Լրահոս

22.02.2016 21:00


«Ծխելու տեսարանները ֆիլմերում պետք է սահմանափակվեն». ԱՀԿ

«Ծխելու տեսարանները ֆիլմերում պետք է սահմանափակվեն». ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է «Ֆիլմերն առանց ծխախոտի ծխի. ապացույցներից անցում գործողությունների» զեկույցը, որում կոչ է արվում անդամ բոլոր պետություններին սահմանափակել այն ֆիլմերի ցուցադրությունները, որտեղ առկա են ծխախոտ ծխելու տեսարաններ` փորձելով պաշտպանել երեխաներին և դեռահասներին ծխելու և ծխախոտի այլ ձևերի օգտագործման նկատմամբ հակումից:

Զեկույցի համաձայն` ֆիլմերը, որոնք պարունակում են ծխելու կամ ծխախոտային արտադրանքի օգտագործման դրվագներ, դրդում են միլիոնավոր երիտասարդների ամբողջ աշխարհում սկսել ծխել: ԱՀԿ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման վարչության ղեկավար Դուգլաս Բեթչերը նշում է. «Ծխախոտային արտադրանքի գովազդի սահմանափակման պայմաններում ֆիլմերը մնում են դրանց արդյունավետ գովազդի ուղիներից մեկը, որը չի ենթարկվում ոչ մի սահմանափակման»:

ԱՀԿ առաջարկությունների համաձայն` կոնկրետ միջոցառումների ներդրումը, ներառյալ ծխելու տեսարանների սահմանափակումը և ծխելու տեսարաններ պարունակող ֆիլմերի ցուցադրությունից առաջ ծխախոտի վտանգների մասին նախազգուշացնող տեսանյութերի ցուցադրությունը կարող են երեխաներին զերծ պահել ծխախոտային արտադրանքի օգտագործումից` հետևաբար և դրանից բխող առողջությանը վնաս պատճառող բացասական հետևանքներից:

«Ֆիլմերում ծխելու տեսարանները կարող են համարվել ծխախոտային արտադրանքի բավականին ուժեղ գովազդ: Միջազգային օրենսդրությունը ԱՀԿ «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» 180 անդամ երկրներից պահանջում է արգելել ծխախոտի վաճառքը խթանող գովազդը».- նշում է Դուգլաս Բեթչերը:

Ֆիլմերը դրդում են միլիոնավոր երիտասարդների ծխախոտ օգտագործել

ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխախոտ օգտագործող երիտասարդների 37%-ն առաջին անգամ սկսել է ծխել ֆիլմերում ծխելու դրվագներ պարունակող տեսարանների ազդեցության ներքո: ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի 2014 թվականի տվյալներով` միայն ԱՄՆ-ում այդ տարի ֆիլմերի ազդեցության տակ սկսել է ծխել ավելի քան 6 մլն դեռահաս, որոնցից 2 մլն հետագայում կարող է մահանալ ծխելու հետևանքով առաջացող հիվանդություններից: 2014 թվականին ծխելու դրվագներ են պարունակել հոլիվուդյան ֆիլմերի 44%-ը, իսկ երեխաների համար թույլատրված ֆիլմերի 36%-ը: 2002-2014թթ. ընթացքում նկարահանված մեծ բյուջե ունեցող ֆիլմերի ավելի քան 2/3-ը (59%) պարունակում են ծխախոտի օգտագործման տեսարաններ:

ԱՀԿ «Ֆիլմերն առանց ծխախոտի ծխի» զեկույցը, հիմք ընդունելով ԱՀԿ «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» 13-րդ հոդվածը, առաջարկում է միջոցառումների շարք, ներառյալ`

.ծխելու տեսարաններ պարունակող ֆիլմերի ցուցադրության տարիքային սահմանափակման պահանջների ներդրում,

.ֆիլմի տիտրերում հաստատում այն մասին, որ ֆիլմ արտադրողները չեն ստացել ոչ մի պարգևատրում ծխախոտային արտադրանքի ցուցադրության համար,

.ֆիլմերում ծխախոտային արտադրանքի պիտակների ցուցադրության արգելքի սահմանում,

.ծխախոտային արտադրանքի տեսարաններ պարունակող ֆիլմերի ցուցադրությունից առաջ հակածխախոտային գովազդային տեսանյութերի ցուցադրության պահանջի ներդրում:

Ծխելու տեսարանները շատ են մեր հեռուստասերիալներում

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս իր մտահոգությունն է հայտնում հայկական հեռուստաալիքներով ծխախոտ ծխելու տեսարաններով ֆիլմերի ցուցադրության կապակցությամբ։ Հորդորում ենք հեռուստաալիքների ղեկավարներին` նախկինում նկարահանված այն կինոնակարների ցուցադրությունից առաջ, որոնցում կան նման տեսարաններ, ներդնել հակածխախոտային գովազդային տեսանյութ կամ զգուշացում։ Մեր երկիրը 2004 թվականին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային», ինչը մեր առջև որոշակի պարտավորություններ է դնում։ Այսօր ցանկացած քաղաքացու պետք է որ մտահոգի այն հանգամանքը, որ Հայաստանը մնում է շատ ծխող երկրներից մեկը։ Բավական է ասել, որ ընդհանուր մահացության գրեթե կեսը մեզանում պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով և ևս 20 տոկոսը` չարորակ նորագոյացություններով, որոնց առաջացման հիմնական պատճառներից մեկը ծխելն է։ Հաշվի առնելով այս հանգամանքը, հորդորում ենք հայկական հեռուստասերիալներ նկարահանող ստեղծագործական խմբերին` զերծ մնալ ծխախոտ ծխելու տեսարաններից։ Հաշվի առեք, որ դրանով շատ երեխաների և դեռահասների կարող եք ետ պահել ծխելուց և դրանից բխող հիվանդություններից։

ՀՀ ԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը