի Սարգսյանին (թե քանի ոչխար կհավատա այս բլեֆին, թողնում ենք ոչխարներ արածացնողների հաշվապահներին): Իսկ իրականությունն այն է, որ և՛ Նալբանդյանը, և՛ «անկախ» մամուլը, և՛ բոլոր տեսակի հաճախորդները ոչ թե «ռուսական շպիոն» են, այլ Բ26-ի կամակատարները: Պարզապես ամեն մեկին տարբեր հրահանգներ են իջեցվում և շատ հաճախ նույն թիմի տարբեր անդամներ իրար են «փչացնում». դա է «մուտիլովկաների» առանձնահատկությունը:

Ուշագրավն այն է, որ Նալբանդյանը հարցազրույց է տվել՝ փորձելով սրբագրել ու խմբագրել սեփական խոսքերը, սակայն լրիվ ուրիշ բան է ստացվել:

«Ինչպես երկու օր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով ընդգծեց Հանրապետության Նախագահը՝ կարևորն Արցախի կարգավիճակի հարցն է։ Եթե կարգավիճակի հարցը լուծում ստանա, ապա մնացած հարցերը կլուծվեն արդար և տրամաբանական ձևով, որովհետև մնացած բոլոր հարցերն ածանցյալ են»,-փորձել է իրականությունը խեղաթյուրել Նալբանդյանը։

Իսկ խեղաթյուրել է Նալբանդյանն իրականությունն այն պարզ պատճառով, որ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում կարգավիճակի մասով շատ վտանգավոր հայտարարություն է արել՝ չկարևորելով այն: Ասել է թե՝ Նալբանդյանը կամա թե ակամա ստում է, երբ ասում է, որ Սարգսյանը կարևորել է կարգավիճակի հարցը, իսկ մնացածը համարել ածանցյալ: Հակառակը՝ Սարգսյանը կարգավիճակի հարցը մղել է հետին պլան՝ փորձելով դա անել «ռազմահայրենասիրական» ձևակերպումների քողածածկույթի օգնությամբ:

Ահա Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող Սարգսյանի խոսքերը. «Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի»: Ղարաբաղն այսօր, ինչպես հայտնի է, միջազգային կարգավիճակ չունի: Սարգսյանն իր ելույթում նշել է, որ կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում այսօրվա կարգավիճակից ցածր կարգավիճակ Ղարաբաղը չի կարող ունենալ՝ չկոնկրետացնելով, որ կարգավորումը պետք է ենթադրի միջազգային կարգավիճակ Ղարաբաղի մասով (միջանկյալ կարգավիճակը հաշիվ չէ, քանզի դա ոչինչ չի նշանակում, եթե վերջնական կարգավիճակի ու այդ կարգավիճակին բերող մեխանիզմների հստակություն չկա):

Երբ ասվում է, որ կարգավորման արդյունքում Ղարաբաղը ավելի վատ կարգավիճակ չպետք է ունենա, ապա դա նշանակում է, որ Ղարաբաղը կարող է նաև ավելի լավ կարգավիճակ չունենանալ, ինչն էլ հենց ամենաանցանկալին է մեզ համար: Դա, ըստ էության, Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտպանած տխրահռչակ փուլային լուծման տարբերակն է, ինչին հանգել է Սարգսյանի իշխանությունը, սակայն փորձում է ինֆորմացիոն մանիպուլյացիաների միջոցով լղոզել պատկերը և հանրությանը մոլորության մեջ գցել:

Սարգսյանը ՄԱԿ-ում փաստացի ցույց է տվել, որ հայկական կողմի ցանկության նշաձողը Ղարաբաղի կարգավիճակի մասով իջեցվել է և առավելագույնը, որին ձգտում է հիմա պաշտոնական Երևանը՝ ԼՂՀ ներկայիս անճանաչ կարգավիճակն է: Ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքին, ապա այն շատ լայն ու հարաբերական հասկացություն է դառնում առանց ԼՂՀ վերջնական կարգավիճակի ամրագրման: Ինքնորոշում Ալիևն էլ է առաջարկում՝ Ադրբեջանի կազմում լայն ավտոնոմիայի կարգավիճակով:

Եվ այսպես, Նալբանդյանը, փորձելով հերքել ինքն իրեն՝ հաստատել է, որ կարգավիճակի խնդրում հայկական կողմը լուրջ հետքայլ է կատարել և հիմա բանակցություններն ընթանում են զուտ տարածքաների վերադարձի շուրջ: Ասել է թե՝ Նալբանդյանի խոսքն ամենևին էլ կոնտեքստից կտրված չի ընկալվել: Ընկալվել է այնպես, ինչպես ասվել է, և թող իզուր տեղն անհեթեթ դրության մեջ չդնեն նախարարին: Նա ասել է այն, ինչ ասել են նախագահական նստավայրից, այսինքն՝ հարստացրել է Սարգսյանի «ճաշացանկը»: Մնացածը դեմագոգիայի ու «մուտիլովկաների» ոլորտից են:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը