Մեկնաբանություն

26.06.2012 17:40


Ու՞մ է պատկանում խորհրդարանը

Ու՞մ է պատկանում խորհրդարանը

Խոսքս սահմանադրական բնույթի պատկանելության մասին չէ։ Տվյալ դեպքում հետաքրքիր է հարցը դիտարկել քաղաքական ընթացիկ իրավիճակի տեսանկյունից։

Շրջիկ խմբերի, բազմակի քվեարկությունների և ուռճացված ցուցակների միջոցով ՀՀԿ–ին հաջողվեց ստանալ ԱԺ–ի հսկիչ փաթեթը։ Տիգրան Սարգսյանի ներկայացրած կառավարության թույլիկ ծրագրի քվեարկությունը ցույց տվեց, որ այդ հսկիչ փաթեթի մաս կազմող ՀՀԿ–ական և ՕԵԿ–ական պատգամավորները, ինչպես նաև մեծամասնականով անցած երկու դրածո պատգամավորները, կատարեցին վերևից իջեցված հրահանգն ու ծրագիրն անցկացրեցին։

Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով՝ կարելի՞ է արդյոք ասել, որ ԱԺ–ն միանշանակորեն Սերժ Սարգսյանի գրպանում է։ Իհարկե՝ ոչ։ Խորհրդարանն այս պահին այնքանով է ենթարկվում նախագահականին ու դակում կառավարության ներկայացրած փաստաթղթերը, որքանով քաղաքական իրավիճակը դեռևս չի պարզվել։ Իսկ կպարզվի այդ իրավիճակը նախագահական ընտրությունների ժամանակ։

Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի խուսափել նախընտրական ու հետընտրական ցնցումներից և վերարտադրվել, ապա այո՝ այս խորհրդարանը վերջնականապես կդառնա գործադիրի կցորդը և նախագահի նեղ շրջապատի կամակատարը։ Չի բացառվում, որ այդ դեպքում իշխանամետ պատգամավորների գլխաքանակի ավելացում տեղի ունենա։ Կարծում եմ, որ կարիք չկա բացատրելու, թե ինչու Հայաստանն այդ դեպքում կվերածվի միջինասիական տիպի հետամնաց երկրի, բայց առանց նավթի ու գազի։

Իսկ եթե նախագահական ընտրությունների ժամանակ հանրային լայն ընդվզում ապահովվի, ապա Սերժ Սարգսյանի առաջին շրջանի նախագահության պաշտոնական ժամկետը դեռ չավարտված՝ ԱԺ մեծամասնության կառուցվածքը կփոխվի։ ՀՀԿ խմբակցությունում կմնան միայն նրանք, ովքեր թռնելու տեղ չեն ունենա, կամ նրանք, ովքեր չեն հասցնի թռնել։ ՕԵԿ–ի մասին իմաստ էլ չունի խոսել։ Արթուր Բաղդասարյանը, կոպիտ ասած, մնացել է ՀՀԿ ղեկավարի վրա և որևէ մեկին պետք չէ։

Աներկբա է, որ ժողովրդական ալիքի առկայությամբ նախագահական ընտրությունների փուլում հնարավոր կլինի Ս. Սարգսյանի տակից հանել խորհրդարանական մեծամասնությանը։

Հիշենք, թե ինչ եղավ 2008թ. նախագահականի ժամանակ, երբ Լևոն Տեր–Պետրոսյանը, խորհրդարանում գեթ մեկ պատգամավոր չունենալով, կարողացավ հանրահավաքային ալիքի օգնությամբ 7–հոգանոց «խմբակցություն» ձևավորել։ Ճիշտ է, իշխանությունները ետ վերադարձրեցին «լեզուներին», բայց փաստն ինքնին հետաքրքիր է։

Պատկերացնել կարելի է, թե ինչ տեղի կունենա այս խորհրդարանում, երբ 2013–ի նախագահականի ժամանակ ԱԺ կառուցվածքը որոշեն վերանայել արդեն իսկ հինգ տասնյակի չափ պատգամավորներ ունեցող ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ը։ Տեր–Պետրոսյանը զրոն յոթի վերածեց։ Դժվար չէ կռահել, թե 50–ը որքան կարող է դառնալ, երբ դրսում հարյուրհազարավոր մարդիկ շարժվեն դեպի Բաղրամյան 26։  

Այնպես որ, դժվար է ասել, թե քաղաքական առումով ում է պատկանում այս ԱԺ–ն։ «Հերձումը» ցույց կտա։

Կարեն Հակոբջանյան 

Այս խորագրի վերջին նյութերը