Լրահոս

26.02.2016 18:15


ՀՀ–ն մաքսային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել ՄԱԿ–ի հետ

ՀՀ–ն մաքսային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել ՄԱԿ–ի հետ

Սույն թվականի փետրվարի 26-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև ստորագրվել է Մաքսային ռեժիմի դյուրացման վերաբերյալ երկկողմ համաձայնագիր, որը կնպաստի մարդասիրական օգնության ապրանքների և օգնություն տրամադրող անձնակազմի ունեցվածքի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման գործընթացի արագացմանն աղետների ժամանակ և արտակարգ իրավիճակներում: Սա նորարարական նախաձեռնություն է տարածաշրջանում և պատրաստվածության ամրապնդմանն ուղղված կարևորագույն քայլ է:

Հայաստանի խոցելիությունը բնական աղետների նկատմամբ ՀՀ կառավարությանը դրդել է խթանել միջազգային օգնության արագ ընդունումը արտակարգ իրավիճակներում` նվազեցնելով մաքսային ընթացակարգերի հետ կապված խոչընդոտները: ՄԱԿ-ի և ՀՀ կառավարության միջև պայմանագրի շուրջ բանակցությունները սկսվել են դեռևս 2013 թվականից: Մինչ օրս նման համաձայնագրեր ստորագրվել են Բելառուսի, Բութանի, Դոմինիկյան Հանրապետության, Հոնդուրասի, Լիբերիայի, Մալիի, Մոլդովայի, Նեպալի և Ուզբեկստանի կառավարությունների հետ:

ՄԱԿ-ի և նրա անդամ-պետությունների միջև մաքսային ոլորտի համաձայնագրի այս մոդելով, որ մշակվել է 1994 թ. ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի կողմից և հաստատվել Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից 1996թ., առաջարկվում է իրականացնել միջոցառումներ` արագացնելու մաքսազերծման ընթացակարգերը, ներառյալ` փաստաթղթավորման և ստուգման պարզեցված գործընթացները, ներմուծվող ապրանքների նկատմամբ տուրքերի և հարկերի ժամանակավոր կամ մշտական չկիրառումը, ինչպես նաև մաքսազերծման նախապատրաստական աշխատանքների պաշտոնապես սահմանված աշխատանքային ժամերից և վայրերից դուրս իրականացումը:

Այսօր ստորագրված համաձայնագիրը կխթանի աղետի ժամանակ արտաքին օժանդակության նպատակով տուժած երկիր մարդասիրական օգնության ապրանքների, այդ թվում որոնման և փրկարարական թիմերի, որոնողական շներով հագեցված խմբերի ու շարժական կլինիկաների արտակարգ կապի բարձր տեխնոլոգիաների սարքավորումների և շտապ օգնության այլ պարագաների արագ ներկրման, արտահանման և տարանցման գործընթացները:

Նման համաձայնագրերը երկրի իշխանությունների կողմից տրամադրվող կարևորագույն տեղեկատվության հետ մեկտեղ հնարավորություն են տալիս ՄԱԿ-ի գործակալություններին, միջկառավարական, պետական և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև մարդասիրական ոլորտի այլ դերակատարներին կապվել համապատասխան ազգային մաքսային մարմինների հետ մարդասիրական օգնության ապրանքների արագ ներկրման համար, ինչը կծառայի մարդկային կյանքեր փրկելու ու տուժածների տառապանքը մեղմելու նպատակին:

**********
ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (UN OCHA) ստեղծվել է 1991թ.` արտակարգ իրավիճակներին և բնական աղետներին համապարփակ արձագանքման ՄԱԿ-ի համակարգի հզորացման նպատակով: Գրասենյակի հիմնական առաքելությունն է. արտակարգ իրավիճակների ժամանակ ազգային և միջազգային ներկայացուցիչների միջոցով մարդասիրական գործողությունների համատեղ, արդյունավետ համակարգում և իրականացում, կարիքավոր մարդկանց իրավունքների պաշտպանություն, աղետներին պատրաստվածության և կանխարգելման նպաստում:

ՄԱԿ հայաստանյան գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը