Մեկնաբանություն

03.10.2012 17:35


«Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյանը» կայացավ

«Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյանը» կայացավ

ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելն այն դեպքերից է, երբ կարելի է ասել՝ չկա չարիք առանց բարիքի։

Չարիքն այն է, որ խորհրդարանական մեծամասնությունն առանց իրավական հիմքի համաձայնություն տվեց Աղվան Հովսեփյանի միջնորդությանը և դրանով իսկ հարված հասցրեց և՛ օրենսդիր մարմնին, և՛ Հայաստանի իմիջին։

Դրական է այս ամենն այն առումով, որ պարզորոշ դարձավ, թե ով ով է մեր քաղաքական դաշտում։  Քվեարկությունը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ՝ փաստացի մենակ է մնացել։

Ինչպես հայտնի է, ոչկոալիցիոն ուժերը՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «ժառանգությունը», քվեարկությունը բոյկոտեցին։ Վարդան Օսկանյանի «գործի» շուրջն այնպիսի հասարակական ու քաղաքական մթնոլորտ ձևավորվեց, որ անգամ Նիկոլ Փաշինյանը, ով ստանձնել էր Սերժ Սարգսյանի սարքած գործին ընդդիմադիր դիրքերից «գաղափարական» հիմնավորումներ տալու ֆունկցիան, ստիպված եղավ ենթարկվել ՀԱԿ–ի որոշմանն ու չմասնակցել քվեարկությանը, չնայած ավելի վաղ արած իր հայտարարությամբ խոստացել էր կողմ քվեարկել գլխավոր դատախազի միջնորդությանը։

Օսկանյանին «հանձնեցին» միայն ՕԵԿ–ն ու ՀՀԿ–ն (ոչ ամբողջ կազմով), ինչպես նաև «Վիկտոր Դալլաքյան-2»–ը՝ իրեն անկախ պատգամավոր հռչակած Էդմոն Մարուքյանը։ Վերջինս, իհարկե, պնդում էր, թե ինքնուրույն է որոշում կայացնելու, և խորհրդարանի շենքում չկա մեկը, ով իրեն կստիպի ինչ–որ բան անել, բայց դե, մարդն իր վարքով ցույց տվեց, որ եթե ոչ ԱԺ–ի շենքում, ապա մեկ ուրիշ շենքից թելադրել էին, թե ինչ պետք է ինքն անի։ Ինչևէ։

Այսպիսով՝ քաղաքական դաշտում առարկայական տեսք ստացավ «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափը։ Եթե ավելի բացած տեսքով ներկայացնենք այդ ձևաչափը, ապա կստանանք «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան, մինուս ՕԵԿ, մինուս Նիկոլ Փաշինյան»։

Քվեարկության արդյունքում բոլորը տեսան, թե իրենից ինչ է ներկայացնում ՀՀԿ ղեկավարի ողջ ռեսուրսը։ Գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ՝ սա վատ պատկեր չէ։ Իրական հնարավորություն է ստեղծված քաղաքական ու հասարակական լայն կոնսոլիդացիայի միջոցով գնալ ամբողջական ու արմատական փոփոխությունների։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ հայաստանյան փոփոխությունների համար նպաստավոր ֆոն է ստեղծվել նաև Վրաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո։ Փոփոխությունների քամին գալիս է մեր արևմտյան հարևանից, և պետք է անել ամեն ինչ, որ 2013թ. փետրվարին քամին այդ փոթորիկի վերածվի և պետական կառավարման համակարգից սրբի ստալինյան ոգով կառավարող ու Հայաստանում բրեժնևյան ճահճացած մթնոլորտ ստեղծող այս իշխանությանը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը