Մեկնաբանություն

09.03.2016 11:07


Անորոշություն և անկայունություն – 2

Անորոշություն և անկայունություն – 2

«Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա առավել բաց, ճկուն և ներքուստ բարդ: ... Ապագա խորհրդարանում որևէ կուսակցության կամ անհատի տեղը այսօր երաշխավորված չէ»,– դիմելով հավաքվածներին, որոնց մեջ հիմնականում իր թիմակից կոչվածներն էին՝ ասաց Սերժ Սարգսյանը:

Հարկ է նկատել, որ Սարգսյանը տվյալ դեպքում ազնիվ և անկեղծ գնահատական է տվել, սակայն մի բան է «մոռացել» հատուկ շեշտել։ Չկա խոսք այն մասին, որ նոր Սահմանադրության պայմաններում քաղաքական համակարգը բարդ կդառնա նախ և առաջ անձամբ իր համար, ինչի արդյունքում էլ երաշխավորված չի լինի իր տեղը պետական կառավարման համակարգում։

Բանն այն է, որ խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում գերմենաշնորհային տնտեսաքաղաքական համակարգ (ինչին ձգտում է ՀՀԿ ղեկավարը) հնարավոր է ստեղծել ու մեկ անձի ձեռքում ամեն ինչ պահել միայն հանրային հենարան ունեցող հզոր ազգային առաջնորդի առկայության դեպքում։ Իսկ Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, այդպիսին չէ, քանզի չունի ազգային առաջնորդներին ներհատուկ հատկանիշներ։ Նա տապալվել է ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում և ունի լեգիտիմության կայուն դեֆիցիտ, ընդ որում՝ ոչ միայն հանրության մոտ, այլ նաև պետական ապարատում։

Խորհրդարանական համակարգում իշխանության պահպանման երեք մոդել կա՝ բռնապետական, ավտորիտար և ժողովրդավարական։

Նախորդ դարասկզբի բռնապետական ռեժիմները ֆորմալ առումով խորհրդարանական էին՝ մեկ կուսակցության գերիշխող դերով ու ազգային առաջնորդով։ Գերմանիայում կային Նացիոնալ–սոցիալիստական կուսակցություն և Հիտլեր, Իտալիայում՝ Ազգային–ֆաշիստական կուսակցություն և Մուսսոլինի, ԽՍՀՄ–ում՝ Կոմունիստական կուսակցություն և Լենին, ապա՝ Ստալին։

Նշված բռնապետերից յուրաքանչյուրը տվյալ ժամանակահատվածում որոշակի առաքելություն ուներ և հանդիսանում էր հանրային պահանջն իրականացնող առաջնորդ։ Ճիշտ է, դրանք մարդկության և կոնկրետ իրենց գլխավորած ազգերի գլխին պատուհաս դարձան, սակայն տվյալ փուլում պահանջված էին։ Սերժ Սարգսյանի դեպքում այս մոդելը բացառվում է մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Բացի այդ՝ Հայաստանը նման բռնապետություն պահելու ռեսուրս չունի։

Սերժ Սարգսյանի ղեկավարման պահանջը հանրության մոտ ո՛չ եղել է, ո՛չ կա և ոչ էլ կլինի։ Այդ մասին նա շատ լավ գիտի, բայց, ամեն դեպքում, փորձում է ազգային առաջնորդի կերպարի մեջ մտնել։ Սակայն որքան էլ «Գեբելսյան» քարոզչամեքենան ջանք թափի և փորձի նրա «փետրվարյան թեզիսներից» կառչելով՝ հեքիաթներ պատմել, միևնույն է, վերջին ութ տարվա ընթացքում տեղի ունեցածը մոռացության տալ հնարավոր չէ։

Եթե սկզբում Սարգսյանից դեռ ինչ–որ սպասելիքներ ունեցող փոքրաթիվ շերտեր կային հանրության մեջ, ապա այժմ բոլորն են հասկացել, որ անձնական խարիզմայից զուրկ Սարգսյանը ոչ մի պետական առաքելություն չունի։ Նրա համար իշխանություն պահելն ու իր նեղ շրջապատի բարգավաճումն ապահովելը դարձել են ինքնանպատակ՝ վերածվելով բիզնես նախագծի։ Իսկ դա նշանակում է, որ նրա համար, իրոք, բարդ շրջան է գալիս, քանզի նոր խաղի կանոնները նոր իրավիճակ են ստեղծելու՝ անկախ կադրային կամ այլ տիպի փոփոխություններից։

Սերժ Սարգսյանի համար գալիս են անորոշության ու անկայունության ժամանակներ։

Նա Հիտլեր չէ, Մուսսոլինի չէ, Ստալին չէ, որպեսզի կարողանա իր պատկերացրած իշխանությունն ունենալ։ Սարգսյանն անգամ ԵՏՄ–ական չափանիշներով ավտորիտար առաջնորդ չէ, քանզի և՛ Պուտինը, և՛ Նազարբաևը, և՛ Լուկաշենկոն ունեն հանրային հենարան ու լեգիտիմություն, ինչին հասել են որոշակի արդյունքներ ապահովելով։

Սարգսյանի ղեկավարման շրջանում միայն բացասական արդյունքներ են արձանագրվել, որոնցից ամենացայտունը երեք հարյուր հազարի հասնող արտագաղթողների թիվն է։

Մի խոսքով, Սարգսյանը ոչ մի մոդելի մեջ չի տեղավորվում։ Էլ չենք խոսում այն մասին, որ Սարգսյանն արևմտյան տիպի ժամանակակից առաջնորդ չէ։

Ասել է թե՝ ՀՀԿ ղեկավարը չունի այն հատկանիշները, որոնցով պետք է դառնա լեգիտիմ առաջնորդ և առանց լայն լիազորությունների՝ կարողանա իր ձեռքում պահել իշխանությունը։ Դա նշանակում է, որ նա պետք է փորձի գործընկերային կառավարում իրականացնել, ինչը նրա ոճը չէ, և օբյեկտիվ հանգամանքներն էլ այնպիսին են, որ ՀՀԿ ղեկավարը չի կարող ժողովրդավարական ու ժամանակակից խորհրդարանական կառավարում հանդուրժել, քանզի դրա արդյունքում ինքը պետական կառավարման համակարգում մեկ րոպե անգամ չի մնա։ Ու նա շատ լավ գիտի այդ մասին։

Սարգսյանն իրեն հարմարավետ է զգում «անգլուխ» ենթակաների, ինքնուրույնությունից զրկված «օլիգարխների» և «քաղաքական դիակի» վերածված հաճախորդների շրջապատում։ Նոր Սահմանադրությունը, սակայն, թույլ չի տալիս նման հարմարավետություն ունենալ։

Սարգսյանը վերացրեց նախագահի ինստիտուտը, քանզի տեսավ, որ նույնիսկ «էպոսագետին» է պարտվում, բայց հիմա նոր մարտահրավերի առաջ է կանգնած։ Նա հասկանում է, որ անգամ «անգլուխներն» ու «կենդանի դիակները» կարող են նոր համակարգի պայմաններում «խաղեր տալ»։ Էլ չասած ՀՀԿ–ի մասին։ Նրանք, ովքեր այսօր ծափահարում են Սերժ Սարգսյանին ու հավատարմության երդումներ տալիս, մոտ ապագայում առիթ են փնտրելու նրանից տարանջատվելու և ամեն ինչ հիշեցնելու համար։

Այժմ Սարգսյանն ունի նախագահական լիազորություններ և կարողանում է իրենից կախվածության մեջ պահել իշխանության տարբեր թևերին։ Սակայն 2017–ից ու հատկապես 2018–ից հետո նրա ձեռքից, պատկերավոր ասած, գրիչն ու «պեչատը» վայր են ընկնելու, և նա դառնալու է ընդամենը ՀՀԿ–ական, ում քաղաքական ապագան կախված է լինելու ՀՀԿ–ականներից ու քաղաքական դաշտի ընդհանուր տեսքից։ Իսկ այդ փոխդասավորությունը կարելի է այնպես սարքել, որ լայն համախմբման միջոցով տեղի ունենա թավշյա իշխանափոխություն։

Այս ամենը նշանակում է, որ պետք է լրջորեն պատրաստվել թե՛ նոր Ընտրական օրենսգրքի ընդունման աշխատանքներին ու ճնշել իշխանություններին՝ փորձելով առավելագույն զիջումներ կորզել, թե՛ 2017–ի ընտրական գործընթացին։

Պետք է մեկ բան հստակ արձանագրել՝ սահմանադրական կեղծված հանրաքվեով քաղաքական պայքարը ոչ թե ավարտվել է, այլ նոր բնույթ ու նոր թափ է ստացել։ Կա իրական հնարավորություն՝ դրական փոփոխությունների հասնելու համար։ Պետք է օգտագործել այդ հնարավորությունը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը