Մեկնաբանություն

30.05.2011 20:38


«Որձ կովերի» տեսությունից մինչև մեգաէկոնոմիկա

«Որձ կովերի» տեսությունից մինչև մեգաէկոնոմիկա

Վերջին շրջանում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բավական ակտիվ է։ Նա հարցազրույցը հարցազրույցի հետևից է տալիս ու հանրահավաքային ելույթը ելույթի հետևից է ունենում։

Բագրատյանն այդ ընթացքում խոսում է հնարավոր բոլոր թեմաներից՝ կրոնից մինչև տնտեսագիտություն, հեղափոխությունից մինչև պետական կառավարում, բանակից մինչև բիզնես։ Իսկ հրապարակային գործունեությունից ազատ ժամանակ հասցնում է նույնիսկ բլյուզ նվագել։

Նշված բոլոր ուղղություններով նախկին վարչապետը «մի քիչ» մոդելի մեջ է։ Այսինքն՝ մի քիչ տնտեսագետ է, մի քիչ բլյուզմեն, մի քիչ կրոնագետ, մի քիչ պատմաբան (հղումներ անելիս՝ նա Ագաթանգեղոսի ու Բյուզանդի տեղերը խառնում է, բայց ոչինչ. կարևորը հնարավորինս շատ մեջբերումներ անելն ու տպավորություն ստեղծելն է), մի քիչ հեղափոխական (շատ է սիրում թունիսանալ ու եգիպտանալ, բայց հավատարիմ է ՀԱԿ–ի «գեներալնի լինիային» ու պատրաստվում է Սերժ Սարգսյանի հետ «երկխոսության»), մի քիչ դասախոս, մի քիչ հռետոր և մի քիչ քաղաքական գործիչ։

Հ. Բագրատյանի տիպի գործիչները կարող են խոսել ամեն ինչից, բայց, ինչպես հաճախ է լինում նման մարդկանց հետ, խորությամբ չեն տիրապետում կոնկրետ որևէ ոլորտի՝ լինի դա պետական կառավարում կամ կիթառ նվագել (արդեն ասեցինք՝ ամեն ինչից քիչ–քիչ)։

Թվերի ու տերմինների միջոցով ժանգլյորության սիրահար նախկին վարչապետն, ասում են, մի օր շատ զավեշտալի դրության մեջ է հայտնվել։ Դա իր վարչապետության տարիներն էին, երբ դիմելով Կառավարության աշխատակազմի համապատասխան աշխատակիցներին ու տնտեսության վերաբերյալ նրանց հանձնարարականներ տալով՝ նա շարունակ պնդել է, թե դեֆլյատորին է պետք ուշադրություն դարձնել, դեֆլյատորին։ Ու երբ աշխատակիցներից մեկը հարցրել է, թե պարո՛ն վարչապետ, դեֆլյատորն ի՞նչ է, վերջինս երկար ժամանակ ձայն չի հանել, իսկ հետո ստիպված խոստովանել է, թե ինքն էլ չգիտի դա ինչ է, բայց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն են անընդհատ պնդում ուշադրություն դարձնել դեֆլյատորին։

Թե որքանով է ճիշտ այս պատմությունը՝ դժվար է ասել, բայց շատ տիպիկ է մեր հերոսի համար, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, Բագրատյանը շատ է սիրում տերմիններ ու մեջբերումներ անել՝ հաճախ չիմանալով դրանց մասին կամ շփոթելով դարաշրջաններն ու դեմքերը։

Անշու՛շտ, չենք կասկածում, որ Բագրատյանը հիմա շատ լավ գիտի, թե ինչ բան է դեֆլյատորը, բայց հեռավոր 90–ականներին նա հաճախ սիրել է օգտագործել բառեր ու տերմիններ, որոնց մասին ունեցել է զուտ «կանալիզացիոն» պատկերացումներ։

Ի դեպ, վերջերս տեղեկացա, որ Հրանտ Բագրատյանը տնտեսագիտության տեսության մեջ նոր խոսք է ասել, գիրք գրել և անունն էլ դրել «Մեգաէկոնոմիկա» («մեգա»–ն օգտագործելով՝ մասշտաբային երևալու ցանկությունն ակնհայտ է)։ Գիրքն այդ դեռ չեմ հասցրել կարդալ, բայց չեմ կասկածում, որ դա նոր հորիզոններ բացած կլինի տնտեսագիտության մեջ ճիշտ այնպես, ինչպես գյուղատնտեսության մեջ հեղափոխական դարձավ Բագրատյանի հնարած «Որձ կովերի» տեսությունը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հրանտ Բագրատյանը կիսագրագետ է համարում գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին, և սա այն դեպքն է, երբ նախկին վարչապետի հետ դժվար է վիճել։ Սակայն արտաքուստ հակադիր սուբյեկտներ լինելով հանդերձ՝ նրանք ունեն մեկ ընդհանրություն, ես կասեի՝ ընդհանուր դժբախտություն։

Բանն այն է, որ երկուսն էլ «քաշվել» են «կովերի գործի» վրա։ Մեկն իր վարչապետության տարիներին գյուղատնտեսության ոլորտում անկումն ու անասնագլխաքանակի պակասը բացատրում էր նրանով, որ «որձ կովերն» իրենց սեռականապես պասիվ են պահում, իսկ մյուսը՝ համոզված է, որ կաթնատվության բարձրացման համար ընդամենն անհրաժեշտ է կովերի «էրոտիկ» մասերը գոլ ջրով լվանալ, պտուկները «ֆունդամենտալ» մաժմժել ու հետո նոր կթել։

Անկեղծ ասած՝ տվյալ դեպքում Տիգրան Սարգսյանի ասածները կովերի մասով Հրանտ Բագրատյանի ասածների հետ համեմատած ավելի խելքին մոտիկ են։ Այ տենց բաներ։

Այս խորագրի վերջին նյութերը