Մեկնաբանություն

24.03.2013 20:40


Սերժ Սարգսյանի պատասխան նամակը Րաֆֆի Հովհաննիսյանին (էքսկլյուզիվ)

Սերժ Սարգսյանի պատասխան նամակը Րաֆֆի Հովհաննիսյանին (էքսկլյուզիվ)

Ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակից ուրբաթ օրը նամակ էր ուղարկել Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով «Սնունդ՝ աշխատանքի դիմաց», ավելի ճիշտ՝ «Պաշտոն՝ լեգիտիմության ճանաչման դիմաց» տարբերակով համագործակցություն։

Սերժը որոշել է ոչ թե խաչ քաշել Րաֆֆու նամակի վրա, այլ պատասխան նամակ գրել։ Ստորև ձեզ ենք ներկայացնում այն։

. . .

ՀՀ, Երևան, Բաղրամյան 26

Ազատության հրապարակի աջից 3–րդ նստարանի

հացադուլավոր բնակիչ Րաֆֆի Հովհաննիսյանին

Ազատամարտի ռահվիրա Սերժ Սարգսյանից

24.03.2012

Րաֆֆի՛, նախ արև, հետո բարև։ Չնայած քո բարևի մեջ արև չկա, բայց տատս ինձ սովորեցրել է այսպես սկսել նամակները։

Նախքան նամակիս բուն բովանդակությանն անցնելը ասեմ, որ քեզ շատ կարոտել ենք այստեղ, Րաֆֆի՛։ Շնորհակալ եմ, որ հանրահավաքի 3.000 մասնակիցների ներկայությամբ ճանաչեցիր նախագահական ընտրությունների արդյունքները։ Ճիշտ է, դա արեցիր ահագին չեմուչումից ու «կապրիզներից» հետո, ինչը չէր մտնում մեր նախնական պայմանավորվածության մեջ, բայց ամեն դեպքում՝ շնորհակալ եմ, Րաֆֆի՛։

Ի դեպ, Զորավարդ էլ է քեզ բարևում։ Մի քիչ նեղված է, որ րոպեն մեկ զանգում և անհեթեթ բաներ ես ուզում, բայց ոչինչ։ Հուսով եմ նա ժամանակին է տեղ հասցնում հացադուլիդ «պերերիվները»։ Եթե Զորավարը թերանա իր գործում, ապա քո ողջախոհ երիտթևի միջոցով կապվիր իմ ողջախոհ երիտթևի հետ, և ես կկարգավորեմ ամեն ինչ։

Գիտեմ, որ բուտերբրոդներն առանց կետչուպ–մայոնեզի ու սոխի ես սիրում, Րաֆֆի՛։ Միշտ զգուշացնում եմ այդ մասին մեր խոհարարին։ Եթե ինձ լսես, ապա գիշերները տուն կգնաս, որպեսզի չմրսես։ Դու մեզ դեռ շատ ես պետք, Րաֆֆի՛, քեզ լավ նայիր։ Եթե պետք է, Րաֆֆի՛, շրջիկ հացադուլավորներ կուղարկեմ ու քո փոխարեն փոխնեփոխ կգիշերեն վրանի տակ այնպես, ինչպես ուրիշի փոխարեն քվեարկում էին։ Զորավարը դա շատ լավ կկազմակերպի։ Մտածի՛ր այս առաջարկիս վրա, Րաֆֆի՛։

Րաֆֆի՛, քո գնալուց հետո լիքը լրագրողներ էի հավաքել ու պատմում էի մեր զրույցի մասին։ Նրանք էլ էին, ինչպես ես, զարմացած քո ասածների և տեղում ինձ տրվելու պատրաստակամության վրա, բայց ոնց որ ներքուստ ինձ չէին հավատում, որ ասում էի, թե Րաֆֆին ինձ առաջարկել է միացնել պետական ոստիկանական ողջ մեքենան ու Հանրապետականի հետ միասնաբար գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների՝ մինչև այդ համատեղ կոալիցիա կազմելով։

Շնորհակալ եմ քեզանից, որ հանրահավաքում արած քո առաջարկով ամբողջությամբ հաստատեցիր իմ ասածները։ Րաֆֆի՛, սատանի բան է. մի անգամ ճիշտ բան ասեցի, ոչ ոք չհավատաց։ Իրոք որ գաղջ մթնոլորտ է ստեղծված, Րաֆֆի՛։

Հիմա անցնեմ բուն ասելիքիս։

Րաֆֆի՛, ապրես, որ մերոնց հետ կապը պահում ես։ Փեսաս ու քո բեմարվեստի երկրպագու վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհ են քեզանից։ Բոլորը զարմացել են, թե ինչպես ես կարողանում սովաբուժությունդ «կեղծիքադուլի» տեղ «տուլիտ» անել հայ ժողովրդի վրա։

Ասում են, թե շատ լավ դերասանություն ես անում և պայքարում մեր ընդհանուր հակառակորդների դեմ, բայց դա այնպես ես անում, որ հավաքվածները չջոկեն ու քո ամեն խոսքից հետո զոմբիավարի «Այո՜» բացականչեն։ Մալադե՛ց։

Րաֆֆի՛, հլա մի օր փորձիր «Սերժի՛կ, նախագա՛հ» գոռալ։ Հետաքրքիր է՝ այդ դեպքու՞մ էլ «Այո՜» կգոռան հավաքվածները։ Իմ կարծիքով պետք է որ գոռան, որովհետև մի քիչ խուճուճ ձևակերպումներով դու արդեն «Սերժի՛կ, նախագա՛հ» գոռացել ես ու հավաքվածների հավանությանն արժանացել։ Որ կարողանաս «Սերժի՛կ, նախագա՛հ» գոռալ տալ Ազատության հրապարակում, ապա գաղջ մթնոլորտը կվերանա, Րաֆֆի՛։ «Պերերիվներդ» այդ դեպքում կկրկնապատկեմ, Րաֆֆի՛։

Ինձ թվում էր, թե Արտաշես Գեղամյանից ու Արթուր Բաղդասարյանից հետո  ես այդ «կլասի» մարդիկ այլևս չեմ ունենա, բայց սխալվեցի։ Դու տվիր–անցար նրանց քո «կրեատիվ» մտքով և «արևմտյան» տեխնոլոգիայով։ «Վսյո տակի» Ամերիկա ծնված–մեծացած տղա ես, Հոլիվուդը մոտիկից տեսած ու դեմքիդ կեղծ ամերիկյան ժպիտ տալը մանկուց սերտած մարդ։ Դրա համար էլ էսքան տարվա մեջ չբացահայտվեցիր։

Ինչ մնում է առաջարկիդ կետերին, ապա ասեմ, որ հեռացվելիք մարզպետների քանակի մասով չափն անցել էիր։ Բա ես քեզ չէ՞ի ասել՝ երեքի համար հրաժարական կպահանջես, իսկ դու հինգն ես ուզում, բա եղա՞վ։ Ես հանելու եմ նրանց, որտեղ իմ օգտին լավ չէին կեղծել ու քո ձայները շատ էին ստացվել։ Գիզիրյանին արդեն հանեցի։ Հիմա դու պետք է պահանջես մյուս երկուսինը։ Ի՞նչ ես կպել Լիսկայից։ Այդ փուլն անցավ։ Մոռացե՞լ ես, Րաֆֆի՛։ Կարո՞ղ է իրոք հաց չես ուտում, ու հիշողությանդ հետ բան է կատարվում։ Եթե պետք է, ապա Դերոյին ասեմ՝ թող բժիշկ ուղարկի։  Հասկացանք, որ Տիգրանն իր «Լիսկային» է ուզում բրդել Սյունիք, փեսաս՝ իր, ու դու այդ պատճառով ես Լիսկայի հրաժարականը պահանջում, բայց դե Լիսկան նորմալ աշխատել է իմ օգտին, հետևաբար՝ ինչո՞ւ պետք է հեռացնեմ։ Այնպես որ հանգստացի՛ր ու պահանջիր նրա՛նց հրաժարականը, ում կասեմ, իսկ մերոնց էլ քիչ լսիր։ Դրանց որ մնա, ԺԷԿ–ի պետերին էլ կուզենան իրենց մարդկանցով փոխարինել։ Դեռ հինգ տարի ունեմ, բայց Միշիկն արդեն չսպանած արջի մորթին է ուզում կիսել։ Տատս ասել էր հա՜...

Մյուս պաշտոնյաների մասով էլ մի շտապիր, Րաֆֆի՛։ Ցանկը լրացուցիչ կճշտենք ու անունները կփոխանցենք քեզ, իսկ դու էլ ժողովրդի անունից դրանք կներկայացնես իմ հաստատմանը։ Դու «կպահանջես», իսկ ես կկատարեմ «քո» պահանջները (սմայլիկ դնելու ձևը չգիտեմ, քա՛հ–քա՛հ–քա՛հ)։

Րաֆֆի՛, ասա, որ մերոնք լավ «տրյուկ» են մտածել։ Ես ներիշխանական ռազբորկաների հարցը լուծում եմ քո միջոցով ու դա ներկայացնում որպես ժողովրդի պահանջ։ Կյանքումս լեգիտիմ չէի զգացել ինձ։ Հիմա նոր եմ հասկանում, թե դա ինչ զորեղ բան ա։ Ա՛յ մարդ, ժողովրդի աջակցությունն ունենալն ուրիշ ա, էլի։  

Կեղծիքն ու երեսպաշտությունը, զոռբայությունն ու թշնամանքը քանդելու ենք հատիկ առ հատիկ ու հետևողականորեն, որ բացճակատ գոռանք՝ «ազատություն, մենք ազատ ենք»: Որ հպարտորեն կոչ անենք բոլորին՝ եկե՛ք «հետ, դեպի գետը Արազ...»: Որ փոքրիկ Սերժի ու իր սերնդակիցների աչքերին նայելու ու պատասխաններ տալու տեղ ունենանք, Սե՛րժ Րաֆֆի՛:

Լա՛վ, լիրիկայից դուրս գամ։ Տատուս ասած՝ դրա համար չեմ քեզ նամակ գրել։ Կոնկրետ քո մասով մենք նախատեսել ենք «ընդդիմության առաջնորդի» պաշտոնը։ Այդպես հա՛մ տակդ չոր կլինի, հա՛մ փորդ՝ կուշտ (քա՛հ–քա՛հ–քա՛հ)։ Երևանի ընտրություններում էլ ինչով կկարողանանք՝ կօգնենք։ Բայց էն, որ միտինգների ժամանակ ասում ես, թե «Ողջունե՛ք Երևանի ապագա քաղաքապետ Արմեն Մարտիրոսյանին», դա արդեն անկապ ոգևորվում ես, ու քեզ թվում ա, թե նախագահականի պես ենք անելու։ Էնքան եք տենց արխային ընկնելու՝ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը սաղ ձեները տանեն, ու մենք քաշվենք։ Րաֆֆի՛, տատս մի լավ խոսք ուներ։ Ասում էր՝ քաղաքապետարանը դեռ չտեսած, բարև մի՛ տուր։

Րաֆֆի՛, ավարտելով նամակս ասեմ՝ վերջ տուր ձևականություններիդ։ Միևնույն է բոլորը ջոկելու են, թե ով ես։ Արի էս անգամ վառ գույնի վադալազկա հագի ու եկ իմ երդման արարողությանը։ Զուգահեռ ինաուգուրացիայի թատրոն մի՛ խաղա։ Մեր ժողովուրդը կարճ հիշողություն ունի և շատ ներողամիտ է։ Ինաուգուրացիայիս մասնակցելուց հետո մի հատ բարևես, երկու հատ ժպտաս՝ կհավատան, որ ընդդիմություն ես, այն էլ՝ բարի ընդդիմություն։ Այնպես որ, հանգիստ կարող ես գալ Մարզահամերգային համալիրում կայանալիք միջոցառմանս։ Ի դեպ, կարգին ֆուռշետ է լինելու։ Եթե 2008–ի մարտի 1–ից հետո սև վադալազկա հագար ու եկար, ապա հիմա կարող ես վարդագույնը հագնել։ Գաղջ մթնոլորտը վերացնել է պետք, Րաֆֆի՛։

Ու վերջում անդրադառնամ քո հարցին: Դու հարցնում ես՝ ներքուստ համոզվա՞ծ եմ ես, որ հաղթել եմ (դու ասում ես, որ չես հաղթել, բայց ձերոնք էլ համոզված են, որ ես չեմ հաղթել): Պատասխանում եմ՝ միշտ եմ համոզված եղել. ամեն ինչում, ինչ արել եմ՝ մարտ կառավարելուց մինչև ընտրությունների կազմակերպում, հաճախորդ «երկխոսացնելուց» մինչև Գյուլի հետ ֆուտբոլի դիտում, Սե՛րժ Րաֆֆի՛: Համ էլ՝ եթե ես չեմ հաղթել, դու չես հաղթել, բա ո՞վ է հաղթել։ Տա՞տս։ Մի խոսքով, Րաֆֆի՛... 

Սպասում եմ։ Մնացած մանրամասները Միշիկն ու Տիկոն քեզ կփոխանցեն բերանացի։ Դե, Զորավարի հետ էլ «զատո» ուղիղ կապի մեջ ես։ Լավ մնա, Րաֆֆի՛։ «Զադնի» չդնե՛ս։ ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի վրա «պոլնի պեռյոդ» արա։

Արմինեին բարևներ տիկին Սարգսյանից։

Փոխանցիր խնդրում եմ հարգանքներիս հավաստիքը հայրիկին, ու թող գարնան արագիլի ձեր հպարտ ուղերձը կանգնեցնի մեզ սխալ ճանապարհ ընտրելիս:

Ընդմիշտ քո՝ Սերժ Թանգյան Սարգսյան։  

. . .

Թե որքանով է մեր ձեռքի տակ հայտնված այս նամակի բովանդակությունը համապատասխանում իրականությանը, կարող եք ինքներդ դատել՝ սթափ գլխով հետևելով քաղաքական իրադարձություններին և Ազատության հրապարակաում տեղի ունեցող աննախադեպ առևտրին։

«7 օրի» հաճախորդների գրանցման և

վերլուծության ֆուտուրոլոգիական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը