Տնտեսական

17.02.2010 12:45


Տեղական հարկերի շուրջ բանավիճել են ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորները

Տեղական հարկերի շուրջ բանավիճել են ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորները

ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված «Հարկերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի վերաբերյալ «Հայելի» ակումբում բանավիճել են ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանն ու ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։ 

Անդրադառնալով բացասական կողմերին' Արծվիկ Մինասյանն ասել է, որ տեղական հարկերի ներմուծման մասին փաթեթը 4 ուղղություններով' տնտեսական, սոցիալական, իրավական և քաղաքական, անհրաժեշտ հիմնավորում չունի։

Նա նշել է, որ տնտեսական առումով չկա ոչ մի վերլուծություն, որը կապահովի տեղական հարկերի նման տեսակների տնտեսական ազդեցությունն ու նպատակահարմարությունը, իսկ սոցիալական առումով տնտեսական ճգնաժամի պայմաններում այդ հարկատեսակները լրացուցիչ բեռ են դառնալու, իրավական առումով էլ նախագիծը չի համապատասխանում ոչ միայն Սահմանադրության, այլև իրավական ակտերի մասին օրենքի պահանջներին, մասնավորապես՝ այնտեղ ներառված են հարկատեսակների անվանումներ, որոնց պետք է սահամանումներ տրվեն։ Ինչ վերաբերում է քաղաքական ուղղվածությանը, Ա.Մինասյանը նշել է, որ քանի դեռ հստակ մեխանիզմը, բազայի ճշտումը և սահմանումը չկան, որևէ մեկը չի կարող իրենց մեղադրել, երբ իրենք պնդում են, թե այդ հարկատեսակների գործադրումը  որպես քաղաքական գործիք կդիտարկվի հատկապես «այն անբարեխիղճ համայնքի ղեկավարների համար, ովքեր աչքի են ընկել արջի ծառայություն մատուցելու իրենց անհագ ցանկությամբ ու ձգտումներով և 2012թ. ընտրություններում կփորձեն գործադրել ի չարս հասարակության ու համայնքի զարգացման»։

-Մենք դեմ չենք համայնքների ֆինանսական կարողությունների հզորացմանը, ՏԻՄ համակարգի զարգացմանը, մենք կողմ ենք տեղական հարկերի գաղափարախոսության ճշգրիտ ներդրմանը։ Բայց մենք դեմ ենք, երբ չմշակված, չվերլուծված, չկանխատեսված, չգնահատված առաջարկներ են արվում, և փորձում են դա ներկայացնել այնպես, կարծես երկրի փրկությունը այդ հարկատեսակների մեջ է,-ասել է Արծվիկ Մինասյանը։ 

Հակադարձելով Արծվիկ Մինասյանին՝ Վարդան Այվազյանն ասել է. «Հասկանալու համար, թե ինչ ենք  անում, պետք է իմանալ՝ ինչի մասին ենք խոսում»։ Նա նշել է, որ օրենքն ամրագրում է երկու կարևոր հարկատեսակներ՝ հողահարկն ու գույքահարկը, որոնք համայնքային բյուջեի պարտադիր լիազորությունների կատարման ֆինանսական աղբյուրներն են, մնացած 8 հարկատեսակները համայնքի ղեկավարները կարող են դնել, կարող են չդնել։

-Օրենսդրական նախաձեռնության բուն բովանդակությունը 3 կարևորագույն խնդիրներն են։ Առաջինը՝ այս գումարների հավաքագրման լիազորությունը դարձնել պարտադիր, երկրորդը՝ համայնքին վարչական վարույթի իրավասություններ տալ, և երրորդը՝ ցանկացել էին մտցնել տեղական հարկատեսակների նոր գաղափարախոսության հիմքը, որի մեխանիզմներն ու հարկատեսակները պետք է գային շատ հետագայում,- ասել է Վարդան Այվազյանը։

Նա նշել է, որ նախագիծը սկզբունքորեն ընդունելի է, սակայն ճշգրտման կարիք կա, քանի որ կան հարկատեսակներ, որոնց գործառույթն ինքն էլ չի հասկանում, մասնավորապես՝ վաճառքի հարկը։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը