Տնտեսական

12.11.2014 13:01


«Դեմ եմ»-ը պահանջում է լուծել համատեղությամբ աշխատող դասախոսների և գիտաշխատողների խնդիրը

«Դեմ եմ»-ը պահանջում է լուծել համատեղությամբ աշխատող դասախոսների և գիտաշխատողների խնդիրը

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը Ֆինանսների նախարարության դիմաց բողոքի գործողություն է իրականացնում։ Ակցիայի մասնակիցները պահանջում են լուծել համատեղությամբ աշխատող դասախոսների և գիտաշխատողների խնդիրը։

««Նպատակային պարտադիր սոցիալական վճարի» օրենքի ուժի մեջ մտնելու պահից պետական համակարգում աշխատող քաղաքացիներն՝ առանց կամաարտահայտման հնարավորության, ընդգրկվեցին կուտակային համակարգի մեջ։ Պարտադիր սոցիալական վճար կատարելու պարտականությունը տարածվեց նաև պետական և մասնավոր ոլորտներում համատեղությամբ աշխատողների վրա: Գիտության, կրթության ոլորտում աշխատող շատ երիտասարդ մասնագետներ համատեղությամբ աշխատում են նաև առաջատար մասնավոր ընկերություններում և, չցանկանալով պարտադրաբար ընդգրկվել կուտակային համակարգի մեջ, ստիպված դադարեցրին այդ ոլորտներում ծավալած իրենց գործունեությունը: Ավելի քան 30 դասախոս դուրս եկավ պետական բուհերից, երկու տասնյակ երիտասարդ գիտնական՝ Գիտությունների Ազգային Ակադեմիայից:

Խնդրի մասին բաց նամակով դասախոսները դիմեցին կառավարությանը, իսկ ԴԵՄ ԵՄ քաղաքացիական նախաձեռնությունն էլ իր հերթին դիմեց բուհերի ղեկավարներին: Դրանից հետո կրթության ոլորտի բազմաթիվ պաշտոնյաններ իրենց մտահոգությունը հայտնեցին, և վարչապետը սեպտեմբերի 4-ին հանձնարարեց Ֆինանսների նախարարությանը հնարավորինս սեղմ ժամկետում քննարկել բուհերի աշխատակիցների բարձրացրած խնդիրները և դրանք լուծելու ուղիներ առաջարկել:

Խնդիրը մինչև այժմ բաց է մնում և օրըստօրե ավելի հրատապ է դառնում այն պատճառով, որ այս խայտառակ օրենքի համաձայն, եթե մինչև դեկտեմբերի 25-ը մասնավոր ոլորտի աշխատողը չհրաժարվի պարտադիր սոցիալական վճարից, ապա այլևս չի կարող հրաժարվել: Արդյունքում՝ կրթության և գիտության ոլորտների համատեղությամբ աշխատող մասնագետներն, ովքեր դեռ դուրս չեն եկել աշխատանքից, ակնկալելով հարցի շուտափույթ լուծում, նույնպես մեծ հավանականությամբ կցանկանան հրաժարվել դրանից:

Բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր երկրում կրթության և գիտությանը նետված այս մարտահրավերի հարցով, ցանկանում են, որպեսզի բուհերում դասավանդեն երիտասարդ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչպես նաև գիտության ոլորտի երիտասարդացումը համարում են կարևոր խնդիր, «Դեմ եմ»-ը կոչ է անում միանալ բողոքի և պահանջի ցույցին»,-ասված է նախաձեռնության ֆեյսբուքյան հայտարարությունում:

Այս խորագրի վերջին նյութերը