Լրահոս

19.02.2016 19:15


Համագործակցության հուշագիր Իտալիայի «Ջեմելի» հիվանդանոցի հետ

Համագործակցության հուշագիր Իտալիայի «Ջեմելի» հիվանդանոցի հետ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Իտալիայի « Ա. Ջեմելի» համալսարանական հիվանդանոց հիմնադրամի նախագահ, Սակրո Կուորե կաթոլիկ համալսարանի բժշկության ֆակուլտետի դեկան Ռոկո Բելլանտոնեյի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է բարեկամ Իտալիայի կառավարության հետ առողջապահության ոլորտում համագործակցության ամրապնդման գործում:

Նրա խոսքով` ընդունելով բնակչության առողջության պահպանման և բարելավման հիմնարար նշանակությունը ցանկացած պետության համար, ՀՀ առողջապահության նախարարությունը ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, որը կնպաստի երկրի առողջապահության բնագավառի զարգացմանը, առկա մարտահրավերների հաղթահարմանը:

Նախարարը հույս հայտնեց, որ մեր երկրի առողջապահական համակարգին ծանոթանալով` Իտալիայից ժամանած պատվիրակությունը նույնպես հետաքրքրված կլինի առողջապահության և բժշկագիտության մի շարք ոլորտներում հայ մասնագետների առաջատար փորձով:

Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև Հայաստանի առողջապահական համագարկում իրականացվող բափեփոխումներին, կադրային քաղաքականությանը, իրավական դաշտին և ֆինանսական արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցերի:

Խոսելով առողջապահության զարգացման մասին` նա տարբեր ոլորտներում վերջին երկու տասնամյակում մեծապես կարևորեց Սփյուռքում բնակվող հայ անվանի բժիշկների անգնահատելի ներդրումը:

Ռոկո Բելլանտոնեն ևս նշեց, որ ոչ միայն իր ղեկավարած բժշկական հաստատությունը, այլև Իտալիայի առողջապահության նախարարությունը շահագրգրված է առողջապահության ոլորտում խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության և Հռոմի «Ջեմելի» համալսարանական հիվանդանոցի հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակում համագործակցություն կծավալվի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Կողմերը նշեցին, որ մշտապես կարևորում են համագործակցության նոր հնարավորությունները և հուշագրի ստորագրումը լավ ու հեռանկարային խթան կարող է լինել առողջապահական համակարգերի միջև համագործակցության հետագա զարգացման համար: Հատկապես դրական է այն հանգամանքը, որ այսպիսով ստեղծվում է Հայաստանի և Իտալիայի բժիշկների միջև մասնագիտական վերապատրաստումների, շարունակական բժշկական զարգացման, գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակման հնարավորություն:

Պաշտոնական այցի շրջանակում Իտալիայից ժամանած պատվիրակությունը այցելություններ կունենա նաև մայրաքաղաքի մի քանի բժշկական կենտրոններ, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարան:

Նշենք, որ «Ա. Ջեմելլի» համալսարանական հիվանդանոց հիմնադրամ-Սակրո Կուորե Կաթոլիկ համալսարանը միջազգայնորեն ճանաչված է որպես գերազանցության կենտրոն և համագործակցության փորձ ունի առավել քան քառասուն երկրների հետ։

ՀՀ ԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը