Մեկնաբանություն

22.05.2012 20:02


Տիգրան Սարգսյանի ֆենոմենը

Տիգրան Սարգսյանի ֆենոմենը

Եթե Հայաստանը նորմալ երկիր լիներ, ապա հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում տնտեսության մեջ արձանագրված ցուցանիշները՝ մենք առնվազն 5 վարչապետ պետք է փոխած լինեինք, այնինչ ձախողումների քայլող խորհրդանիշի վերածված Տիգրան Սարգսյանը ընդմիշտ է, ինչպես, ասենք, կոկա–կոլան։

Եկեք անկեղծ լինենք. նորանկախ Հայաստանի բոլոր վարչապատերեն էլ թերություններ և բացթողումներ ունեցել են, բայց յուրաքանչյուրը տվյալ փուլում որոշակի առաքելության կրող է եղել ու ձգտել է կյանքի կոչել այդ առաքելությունը, իսկ ահա Տիգրան Սարգսյանի նման գործադիր իշխանության «պռավալշչիկ» և առաքելությունից զուրկ ղեկավար չենք ունեցել, եթե, իհարկե, առաքելության տակ նկատի չունենանք դոլար–դրամ խաղերի միջոցով ՀՀ բնակչությանը մեկ գիշերվա ընթացքում կողոպտելը, դրսից բերված միլիարդավոր վարկերը կասկածելի ձևերով օգտագործելը կամ հարկային տեռորի միջոցով «մեկ պատուհանի» կոռուպցիոն համակարգ ձևավորելը։  

Շատերի մոտ է զարմանք առաջացնում ներկա վարչապետի ֆենոմենն այն առումով, որ նա, չնայած Գյումրին ծովափնյա քաղաք դարձնելու և մոծակների դեմ պայքարի միջոցով Ջերմուկը միջազգային առողջարանային կենտրոնի վերածելու թոզփչոցիներին, այնուամենայնիվ մնում է իր պաշտոնին։ Շատերն են հարց տալիս, թե ինչու է Սերժ Սարգսյանը պահում բացառապես դեմագոգիայով, բլեֆով ու փարիսեցիությամբ զբաղվող վարչապետին։

Պատասխանը շատ տրիվիալ է, և պետք չէ այս ամենի մեջ լուրջ բաներ փնտրել՝ «վարչապետը Արևմուտքի մարդն է» կամ «Տիգրանը դրսի «դաբրոյով» տղա է» թեմաներով, քանի որ նման բան չկա և չի կարող լինել։

Տիգրան Սարգսյանի վարչապետական երկարակեցության գաղտնիքը հետևյալն է. Սերժ Սարգսյանը սիրում է շրջապատված լինել թույլ, վարկաբեկված, քաղաքական դիակի վերածված, կամակատար ու սեփական «ես»–ը չունեցող մարդկանցով, քանզի միայն այդ դեպքում է իրեն ապահով զգում։ Այդ ամենը հաշվի առնելով՝ Տիգրան Սարգսյանը պարզապես գտածո է Սերժ Սարգսյանի համար։ Վարչապետը հենարան չունի քաղաքական դաշտում, և նրա վարած տնտեսական քաղաքականությունը չեն ընդունում բիզնեսի բոլոր՝ փոքր, միջին ու խոշոր շերտերի ներկայացուցիչները (բացառություն են կազմում վարչապետի մերձավոր բիզնեսմենները, որոնց համար նա, օրինակ, պետպատվերով դիզվառելիքի շուկա է ապահովում կամ 305 դրամով դոլար, որը գիշերային որոշմամբ մեկ օրում դառնում է 370 դրամ), ինչը Տիգրանին շատ խոցելի է դարձնում։ Խոցելի և հանրության կողմից անընդունելի վարչապետ ունենալն էլ հենց մտնում է Սերժ Սարգսյանի ծրագրերի մեջ, քանի որ ցանկացած այլ ֆիգուր, ով իրական հենարան կունենա ԱԺ–ում և հասարակության մեջ, պոտենցիալ վտանգ կներկայացնի գործող նախագահի համար։

Գաղտնիք չէ, որ դեռևս պաշտպանության նախարար եղած ժամանակներից Ս. Սարգսյանը հանրային լեգիտիմության լուրջ խնդիրներ ունի, և անկախ այն հանգամանքից, թե 2008–ին ինչ տոկոսներ հայտարարեց ԿԸՀ–ն նրա օգտին, կամ վերջին ընտրություններում քանի տոկոս գրվեց ՀՀԿ–ի դիմաց, լեգիտիմության դեֆիցիտի հարցը շարունակում է հետապնդել նախագահին։ Այդ պայմաններում Սարգսյանին պետք է ունենալ մի վարչապետ, ով մի կողմից գործիքի դեր կկատարի տնտեսության գերկենտրոնացումն ապահովելու և սեփականության վերաբաշխումը գլուխ բերելու հարցում, մյուս կողմից էլ՝ կունենա հանրային լեգիտիմության ու պետական ապարատի ներսում հեղինակության ավելի ցածր մակարդակ, քան ունի նախագահը։ Տիգրան Սարգսյանը լրիվ համապատասխանում է այդ պահանջներին, ու դա է պատճառը, որ նա շարունակում է պաշտոնավարել։ Ասել է թե՝ երկրի տնտեսական կյանքում տեղի ունեցող բացասական գործընթացները, տնտեսական անկումը և գործադիր իշխանության տնտեսական թիմի մասնագիտական դիլետանտիզմը բացարձակապես չեն հուզում նախագահին։ Ս. Սարգսյանին պետք է «ուսյալ–կրթյալ» կամակատար, և այդպիսին գտնվել է ի դեմս վարչապետ Սարգսյանի։ Ահա և Տիգրան Սարգսյանի մնայունության ֆենոմենը։ Ու պետք չէ Տիգրանից եվրաբարեշրջիչ կամ ֆուտուրոլոգ Թոֆլերի նկարագրած «երրորդ ալիքի» գործիչ կերտել. դա պարզապես ծիծաղելի է։

Վարչապետի միակ «արժանիքը», որի շնորհիվ նա մնացել է աթոռին, Սերժ Սարգսյանի հլու–հնազանդ ենթակա լինելն ու «Հայկական աշխարհի» կառուցման գաղափարի տակ սուպերօլիգարխիկ համակարգի ստեղծմանը նպաստելն է։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Տիգրան Սարգսյանի քարոզչությամբ զբաղվող լրատվամիջոցներից մեկն այժմ  փորձում է վարչապետին ներկայացնել որպես Համահայկական բանկի միջոցով օլիգարխների դեմ պայքարի ելած եվրոարժեքների կրող մարտիկ։ Այսինքն՝ ուզում են բեմադրել «ԵվրոՏիգրանն ընդեմ չար օլիգարխների» թատրոնը։ Փաստորեն, տիգրանամետ այդ լրատվամիջոցը հասարակությանը մոլորեցնելու հարցում հետ չի մնում «միջազգային կենտրոնների» մեծ սիրահարի բլեֆային երևակայությունից։ 

Ի դեպ, տեղին է հիշեցնելը, որ մի ժամանակ նույն այդ լրատվամիջոցը գործում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին կից ու նրան ներկայացնում որպես եվրոարժեքների կրող գործիչ։ Թե վերջում ինչպիսի գործիչ դուրս եկավ ՕԵԿ նախագահը՝ բոլորիս է հայտնի։

Այս խորագրի վերջին նյութերը