Լրահոս

03.02.2016 14:55


ՀՀ ՏԿԱԻ նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

ՀՀ ՏԿԱԻ նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

Փետրվարի 3-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և ԻԻՀ դեսպանության խորհրդական Սոփանի Փարին: Շնորհավորելով պարոն Սաջադիին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Երիցյանը ներկայացրեց ՏԿԱԻՆ-ի ծառայություններն ու գործառույթները՝ նախանշելով այն բնագավառները, որոնցում նախարարությունը կարող է նպաստել հայ-իրանական համագործակցության խորացմանը: Նախարարը ներկայացրեց նաև իր այցը Իրաքի Հանրապետություն՝ նշելով, որ քննարկման փուլում է Իրաք-Իրան-Հայաստան ճանապարհի հարցը: Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշեց, որ նպատակ ունի խորացնել Հայաստանի և Իրանի համագործակցությունը բոլոր բնագավառներում: ՏԿԱԻՆ-ի հետ համատեղ աշխատանքների մասով քննարկվեց համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության, փրկարարաորոնողական աշխատանքների կազմակերպման և իրականացման, բնական և տեխնածին աղետների կանխման բնագավառում: Տարածքային կառավարման ոլորտում առանձին մարզերի և քաղաքների միջև համագործակցությունը խորացնելու նպատակով դեսպանը նախարար Երիցյանին խնդրեց ՏԿԱԻ նախարարության անունից հրավեր ուղարկել Իրանի Հանրապետության Իսպահանի, Հորմոզգանի, Գիլանի նահանգապետերին և Թեհրանի մարզպետին: Այցի նպատակն է խորացնել Իրանի և Հայաստանի մարզերի համագործակցությունը գյուղատնտեսության և հատկապես ձկնաբուծության ոլորտում:

Կարևորելով երկու երկրների միջև մերձեցումը նաև մարզային մակարդակով՝ նախարար Երիցյանը հանձնարարեց պատրաստել համապատասխան հրավերները՝ հավաստիացնելով դեսպանին, որ ՏԿԱԻ նախարարությունն իր գործառույթների ոլորտում կանի ամեն ինչ հայ-իրանական համագործակցությունը խորացնելու և որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու համար: Հանդիպման ավարտին նախարար Երիցյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստի հնարավորությունները:

Այս խորագրի վերջին նյութերը