Լրահոս

08.10.2010 17:43


Ինչքանո՞վ են ՀՀ ֆինանսների նախարարի ունեցած տվյալները համապատասխանում իրականությանը

Հոկտեմբերի այս օրերին նշում են ուսուցչի մասնագիտական տոնը, և այս օրերին  խոսում ու կարևորում են մանկավարժի դերը առողջ ու քաղաքակիրթ հասարակության ձևավորման գործում: Այս առումով հատկապես նշվում է, որ մանկավարժը պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա: 2011թ. բյուջեով առաջարկվում է ուսուցչի աշխատավարձը 11%-ով բարձրացնել: Օրերս ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հպարատացել էր, թե ուսուցիչներն առանց այն էլ բավական լավ են վճարվում' մոտավորապես 120 հազ. դրամի չափով:   Թե ինչքանով են նախարարի ունեցած տվյալները համապատասխանում իրականությանը, դժվար է ասել, քանի որ Շիրակի մարզի դպրոցներում շատ քիչ ուսուցիչներ կան, ովքեր 100 հազ. և ավելի աշխատավարձ են ստանում:

Մարզի դպրոցներում նախարարի նշած չափով աշխատավարձ են ստանում այն ուսուցիչները, ովքեր աշխատում են համապատասխան թվով աշակերտ ունեցող դպրոցներում և ունեն մեկ դրույքաչափ, դասղեկություն, գրավոր աշխատանքներ հանձնարարելու լիազորություն և այլն: Իսկ ինչպես հայտնի է, մարզի դպրոցները հիմնականում թերբեռնված են, ուսուցիչների թվաքանակն էլ մեծ է, ուստի անհրաժեշտ է այնպես կազմակերպել, որ բոլորին էլ ինչ-որ աշխատավարձ հասնի, բնականաբար՝ ոչ 120 հազ. դրամի չափով:

Օրինակ Գյումրու թիվ 30 դպրոցի տնօրեն Լենդրուշ Մանուկյանն ասում է, որ իրենց դպրոցում 120 հազ. դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ չկա.

«Ուսուցիչ ունենք, որ 30 հազ. դրամ է վճարվում՝ նվազագույն աշխատավարձի չափով։ Ասենք՝ հայ եկեղեցու պատմության ուսուցիչը. ամբողջ դպրոցում այդ առարկան կազմում է 5 ժամ, նրան որտեղի՞ց 120 հազ. դրամ աշխատավարձ տաս: Մենք դպրոցում չունենք ուսուցիչ, որի հաշվարկային աշխատավարձը կազմի 120 հազ. դրամ: Ինչո՞ւ. որովհետև ինքը էդքան չունի: Մեկը ունի մեկ դրույք դասաժամ, նորմալ ծանրաբեռնվածություն է: Մեզ մոտ աշակերտների թվաքանակից և ֆինանսական հնարավորություններից ելնելով՝ մեկ դրույքաչափը կազմում է 85 հազ. դրամ, իսկ հաշվարկային աշխատավարձը՝ 91 հազար դրամ»,-ասել է Լենդրուշ Մանուկյանը:

Գրեթե նույն կարծիքին է Գյումրու թիվ 29 դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանը. «Վճարման հարցում կարևոր է աշակերտների թիվը, դրան  ուղիղ համեմատականով էլ ձևավորվում է դպրոցի բյուջեն։ Հաշվի է առնված անգամ դասարանների խտությունը, որ շատ դասարաններ չբացենք»։

29-րդ դպրոցի տնօրենը ենթադրում է, որ 120 հազ. ասածը գոյություն չունի մեր և շատ դպրոցներում։

«Այդ հայտարարությունը, թե ուսուցիչը վճարվում է 120 հազ. և ավելի, վերաբերում է նրան, որ եթե դպրոցն ունի այդ հնարավորությունը և բավարար թվով աշակերտներ, ուսուցիչները բավարարված են դրույքներով, ապա այդ դեպքում այդքան աշխատավարձ կարող են ստանալ: Մենք դպրոցում ունենք մեկ-երկու ուսուցիչ, որ լրիվ դրույքով են վարձատրվում: Մեր դպրոցի պայմանները հնարավորություն չեն տվել, որ մեկ դրույքը 110 հազ. դրամ սահմանվի, բայց մաքսիմալ չափով կարողացել ենք ապահովել՝ դրույքը 96-97 հազ. դրամի չափով»,-պարզաբանել է Գայանե Բիչախչյանը:

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկապես Շիրակի մարզը ժողովրդագրական սուր խնդիր ունի, և աշակերտների թիվը տարեցտարի նվազում է, հետևաբար ուսուցչի 120 հազ. դրամ աշխատավարձ, գոնե այս մարզում, խիստ անիրատեսական է:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը