Լրահոս

16.02.2016 17:48


Հայ ծրագրավորողների բջջային նոր հավելվածը՝ դեղ օգտագործողների համար

Հայ ծրագրավորողների բջջային նոր հավելվածը՝ դեղ օգտագործողների համար

Դեղերի ոչ ճիշտ օգտագործումը կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ, ընդհուպ՝ հանգեցնել մահվան։ Եթե խախտվում է դեղերի օգտագործման ժամանակը, համակցությունը, քանակն ու դոզան, այն կարող է անդառնալի հետևանքներ թողնել հիվանդի առողջության վրա։

Սա մի խնդիր է, որի վրա քչերս ենք ուշադրություն դարձնում, սակայն, ըստ NPSF հետազոտության տվյալների, մարդկանց 42 տոկոսն իր կյանքի ընթացքում այս կամ այն կերպ բախվում է դեղերի սխալ օգտագործման խնդրին՝ խախտելով դրանց ընդունման ժամն ու կարգը։

Ի՞նչ անել այս խնդրից խուսափելու համար․ հայ ծրագրավորողները գտել են լուծումը՝ ստեղծելով բջջային հավելված, որը հիվանդին հիշեցնում է, թե ո՛ր դեղը երբ պիտի խմել ու ի՛նչ չափաբաժնով։

«Մեր թիմի կողմից առաջարկած լուծման անունը MEDAS է։ Այն ժամանակացույց կազմող խելացի օգնական է, որը պատշաճ կերպով հիվանդին կհիշեցնի ամեն ինչ՝ կապված դեղերի ճիշտ օգտագործման հետ»,- նշում է բջջային հավելվածը ստեղծող թիմի անդամ Մխիթար Մկրտչյանը՝ հավելելով, որ դեղերի ոչ ճիշտ օգտագործման դեպքերը հանդիպում են ոչ միայն բժշկական հիմնարկություններից դուրս (ծերանոցներ, մանկատներ, հասարակ քաղաքացիներ), այլև հենց բժշկական հաստատություններում։

«Բջջային այս հավելվածն անհրաժեշտ է նախ և առաջ բուժհաստատություններին, քանի որ այս հիմնարկություններում դեղ ընդունելու գործընթացը հիմնականում վերահսկվում է միայն մեկ անձի՝ ավագ բուժքրոջ կողմից, անկախ հիվանդների քանակից: Բժիշկների առավոտյան շրջայցի ժամանակ, ավագ բուժքույրն է գրում ցուցումները, թե ինչ դեղ է պետք ավելացնել կամ հանել բուժման կուրսից: Նմանատիպ աշխատանքում առկա է մարդկային գործոնը և սխալի արժեքը մեծ է: MEDAS-ի օգնությամբ բուժաշխատողը կարող է ստեղծել միանգամից մի քանի օգտագործողի պրոֆիլներ, նրանց ինդիվիդուալ տվյալներով և ստանալ հիշեցում ամեն մի օգտագործողի համար»,-ասում է Մխիթարը։

Այս խորագրի վերջին նյութերը