Մեկնաբանություն

14.03.2016 11:50


Վարդան Օսկանյանի նոր հայտի էությունը

Վարդան Օսկանյանի նոր հայտի էությունը

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի քաղաքական լռությունն ընդհատվեց Ընտրական նոր օրենսգրքի քննարկումներին ակտիվ ներգրավվելու և նոր կուսակցություն ստեղծելու մասին հայտարարությամբ:

Ակնհայտ է, որ սա սպասված հայտարարություն էր նախ և առաջ հանրության համար, քանզի լճացած, մարգինալացած ու քանդված վիճակում է գտնվում ամբողջ քաղաքական դաշտը՝ իշխանությունից մինչև ընդդիմություն, և կարիք կա նոր թարմ ուժի:

ՀՀԿ-ն ներսից բոլշևիկյան տարբերակով քանդում է Սերժ Սարգսյանը՝ հետագայում միահեծան իշխանություն ունենալու նպատակով, իսկ ընդդիմադիր դաշտն էլ այնքան լղոզված է, որ շարքային քաղաքացու համար դժվար է տարբերել թացը չորից:

Օսկանյանի հայտը դուրս է այս ամենից: Նոր ստեղծվելիք կուսակցությունը քաղաքականացնելու է ընտրական գործընթացը: Այո՛, թող զարմանալի չթվա նման ձևակերպումը, քանզի Բ26-ում փորձում են ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները դառնան ձևական և ոչ քաղաքական: Դա է պատճառը, որ քաղաքական դաշտի մի մասը ֆոտոսեսիայի ենթարկվեց, մյուս մասը՝ մարգինալացվեց, իսկ երրորդ մասը՝ գեղամյանական տարբերակով հաճախորդացվեց:

Նախկին արտգործնախարարի քաղաքական հայտարարությունները և մտադրությունները խառնում են քաղաքական դաշտի դասավորությունը, քանզի պայքարի մեջ է մտնում բոլոր առումներով ինքնաբավություն և ինքնուրույնություն ունեցող ուժ: Իսկ դա նշանակում է, որ 2017-ին հնարավորություն է ստեղծվում հանրային մոբիլիզացիայի և քաղաքական համախմբման միջոցով հասնելու արմատական ու դրական փոփոխությունների:

Ուշագրավն այն է, որ Օսկանյանը չի բացառում որևէ ուժի հետ գործակցությունն ընդհանուր նպատակի շուրջ: Իսկ ընդհանուր նպատակն այսօր հստակ է՝ թույլ չտալ ներկայումս վարվող ներքին ու արտաքին քաղաքականության վերարտադրություն: Ընդ որում՝ այդ նպատակին հասնելու կողմնակիցները շատ են հենց իշխանական համակարգում:

Բոլորն էլ հասկանում են, որ քաղաքական գերմենաշնորհային համակարգի դեպքում ստեղծվելու է «Մեկ օլիգարխի տնտեսություն», որի պայմաններում է՛լ ավելի է վատանալու բիզնես միջավայրը, մեծանալու է կապիտալի փախուստը, աճելու է աղքատությունը, և ավելանալու է արտագաղթը: Միջազգային ասպարեզում էլ Հայաստանը շարունակելու է սուբյեկտից օբյեկտի վերածման ուղղությունը, որի ցայտուն ապացույցը Սերժ Սարգսյանի արևելյան ոճի «շնորհակալություններն» են Վլադիմիր Վլադիմիրովիչին:

Եթե այս ամենը մնա ու դեռ մի բան էլ խորանա, ապա Հայաստանը կհայտնվի պարտքային փոսում, և կթուլանա մեր անվտանգության ու պաշտպանական համակարգը:

Այսօր և՛ հանրային լայն շրջանակները, և՛ իշխանության մեջ առկա առանձին սուբյեկտները, և՛ քաղաքական դաշտի առողջ ուժերը հասկանում են, որ այսպես շարունակել հնարավոր չէ, և պետք է փոխել իրավիճակը: Օսկանյանի հայտը հենց այդ փոփոխության կյանքի կոչմանն է միտված:

Սարգսյանին թվում է, թե նախորդ տարվա փետրվարյան հակասահմանադրական գործիքների կիրառման և դեկտեմբերի 6-ի «սահմանադրական» հեղաշրջման միջոցով ինքն իր ուզածին հասել է, սակայն կան ուժեր և մարդիկ, ովքեր համաձայն չեն իրերի այս դրության հետ և իրենց անելիքն ունեն: Օսկանյանն իր հայտով ասում է՝ համաձայն չեմ, և պետք է փոխել այս պատկերը:

Դժվար չէ կռահել, թե ինչ թիմով ու ինչ գաղափարներով է նոր կուսակցությունը մտնելու պայքարի մեջ:

Դժվար չէ նաև հասկանալ, որ այդ թիմն իր գաղափարներն ու ծրագրերը կյանքի կոչելու համար հետևողական ու կազմակերպված ձևով կռիվ է տալու՝ համագործակցության ձեռք մեկնելով բոլոր այն սուբյեկտներին, ովքեր ձգտում են իրական փոփոխությունների:

Օսկանյանի քաղաքական հայտը հենց դրանով է հետաքրքիր, քանզի նա ոչ թե որպես անհատ է մտնում քաղաքական գործընթացների մեջ, այլ որպես թիմի ու գաղափարների ներկայացուցիչ:

Սերժ Սարգսյանը մշտապես ձգտել է քաղաքական պայքարը տեղափոխել կուլիսներ և, այսպես ասած, ապաքաղաքականացնել, քանզի նա իրեն այդ առումով է ուժեղ զգում: ՀՀԿ ղեկավարին, հետևաբար, պետք է բերել հրապարակային քաղաքական դաշտ և պարտադրել խաղի քաղաքական կանոններ: Նա այդ դաշտում շա՜տ թույլ է՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը