Մեկնաբանություն

09.12.2011 12:42


Համապատասխան սրտի անհամապատասխան մխիթարանք

Համապատասխան սրտի անհամապատասխան մխիթարանք

Սերժ Սարգսյանի սիրտն, ամենայն հավանականությամբ, հովանում է, երբ փեսայի ազդեցության տակ գտնվող «ազատ, բայց սերժատու» թերթերում և կայքերում հայտնվում են «հավաստի» լուրեր այն մասին, որ ՀՀԿ–ն ու ԲՀԿ–ն միասնական ցուցակով են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Իրական կյանքում չկարողանալով հասնել իր ուզածին՝ Սարգսյանը, հավանաբար, բավարարվում է ԲՀԿ–ի նկատմամբ տարած վիրտուալ հաղթանակներով։ Բայց դա, համաձայնեք, որ համապատասխան սրտի անհամապատասխան մխիթարանք է, քանզի հալվա, հալվա ասելով բերանդ չես քաղցրացնի, «միասնական ցուցակ» ասելով էլ նպատակիդ չես հասնի։

Չգիտեմ հասկանու՞մ են արդյոք նախագահականում, որ ԲՀԿ–ի հանդեպ իրենց թույնն ու թարախը թափելով՝ ի ցույց են դնում սեփական անզորությունն ու ֆրուստրացիաները, ինչպես նաև լրացուցիչ փաստարկներ են տալիս Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նա նույնիսկ 0,00001 տոկոսի չափով հավանական չհամարի Սերժ Սարգսյանի հետ միասնաբար գնալու տարբերակը։ Դա էլ իր հերթին է՛լ ավելի է թուլացնում ՀՀԿ «ճկուն» ղեկավարի դիրքերը։

Բաղրամյան 26–ում շուտով երևի շամանական կուրսերի կանցնեն և, բացի այդ, «աուտոտրենինգով» կփորձեն իրենք իրենց համոզել ու հանգստացնել, որ «միասնական ցուցակ» կա, «միասնական ցուցակ» կա։ Թող փորձեն։ Միգուցե օգնի։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ ԱԺ–ում բյուջեի քվեարկությունն ու Կառավարության անվստահության հարցի հետ կապված պատգամավորական ձայների բաշխվածությունը ցույց տվեցին, որ իշխանական կոալիցիան «դե ֆակտո» գոյություն չունի։ Ավելին, միասնական ՀՀԿ այլևս գոյություն չունի։ Համոզված եմ, որ գալիք ընտրություններն էլ ցույց կտան, որ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանն էլ որպես իշխող զույգ ընտրողների համար գոյություն չունեն։

Այս խորագրի վերջին նյութերը