Լրահոս

11.10.2010 17:01


Հավաք-պարապմունքներ ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Ս.թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկեցին պաշտպանական հարցերի վերաբերյալ մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ, որոնց մասնակցում են ՀՀ պետական կառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ: Պարապմունքների ընթացքում նախատեսված են ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան սպաների կողմից դասախոսությունների, ինչպես նաև կրակային պատրաստության վարժանքի անցկացում:

Հավաք-պարապմունքները բացեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը' հանդես գալով պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ դասախոսությամբ: Ներկայացնելով պաշտպանական բարեփոխումների ուղղությունները, ընթացքը և հետագա աշխատանքները' Սեյրան Օհանյանը նշեց, որ բարեփոխումների արդյունքում ակնկալվում է ունենալ մարտական բարձր պատրաստականությամբ օժտված զինված ուժեր, որոնք ռազմավարական զսպման համակարգի շնորհիվ կարող են հակառակորդին ստիպել զերծ մնալ ռազմական գործողություններ սկսելու արկածախնդրությունից:  

Կարևորելով պաշտպանական հարցերի շուրջ միասնական մոտեցումների անհրաժեշտությունը, Սեյրան Օհանյանը նշեց, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար 2009 թվականից ի վեր կազմակերպվող ամենամյա դասախոսությունները նպատակ ունեն ամրապնդել ռազմական անվտանգության ապահովման համակարգում պետական բոլոր կառույցների սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների մոտ բարձրացնել ռազմական անվտանգության ապահովման հարցում սեփական պարտականությունների ու իրավասությունների վերաբերյալ իրազեկության մակարդակը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը