Լրահոս

07.02.2016 11:40


Հայ առաքելական եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանը

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանը

Այսօր` փետրվարի 7-ին, նշվում է Բուն Բարեկենդանի տոնը: Բարեկենդանը շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրն է: Նշվում է Սուրբ Հարության` Զատկի տոնից 49 օր առաջ. այն շարժական տոն է։

Բուն Բարեկենդանի հաջորդ օրվանից սկսվում է Մեծ պահքի 40-օրյա շրջանը, որը կշարունակվի մինչև Սբ. Զատիկ: Բուն Բարեկենդանը հիշատակն է մարդկային առաջին երջանկության` Ադամի ու Եվայի դրախտային կյանքի։

Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատկի տոնը:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է:

Իբրև ժողովրդական տոնախմբություն՝ Բուն Բարեկենդանը պարունակում է հեթանոսական շրջանից ավանդված տարրեր՝ խնջույք, խաղեր՝ ձիարշավ, սրախաղ, դիմակավորում՝ տարբեր կենդանիների դիմակներով (ըստ հեթանոսական հավատալիքի՝ դիմակ հագած մարդը լցվում է տվյալ՝ սրբազան համարվող կենդանուն հատուկ գերբնական զորությամբ):

Հայկական տարբեր գավառներում այն նշվել է որպես ժողովրդական թատերականացված հանդիսություն, կերուխումի և ծիծաղի օր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը