Մեկնաբանություն

19.11.2017 10:50


Վանաձորի (և ոչ միայն) առումը

Վանաձորի (և ոչ միայն) առումը

Տեղի ունեցավ սպասելին: Ավելի ճիշտ՝ դա վաղուց էր տեղի ունեցել, սակայն հիմա հրապարակայնացվեց:

Վանաձորում համագործակցության հուշագիր ստորագրեցին «Հայկական վերածնունդ» (նախկինում՝ ՕԵԿ) և ՀՀԿ կուսակցությունների ներկայացուցիչները՝ 2016-ին տեղի ունեցած Վանաձորի քաղաքապետի ընտրություններում 2-րդ և 1-ին տեղ «բռնած» կուսակցությունների ներկայացուցիչները (Վանաձորի ընտրողների ահագին մասը պետք է որ դժգոհ չմնա այս համագործակցությունից, քանզի երկուսից էլ, ըստ լավատեղյակների, ընտրակաշառք էր վերցրել և պարտաճանաչորեն ընտրել):

Հայաստանում այլևս ոչ մի բան, առավելևս քաղաքական կոչված դաշտում (չեմ ուզում օգտագործել «դաշտավայր» ձևակերպումը) ոչ մի անսպասելի բան չի լինում: Երբ Սահմանադրական դատարանը Վանաձորի ավագանու գործունեության հետ կապված օրերս որոշում կայացրեց, ոմանք մտածեցին, թե Գագիկ Հարությունյանի «կանտոռայում» ինչ-որ բան է փոխվել դրական ուղղությամբ: Բայց դա միամիտների կարծիքն էր:

Իրականությունն այն էր, որ Վանաձորի և, ենթադրաբար, ոչ միայն Վանաձորի պահով փակ կաբինետում գործարքը կայացել էր և ՍԴ-ին հնարավորություն էին տվել «ըմբոստ» որոշում կայացնել: Իշխանությունները գիտեին, որ Վանաձորի ավագանիում այլևս քվորումի խնդիր չի լինելու, և,ահա՛, Հարությունյանը «թունդ» որոշում է կայացնում:

Ինչ վերաբերում է «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, ապա ամեն ինչ պարզ է՝ ի՞նչ իմաստ ունի դիրք պահել, երբ առաջիկայում ընտրություններ չեն սպասվում և հետևաբար՝ գործարքը մղվում է առաջին պլան (հատկապես որ «թունդ ընդդիմադիր» լուսավորները ավելի լայնամասշտաբ գործարքի մեջ են իշխանությունների հետ, և ուրեմն՝ բարոյական իրավունք չունեն լոկալ գործարքը քննադատելու):

Գործարքը հիմա դարձել է միակ խաղի կանոնը (ի դեպ, դրա քարտ-բլանշը տվեցին քաղաքական վերնախավ կոչվածի հաճախորդացված հատվածներն ու 10.000 դրամով քվեն վաճառածները): Հայաստանում այլևս անսպասելի ու անկանխատեսելի բան չի լինում: Նման դեպքերում ֆորս մաժորը դառնում է միակ անսպասելի բանը: Կդիմանա՞ Հայաստանը ֆորս մաժորին:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը