Լրահոս

01.03.2016 17:35


Հանդիպել են ՀՀ, ՌԴ, Իրանի, Բելառուսի, Ղազախստանի և Վրաստանի առողջապահության նախարարները (տեսանյութ)

Հանդիպել են ՀՀ, ՌԴ, Իրանի, Բելառուսի, Ղազախստանի և Վրաստանի առողջապահության նախարարները (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը, Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարը, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարը, Ղազախստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարը, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարը և Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանդիպեցին Երևանում 2016թ. մարտի 1-ին «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական խորհրդակցությանը:

Նախարարները,

ընդունելով այն, որ հանրային առողջությունն ազգային անվտանգության հիմնական գործոնն է, պետության սոցիալ-տնտեսական քաղաքականության ու հանրային արդյունավետ գործունեության հիմնական չափանիշը,

ընդունելով այն, որ երկրները առողջապահական բազմաթիվ և բազմակողմանի մարտահրավերների հետ են բախվում բավականին դինամիկ սոցիալ-տնտեսական ու աշխարհաքաղաքական համատեքստում,

հաստատելով այն, որ բնակչության առողջության մակարդակների միջև տարբերությունը երկրների ներսում և երկրների միջև պայմանավորված են բազմաթիվ հանգամանքներով` ներառյալ սոցիալ- տնտեսական և բնապահպանական գործոնները, ապրելակերպը և վարքագիծը, ինչպես նաև երկրների առողջապահական համակարգերի` հանրային առողջապահական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները,

հաստատելով այն, որ առկա մարտահրավերների հաղթահարման, առողջության բարելավման և, այդպիսով` առողջության մակարդակների անհավասարությունը կրճատելու գործում կարևորագույն դերակատարություն է հատկացվում հանրային առողջապահության ներուժի և ծառայությունների կատարելագործմանը,

վերահաստատելով միջտարածաշրջանային, միջպետական և միջսեկտորային մակարդակներում համագործակցության անհրաժեշտությունը` առկա մարտահրավերներն արդյունավետորեն հաղթահարելու նպատակով, համաձայնվեցին`

1. փոխանակել վարքագծային հիմնական ռիսկի գործոնների դեմ (ծխախոտ, ալկոհոլի չարաշահում, ոչ ռացիոնալ սնուցում, ֆիզիկական ցածր ակտիվություն) ուղղված առողջության ամրապնդման և հիվանդությունների կանխարգելման ծրագրերի մշակման և իրականացման լավագույն փորձը,

2. բարձրացնել միջսեկտորային և բազմակողմանի համագործակցության մակարդակն առողջության համար վնասակար գործոնների նկատմամբ վերահսկողության սահմանման ռազմավարությունների մշակման գործում (աղի, շաքարի և տրանս-ճարպերի օգտագործման կարգավորում և սննդամթերքի հարստացում, տրանսպորտ ու ճանապարհային երթևեկության անվտանգություն, առողջություն և անվտանգություն աշխատավայրում և այլն),

3. փոխանակել հանրային առողջապահության հիմնական ծառայությունների արդյունավետության գնահատման, հանրային առողջապահության որակի գնահատման նորմատիվային բազայի ստեղծման, գիտականորեն հիմնավորված որոշումների ընդունման ժամանակակից մեթոդների ներդրման լավագույն փորձը,

4. ամրապնդել առկա և ստեղծել նոր հնարավորություններ մասնակից երկրների միջև հանրային առողջապահության ոլորտում երկխոսության և հստակ համատեղ գործողությունների համար, ինչպես նաև նպաստել մեր երկրների միջև համագործակցության զարգացմանը` օգտագործելով մեր հնարավորությունները հանրային առողջապահության խնդիրների նկատմամբ հրավիրելու նաև այլ երկրների ուշադրությունը,

5. դիմել Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությանը (ԱՀԿ) խնդրանքով` օգտագործել ժամանակակից գործիքները մեր երկրների միջև հանրային առողջապահության ոլորտում համագործակցությանը միջտարածաշրջանային, միջպետական և միջսեկտորային մակարդակներում աջակցելու համար:

ՀՀ ԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը