Մեկնաբանություն

25.09.2012 13:58


Ծառուկյանից «քաշվածները»

Ծառուկյանից «քաշվածները»

Սերժ Սարգսյանին բազում ծառայություններ մատուցած և Սուտիբեկյանի համբավ ունեցող Ահարոն Ադիբեկյանն իր վերջին ասուլիսով հունից հանել է Բաղրամյան 26–ին։ Ադիբեկյանը, Գագիկ Ծառուկյանի վարկանիշի մասին բարձրաձայնելով, իշխանությանը հասկացրեց, որ եթե իր ծառայություններից չօգտվեն, այլ դիմեն կոոպերատիվ Գելափներին, ապա ինքը կասի այնպիսի բաներ, որ Սերժ Սարգսյանին քիչ չի թվա։ Մի խոսքով, Ադիբեկյանը ստի տարածման առումով գործարք է առաջարկում իշխանությանը։

Իշխանության արձագանքն Ադիբեկյանի ասածներին բավական նյարդային էր։ «Անկախ» մամուլն ու դրան կից գործող ոչ պակաս «անկախ» վերլուծաբանները սկսեցին միաբերան պնդել, թե Գ. Ծառուկյանի հնարավոր առաջադրումը նախագահական ընտրությունների ժամանակ ձեռնտու է Սերժ Սարգսյանին և անգամ վերջինիս «դաբրոյով» է լինելու։

Հետաքրքրական է, որ ԲՀԿ–ն դեռ չի հայտնել իր դիրքորոշումը նախագահական ընտրությունների հետ կապված, բայց սերժամետ լրատվամիջոցներն արդեն հասցրել են Ծառուկյանին տարբեր կարգավիճակներում ներկայացնել։ Նույն մարդը տարբեր անուններով, տարբեր անուններ ունեցող լրատվամիջոցներում մի օր գրում է, թե վերջ, Ծառուկյանը Սարգսյանին է սատարելու, իսկ հաջորդ օրն էլ, թե վերջ, Ծառուկյանը Սերժի գիտությամբ դնելու է իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում։ Արդյունքում՝ «անկախ» լրագրողներն իրենց խմբագիրներով հանդերձ հայտնվում են բավական հիմար վիճակում։ Տղե՛րք, գոնե մի գիծ բռնեք ու այդպես շարժվեք առաջ կամ էլ այդքան լրատվամիջոց ունեք, ամենքին տարբեր ուղղություններ տվեք, եթե չեք կարողանում հասկանալ, թե որ գիծն է ճիշտը։ Ինչևէ։

Փաստորեն, նախագահական նստավայրում չեն կողմնորոշվում, թե ինչպիսի մարտավարություն որդեգրեն ԲՀԿ առաջնորդի դեմ քարոզչության առումով՝ վերածվելով Ծառուկյանից «քաշված» սուբյեկտների։ Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ եթե Ծառուկյանի մի քիչ էլ ձգի «հաջորդ դասի» գալը, ապա սրանք վերջնականապես հոգեխանգարմունքի կենթարկվեն։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը