Լրահոս

29.02.2016 14:10


Սպանության փորձ 25-ամյա երիտասարդի նկատմամբ. հարուցվել է քրեական գործ

Սպանության փորձ 25-ամյա երիտասարդի նկատմամբ. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 25-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

2016թ. փետրվարի 29-ին՝ ժամը 01.15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «երկու ձեռքի, երկու ոտքի, կրծքավանդակի աջ թուլակողի» բազմաթիվ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1991թ. ծնված, Երևան քաղաքի բնակիչ Ա.Գևորգյանը:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որտեղ երիտասարդին պատճառվել են հրազենային վնասվածքները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 7 պարկուճ, արնանման հետքեր։

Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը