Լրահոս

16.02.2016 16:44


Բացահայտվել է անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ Ստեփանավանում տեղի ունեցած ավազակային հարձակումը

Բացահայտվել է անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ Ստեփանավանում տեղի ունեցած ավազակային հարձակումը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2014 թվականի մարտին Ստեփանավանում տեղի ունեցած ավազակային հարձակումը։

2014 թվականի մարտի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Ստեփանավանում ավազակային հարձակման էր ենթարկվել անհատ ձեռնարկատեր Բ.Սաքուլյանը. առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ատրճանակով զինված, մուտք են գործել նրա կողմից շահագործվող առևտրի սրահ, հարձակվել վերջինիս վրա, վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերն ու ոտքերը, փակել բերանը,ապա հափշտակել առևտրի սրահում գտնվող ոսկյա, արծաթյա զարդերն ու դիմել փախուստի:

Նախնական քննության տվյալներով՝ տուժածին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 16,5 մլն դրամի նյութական վնաս։

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Լոռու մարզի երկու բնակիչներ։ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող մեկ այլ քրեական գործով պարզվել է, որ ավազակային հարձակմանը մասնակցած անձանցից մեկը կատարել է նաև մի շարք այլ գողություններ։ Նշված երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Լոռու բնակիչներ Տ.Յարատովին և Գ.Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակային հարձակում՝ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Գ.Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը