Տնտեսական

08.06.2018 11:48


Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցվի 10 դրամով

Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցվի 10 դրամով

Առայժմ միայն անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը նախատեսվում է նվազեցնել 10 դրամով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ուսումնասիրություններով ինչ արդյունքներ են արձանագրվել: Արթուր Գրիգորյանն ասաց, որ վարչապետի հանձնարականի համաձայն շահագրգիռ կողմերի հետ գնահատել են էներգետիկ ոլորտում բոլոր ռիսկերը և հնարավորությունները՝ սակագնի վերանայման հետ կապված:

«Այս պահին սակագնի վերանայման հետ կապված ունենք մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել: Դրանք պայմանավորված են ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ նախադեպը չունեցող աշխատանքների հետ: Պատմության մեջ չի եղել դեպք, որ ՀԱԷԿ-ն այս կարգով կանգնեցնի գործունեությունը և այնտեղ կատարվեն այս ծավալի աշխատանքներ: Ռիսկեր կան ժամկետից ուշ գործարկման շուրջ, ինչը սակագնի մասով կարող է ունենալ մեծ ազդեցություն: Հաշվի առնելով բոլոր ռիսկերը՝ գտնում ենք, որ կարող ենք սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել առայժմ միայն անապահով ընտանիքների մասով, որոնց թիվը հասնում է 120 հազարի: Մեր հաշվարկների արդյունքում եկել ենք եզրահանգման, որ ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել նրանց տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Արթուր Գրիգորյանն ասաց, որ սակագինը նվազեցնելու հարցում ունեն երկու տարբերակ. այն իրականացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շրջանակում կամ ՀԵՑ-ի սեփականատեր «Տաշիր» ընկերության հետ պայմանավորվածության արդյունքում: Ըստ նախարարի, վերջինս պատրաստ է իր շահույթի հաշվի սակագինը նվազեցնել, և եթե խնդիրը կարգավորվի վերջինիս հետ, ապա պետբյուջե ակնկալվող մուտքերը կմնան նույնը: Արձագանքելով՝ վարչապետ Փաշինյանն ասաց, որ նախարարի ասածն ընդունում են ի գիտություն: «Խոսեցիք սակագնի նվազեցման ռիսկերի մասին, սակայն չասացիք՝ ոլորտում ունե՞նք կոռուպցիոն ռիսկեր, չարաշահումներ, թե ոչ: Ակնկալում եմ, որ կշարունակեք ուսումնասիրությունները և կգաք զեկույցի, որպեսզի մենք համոզվենք, որ ամեն ինչ ճիշտ է: Առնվազն սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագինն իջնելու է, մյուսների հետ կապված քննարկումները շարունակում ենք: Վերջնական եզրակացությունները պետք է լինեն շատ համոզիչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը